Շուտով աշուն է։ Իսկը ժամանակն է հասկանալու, թե ինչ նոր ուղղություններ և զարգացումներ կան մեդիայում, դեպի ուր են փչում վիրտուալ աշխարհի նորանոր քամիները։
Վերջին ամիսները իսկապես սկսեցին փոխել լրատվական դաշտի ներկայությունը սոցցանցերում, նոր հարթակներ առաջ եկան, հները վերագնահատվեցին։ Տեսնենք, թե ինչ գործիքների է կարևոր ուշադրություն դարձնել լրագրողներին և խմբագրերին։
ա․ Telegram
Այս հարթակը արագ տեմպերով զարգանում է, ակտիվ օգտատերերի թիվը արդեն հասել է 400 միլիոնի։ Բացի բնականոն աճից, Telegram-ը վերջին ամիսներին մի քանի անգամ կտրուկ թափ ստացավ։ Տավուշի մարտերի ընթացքում Telegram-ը դարձել էր կարևոր հաղորդակցման միջոց ռուսալեզու լսարանի համար։
Բելառուսում իրադարձությունները մեծացրեցին Telegram-ի հանդեպ հետաքրքրությունը արդեն միջազգային մակարդակով։ Երբ Բելառուսի իշխանությունները սկսեցին արգելափակել համացանցում ընդդիմադիր աղբյուրները, մի պահ փաստացի միայն Telegram-ն էր, որ մնացել էր որպես տեղեկատվական հարթակ։
Telegram-ի առավելություններից մեկն այն է, որ այն շատ թույլ ինտերնետ կապի ժամանակ նույնպես աշխատում է (ինչը շատերը նկատեցին հայաստանյան հեղափոխության օրերին)։ Բացի դրանից, Տելեգրամն իր մեջ ունի գրաքննությունը շրջանցելու հատուկ գործիքակազմ։
Այնպես որ, Telegram-ով արժե հետաքրքրվել։ Չնայած, որ այսօր շատ հայաստանյան լրատվամիջոցներ այստեղ կան, սակայն էֆեկտիվությունը շատ ցածր է։ Մեծամասնությունը այստեղ պարզապես նյութերի հեռարձակում են անում, ինչը Telegram-ի ոճից դուրս է և վանում է լսարանը։ Հարկավոր է ստեղծել հենց Տելեգրամին բնորոշ բովանդակություն և լրահոս։
բ․ TikTok
Մի կողմ թողնենք այն, որ TikTok-ն ամենաներբեռնվող հեռախոսային հավելվածն է ու այստեղ ամենաշատ ժամանակն են անցկացնում օգտատերերը։ Դա այդպես էր դեռ մեկ տարի առաջ։
Հարցն այն է, որ լսարանը փոխվել է։ TikTok-ում վաղուց միայն դպրոցականները չեն։ Այս հարթակի օգտատերերի միջին տարիքն աստիճանաբար աճում է։ Խմբագրություններին չարժե բաց թողել մի քանի հարյուր հազար հոգանոց լսարանին հասանելի լինելու հնարավորությունը։
Որպեսզի պարզ լինի, որ չարժե մեծամտորեն վանել այս հարթակը, պարզապես մի քանի օրինակ բերեմ, թե որ խմբագրություններն են արդեն օգտագործում TikTok-ը։ NBC News-ը TikTok ալիքը 150 հազարից ավելի հետևորդ ունի։ Իսկ Washington Post-ը, օրինակ հրապարակում է ընթերցողների ուղարկած ճապոնական պոեզիան՝ հոքուները։
գ․ Փոդքասթ
Փոդքասթը աուդիո բովանդակության համար հիանալի տարբերակ է, քանի որ այսօր նույն բովանդակությունը հնարավոր է տարածել միանգամից մեծ քանակի ալիքներով։ Սկսած Յություբյան և Ֆեյսբուքի տեսանյութերի ֆորմատից, մինչև Տելեգրամում աուդիո գրառումները։
Բացի փոդքասթային հարթակները, որոնք բազմազան են, նույն հաղորդումը հնարավոր է միաժամանակ տարածել Google Podcast, Apple Podcast, Spotify, Yandex Music և այլ հարթակներում։
Սրանք մեդիա նոր ֆորմատներ ու զարգացող հարթակներ են, որոնք թույլ կտան լրացուցիչ լսարան գրավել։ Խմբագրությունների համար նոր լսարանի հետ աշխատելն, իհարկե, լրացուցիչ աշխատանք է պահանջում։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: