«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկից երկու օր առաջ չեղյալ է հայտարարել «Հայեր. Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագիրը, բացատրելով, որ «ստիպված է դա արել»:
Այդ ծրագրում ավանդապես ներկայացվել են ֆիլմեր, որոնք որոշակի հայկական մասնակցություն, թեմատիկա կամ արտադրություն ունեն, բայց նախընտրական փուլում չեն ընդգրկվել հիմնական «Հայկական համայնապատկեր» մրցույթում: Բավականին համեստ դիտելիություն ունեցող այս ծրագիրը առիթ էր հեղինակների համար ընդգրկվելու ցուցադրությունների շարանում, իսկ հանդիսատեսին՝ ընդհանուր պատկերացում կազմելու, թե ինչպիսի ֆիլմեր են ամեն տարի համալրում հայկական կինոհայացքի պահոցը:
Հայաստանի Կինոգործիչների միությունը հրաժարվել է իր ենթակայության տակ գտնվող Հենրիկ Մալյանի անվան թատրոն-ստուդիայում ցույց տալ ծրագրում ընդգրկված 37 ֆիլմերից երկուսը, պատճառաբանելով իր մերժումը վերացական հասարակական բողոքով ու վեհ ազգայնական բարոյակությամբ:
Խոսքը իրանցի Փուրիա Հեյդարի Ուրեի «Ծիրանի այգիները» խաղարկային ֆիլմի և Գագիկ Ղազարէի «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմի մասին է:
Երկու ֆիլմերում էլ կա անդրադարձ ոչ ավանդական սեռական կողմորոշում ունեցող անձանց ու ԼԳԲՏ համայնքի խնդիրներին: Առաջին ֆիլմում դա ներկայացված է գեղարվեստականորեն քողարկված, իսկ երկրորդում՝ որպես փաստ, քանի որ ֆիլմի հերոսները սեռական խտրականություն վերապրած ու դրա մասին բարձաձայնող իրական մարդիկ են:
Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի մահից հետո (ում հետ բանավոր պայմանավորվածություն ուներ «Ոսկե ծիրանը») միությունը բավականին խառը վիճակում է, ենթադրվում է, որ հիմա նախագահի աթոռը զբաղեցնելու համար պայքար է մղվում, և մինչ այդ պայքարը դեռ չի ձևակերպվել, կազմը որոշել է, որ ժամանակն է մտածել «քրիստոնեությունը առաջինը ընդունած» հայաստանցիների բարոյական կերպարի մասին ու արգելել «այլասերվածությանը վերաբերող ֆիլմերը»:
Համենայնդեպս, միության մերժումը ուղորդվում է այսպիսի կոչերով.
«Սա այլասերվածության քարոզչություն է, քանի որ դրանով փորձ է արվում հասարակության, բոլոր բարոյական մարդկանց համար անընկալելի, անընդունելի, մերժելի այլասերվածությունը դարձնել սովորական, ընկալելի, ընդունելի»:
Իհարկե, նման նամակ-կոչերի հեղինակի մտքով անգամ չի անցնի, որ եթե, օրինակ, ֆիլմը պատերազմի մասին է, դա չի նշանակում, որ ֆիլմում պատերազմի քարոզ է արվում: Կամ եթե ֆիլմի հերոսը կաշառակեր է, ուրեմն քարոզվում է կաշառակերությունը:
Բայց դա էական չէ, քանի որ հասարակական նամակ-բողոքները որպես կանոն լինում են սուր ընդգծված անգիտակցական մակերեսում ու սովորաբար խոսում են ազգի կամ Աստծո անունից: Եվ երբեք ոչ մարդու անձնական դիրքերից:
Միությունը «Ոսկե ծիրանին» առաջարկել է վերականգնել ցուցադրությունները, եթե այդ երկու ֆիլմերը հանվեն ցանկից: Իսկ փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը որոշել է չեղարկել ողջ ծրագիրը, բայց չհրաժարվել արդեն իսկ ամբողջական ծրագրի մասնատումից, բացատրելով իր քայլն այսպես: «14 տարի մենք աշխատել ենք և երբևէ չենք ունեցել ճնշման կամ միջամտության դեպք ո՛չ իշխանություններից, ո՛չ գործընկերներից, ո՛չ հովանավորներից»:
«Ոսկե ծիրանից» հայտնեցին, որ այլևս չունեն ժամանակ ու ռեսուրս ցուցադրության մեկ այլ վայր վարձակալելու համար, քանի որ ծրագիրը 40-ժամյա տևողություն ունի, իսկ կինոդահլիճները՝ սահմանափակ քանակի են:
Հայաստանում այդ նորությունը բավականին բուռն արձագանք ստացավ, քանի որ «Ոսկե ծիրանը» ակամայից դիպավ տհաճ ու զմրսված թեմային՝ գրաքննության ու ինքնագրաքննության աննկատ լինելուն: Անգամ առաջարկ եղավ բոյկոտել «Ոսկե ծիրանը», որը օրինականացնում է գրաքննությունը:
Իհարկե, լավագույն և հնչեղ քայլը կլիներ, եթե «Ոսկե ծիրանը» հայտարարեր, որ ի նշան այս գրաքննության փորձի, չեղյալ է հայտարարում ողջ փառատոնը, այլ ոչ թե միայն մեկ ծրագիրը, բայց դա այս փուլում իրատեսական չէ:
«Ոսկե ծիրանը» իր հասցեին հնչած տարբեր կշտամբանքներով ու քննադատությամբ հանդերձ՝ շարունակում է մնալ երբեմն սադրիչ, երբեմն՝ հարմարվող, բայց միևնույն է, ամենահետաքրքիր մտքերի հարթակը:
Եվ թերևս այս տարի հենց հարմարվող լինելու վտանգի մասին հիշեցնողի դերն է բաժին հասել փառատոնին: Փառատոնն արեց իր քայլը. ուշադրություն սևեռեց մի ծրագրի հանդեպ, որը ավանդապես կիսադատարկ դահլիճում էր տեղի ունեցել և ստիպեց մտածել, որ մեր հանրապետությունում շատ բան այնպես չէ, ինչպես պետք է լինի նորմալ զարգացող երկրներում:
Խոսքի ազատության ու ինքնաարտահայտվելու իրավունքի պաշտպանությունը ամենօրյա աշխատանք է: Եվ բոլորի աշխատանքը:
Իսկ տարբեր աստիճանի ու ուժգնության սահմանափակումները, ճնշումներն ու գրաքննության փորձերը սկիզբ են առնում ազգայնական, աստվածաբանական հռետորիկայից ու անպայման հանգեցնում են մտքի ամայության:
Սկզբից երկու ֆիլմ է արգելվում, հետո երեք, հետո փակի տակ է դրվում միտքն ինքնին:
Ինչու՞ մտածել, եթե կարելի է ենթարկվել կոլեկտիվ անգիտակցական հոսանքին՝ հալածել մեկին, որը մեզ նման չէ, և դրանով արդարացնել սեփական իրավացիությունը:
Եվ ցանկալի է չմոռանալ, որ բոլոր ստորությունները սկսվել են կոլեկտիվ նամակների ձևաչափից, որոնք կոչ են անում լինել միասնական ու որևէ երևույթի դեմն առնել: Եվ նշանակություն չունի, թե ում կամ ինչի դեմ՝ այլախոհների, նույնասեռականների, բժիշկների, թե սևաչյաների: Կարևորը դեմ լինելն է:
Հասարակությունը ինքը պետք է որոշի, թե ինչ անել այս փորձառության հետ, որը սադրեցին կինոյի մարդիկ: Ընտրել բազմագույնը՞, թե՞ գորշը:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: