2018.10.30,

Տեսակետ

«Կարծում եմ՝ ոչ ոք վերջնականապես անկեղծ չի լինի»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր ու սեփականատեր Արամ Աբրահամյանը դասական անձ է Հայաստանի մեդիա դաշտում: Տարբեր բարդ, խճճված և ուրախ տարիների ընթացքում նա կարողացել է գտնել այն հարթակները, որտեղ կարելի է ինքնադրսևորվել:

Հիմա նա «Առավոտ» -ում իր հեղինակային սյունակից բացի նաև «Շանթ» հեռուստաընկերությունում հարցազրույցներ է վարում:

Արամ Աբրահամյանը շատ բան է տեսել ու շատ բան գիտի: Եվ ասում է. «Ինձանից սենսացիա մի սպասեք: Յուրաքանչյուր լրատվամիջոց անում է իր գործն այնպես, ինչպես պատկերացնում է»:

Կա կարծիք, որ հիմա լրատվամիջոցները դժվար օրեր են ապրում, չեն գործում նախկին խաղի կանոնները, իսկ նոր խաղի կանոնները և դրանցից բխող դիրքավորումն ու ֆինանսավորումը մշուշոտ են:

Չէի ասի, որ հիմա ավելի դժվար է, քան նախկինում: Իսկ եթե հարցը խաղի կանոններն են, ապա ես կարող եմ խոսել միայն այն լրատվամիջոցի մասին, որտեղ սեփականատեր ու գլխավոր խմբագիր եմ:

Հիմնականում, ինչպես աշխատում էինք, այնպես էլ աշխատում ենք:

Ընդհակառակը, կարծում եմ, որ իշխանությունների կամ իշխանամերձ մարդկանց կողմից զանգերը, դժգոհությունները, սպառնալիքները, որոնք միշտ եղել են «Առավոտի» գոյության 24 տարիների ընթացքում, սկսած 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներից, ընդհանրապես բացակայում են:

Մարտ ամսին եղե՞լ են:

Եթե ուզում եք հարցնել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էին ճնշումները շատ, ապա Սերժ Սարգսյանի ժամանակ ավելի քիչ էին:

Բայց որքան հասկանում եմ, հիմա լրագրողներն ու գլխավոր խմբագիրները երբեմն դժգոհում են հասարակական որոշակի ճնշումից, հասարակական տրամադրություններից, որոնք ի հայտ եկան հետհեղափոխական շրջանում:

Հասկանալի է, որ մարդիկ անկեղծ սիրով և հավատով են լցված նոր իշխանությունների հանդեպ և ցանկացած քննադատություն ու կիսաքննադատություն (օրինակ, որևէ ՀՀԿ-ականի հետ հարցազրույց) ընկալում են ոչ ադեկվատ, ատելության խոսքով:

Բայց դա նորմալ է, մենք միևնույն է կշարունակենք հրապարակել քննադատություն:

Խաղի կանոններն ինձ համար չեն փոխվել: Եթե ազատ շնչում ես ու ականջի տակ ինչ-որ մեկը բզբզում է,  շարունակում ես ազատ լինել: Ոչ ոք չի բզբզում՝ նորից շարունակում ես ազատ շնչել:

Իսկ որքանո՞վ եք կարևորում ազատության համար լրատվամիջոցի ֆինանսական անկախությունը:

Դա միշտ եղել է կարևոր ու այդպես էլ կլինի: Բայց փող տվողից կախվածությունն ու ներքին ազատությունը այդքան էլ կապված չեն ուղիղ պատճառահետևանքային կապով:

Ներքին ազատությունը օգնում է հրաժարվել, եթե պահանջողի հետ համաձայն չես:

Եթե տպագիր թերթը դադարի լույս տեսնել, ու մնա միայն օնլայն «Առավոտը», կարո՞ղ եք ասել, որ դա կլինի հենց այն հարթակը, որի մասին երազում էիք այս 24 տարիների ընթացքում:

Իհարկե, հիմա բոլոր թերթերն են նահանջում, բայց կարծում եմ, որ թերթը պետք է պահել՝ որքան կարելի է երկար: Թղթի վրա կարդալու (գիրք, ամսագիր, թերթ) մշակույթը բոլոր դեպքերում տարբերվում է մոնիտորի վրա կարդալու մշակույթից:

«Առավոտի» կայքն ունի օրական հարյուր հազարին հասնող դիտումներ և ամենաընթերցվող կայքերի տասնյակում է:

Այո, մեր կայքը ինձ թվում է հետաքրքիր:

Ունենք մեր վարքականոնը, որը հարգում ենք և որին հետևում ենք: Կարող ենք երբեմն սխալվել, պատահում են թյուրիմացություններ, բայց դրանք միտումնավոր չեն արվում:

Բոլոր նախագահների օրոք «Առավոտը» եղել է ակտիվ, իսկ Դուք պահանջված լրագրող: Ունե՞ք բանաձև, թե երբ է պետք նահանջել, և երբ՝ առաջ գնալ: Եվ որքան կարելի է քիչ կեղտոտվել:

Փիլիսոփայական հարց է… Ես միշտ առաջնորդվել եմ հավասարակշռված ինֆորմացիա հաղորդելու ցանկությամբ:

Անգամ եթե այդ ինֆորմացիան հավասարակշռված չէ՞:

Փորձել եմ հավասարակշռել: Իհարկե, միշտ չէ, որ ստացվում էր, բայց լրագրողի գործի հմայքը հենց դա է:

Համաձա՞յն եք վարչապետի այդ ասածի հետ, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, քան հիմա է:

Որոշ չափով նա իրավացի է: Մանավանդ, եթե նկատի ունենանք ոչ թե կայքերն ու թերթերը, այլ հեռուստատեսությունը:

Որքան գիտեմ, վերացել է Բաղրամյան 26-ի ճնշումն ու հրահանգները (սա՛ ցույց տվեք, սկզբից անպայման սա՛ հաղորդեք, եթե նախագահի կամ վարչապետի ելույթն է, ապա ոչ թե երկու, այլ ութ րոպեանոց ռեպորտաժ արեք և այլն):

Հուսով եմ, որ ճնշումը վերացել է, թեև հարյուր տոկոսով վստահ լինել չեմ կարող:

Եվ իհարկե, վարչապետի ասածի մեջ ես իմաստ տեսնում եմ:

Երևի շատ գործարարներ, որոնք նաև հեռուստաընկերությունների սեփականատերեր են, ազատ շունչ կքաշեն, քանի որ ալիքը նրանց վրա դրված բեռն էր:

Համենայնդեպս, մինչ այժմ այդպես էր: Հեռուստադաշտում կլինեն որոշ վերադասավորումներ, բայց երևի ավելի ուշ, խորհրդարանական ընտրություններից հետո:

Իսկ մինչ այս, իհարկե, բոլորը՝ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը» կօգտագործեն իրենց տեղեկատվական ռեսուրսները քարոզչության համար: Դա պարզ է, բայց հետագայում, իհարկե, կլինեն հեռուստադաշտի վերաձևակերպումներ:

Ալիքները կպակասե՞ն:

Դա կլիներ տրամաբանական: Կմնան այն ալիքները, որոնք զբաղվում են զուտ հեռուստատեսության բիզնեսով ու անում են այն, ինչը հետաքրքիր է ու ինչը վաճառվում է: Չեմ ասում՝ լրատվությամբ, քանի որ դա հեռուստատեսային բիզնեսի ընդամենը փոքր մաս է:

Իսկ արդյունքում կլինե՞ն լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրների բացահայտումներ, ինչպես ասում են՝ լյուստրացիա:

Այդ բառից ես վախենում եմ:

Համաձայն եմ, ծանր բառ է:

Կարծում եմ, վերջնականապես ոչ ոք չի բացահայտի ու չի բացահայտվի: Եվ ոչ ոք վերջնականապես անկեղծ չի լինի:

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *