Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության 2017թ. մրցանակակիրները

08.11.2017, Նյուսրում

Լրագրող

ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից ստեղծված GAPMIL դաշինքը (Գլոբալ դաշինք հանուն մեդիա և ինֆորմացիոն գրագիտության ոլորտում  համագործակցության) հայտարարել է 2017թ.-ի մրցանակակիրներին: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) ստացել է  Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության առաջին մրցանակը:

Հաղթողների անունները հայտարարվել են Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության միջազգային շաբաթվա շրջանակում՝ հոկտեմբերի 24-27-ը Ճամայկայում անցկացված ամենամյա կոնֆերանսի ընթացքում:

Արդեն 3-րդ տարին է GAPMIL-ը մրցանակներ է շնորհում անհատների և կազմակերպությունների՝ մեդիագրագիտության ոլորտում նշանակալի ներդրման և ձեռքբերումների համար: Այս տարի դաշինքը  170 հայտ էր ստացել, որոնցից էլ ընտրել էր հաղթողներին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Լուսինե Գրիգորյանը դեռ 2014 թվականին մասնակցել է GAPMIL-ի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության առաջին եվրոպական ֆորումին Փարիզում՝ ներկայացնելով կազմակերպության մեդիագրագիտության ծրագրերը:

«ՄՆԿ-ն արդեն մի քանի տարի է, անդամակցում է այդ Դաշինքին և մասնակցել է մի քանի նախաձեռնությունների: ԵՎ այս տարի որոշեցինք դիմել մրցանակի համար, ներկայացրինք մեդիագրագիտության ոլորտում մեր նախագծերն ու ձեռքբերումները: Այն մասին, որ մրցանակ ենք ստացել, տեղեկացանք էլեկտրոնային նամակով կոնֆերանսից մի քանի օր առաջ միայն ու չկարողացանք մասնակցել մրցանակաբաշխությանը Ճամայկայում»:

Գլխավոր մրցանակը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին հանձնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ առանձնացրել է կազմակերպության աշխատանքը Կրթության և գիտության նախարարության, դպրոցների և բուհերի հետ, մեդիագրագիտության ուսումնական ռեսուրսները, մասնավորապես՝ «Մեդիամարտ» խաղը, media.am կայքն ու տարածաշրջանային համագործակցային նախագծերը:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կայքը համարվում է Հայաստանում մեդիա քննադատության և վերլուծության հիմնական հարթակը:

ՄՆԿ-ն նաև իրականացնում է համատեղ ծրագրեր Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ՝ ցույց տալով, թե ինչպես կարող են ֆիլմերն ու մեդիագրագիտությունն օգտագործել միջմշակութային երկխոսության, համագործակցության և շփման համար»,-նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում:

Երկրորդ մրցանակը շնորհվել է Մեքսիկայի Վերակրուզի համալսարանի պրոֆեսոր Հիսուս Լաուին, ով Մեքսիկայի, Լատինական Ամերիկայի կրթության ոլորտում և միջազգային ասպարեզում մեդիա և ինֆորմացիոն գրագիտության առաջմղման և պաշտպանության գործում գլխավոր դերակատարն էր:

Երրորդ մրցանակը կիսել են Ֆրանսիայի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության նախագծի հեղինակ Ռոզմարի Ֆարինելլան ու Ղրղզստանի Մեդիայի աջակցության կենտրոնը:

Ֆրանսիական հաղթող նախագիծն ուղղված է 10 տարեկանից բարձր աղջիկների և տղաների շրջանում մեդիա և ինֆորմացիոն գրագիտության, այդ թվում՝ աշակերտների շրջանում քննադատական մտածելակերպի տարածմանը:

Ղրղզստանի Մեդիայի աջակցության կենտրոնը մեդիագրագիտության առցանց ուսուցման հարթակ է ստեղծել ուսանողների և դասավանդողների համար:

GAPMIL-ը, որն աջակցում է միջազգային համագործակցությանը՝ տեղեկատվության հասանելիության ոլորտում, այս պահի դրությամբ մոտ 500 անդամ ունի 110-ից ավելի երկրներից: Դաշինքը բաց է անդամակցության համար:

Անահիտ Դանիելյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?