2016.09.27,

Նյուսրում

Թվապատում 2016. լրագրողական պատմություններ ներկայացնելու խնդիրներն ու թրենդները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2016թ. սեպտեմբերի 23-24-ին տեղի ունեցած «Թվապատում» մեդիա կոնֆերանսի ուշադրության կենտրոնում էր լրագրողական աշխատանքը, որը վերափոխվում է նոր մեդիայի ու նոր տեխնոլոգիաների թելադրանքով և միաժամանակ՝ փոխում իրականությունը:

Արդեն երկրորդ անգամ անցկացվող «Թվապատումն» այս տարի կարևորել էր երկու ուղղություն. հետաքննական լրագրությունն ու հակամարտությունների լուսաբանումը: Լրագրության այդ երկու ճյուղերը սթափ լրագրողական ստանդարտներից բացի իրենց առանձնահատկություններն ունեն, քանի որ ցանկացած հետազոտություն ու փաստերի հավաքագրում ուղղորդվում է ռիսկերով:

Հետաքննության հմայքն ու ռիսկերը

Հետաքննության ընթացքում հանդիպող հնարավոր ռիսկերի ու ինֆորմացիայի մշակման մասին խոսեցին OCCRP-ի անդամ, WikiLeaks-ի հետ համագործակցող, «Новая газета»-ի հետաքննական բաժնի թղթակից Դմիտրի Վելիկովսկին, «Հետք»-ի (Հետաքննող լրագրողներ պալատֆորմի) գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Էդիկ Բաղդասարյանը՝ Թվապատում 2016 կոնֆերանսինՄիջազգային լրագրողական հետաքննությունը, որն այս տարի սկիզբ առավ «Պանամայի փաստաթղթերի» (Panama papers) գաղտնազերծմամբ ու օֆշորային կոռուպցիոն շղթաների բացահայտմամբ, միավորեց տարբեր երկրների լրագրողներին՝ ստեղծելով համագործակցության ցանց: Դմիտրի Վելիկովսկին պատմեց բաց տվյալների, մարդկանց հետ զրույցների, սոցցանցերի հաշիվներից կաթիլ առ կաթիլ ուշագրավ ինֆորմացիա պեղելու և անվտանգության (թե՛ լրագրողների, թե՛ տեղեկատվության) ապահովման իր փորձի մասին:

«Մոլորակը թափանցիկ է և հարկավոր է հիշել, որ բոլորս էլ այսպես թե այնպես հետքեր ենք թողնում, ինչը նշանակում է, որ ցանկության դեպքում՝ լրագրողը կարող է իր ուզած ինֆորմացիան հայթայթել»,- ասաց նա:

Դմիտրի Վելիկովսկին՝ Թվապատում 2016 կոնֆերանսինԱպահովագրության համար նա խորհուրդ տվեց կոդավորել ողջ նամակագրությունը: «Թվային աշխարհում անհնար է թաքնվել, մանավանդ եթե ձեզ փորձի հետևել պետությունը: Բայց հաշվի առնելով, որ պետական համակարգում ոչ բոլորն են կոմպետենտ, հույս կա: Ամեն դեպքում, անվտանգության լավագույն միջոցը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ համակարգիչը լիովին «մաքրելն» է: Տեղափոխեք ինֆորմացիան, ջնջեք ամեն ինչ համակարգչից ու նոր գաղտնաբառերով կրկին տեղադրեք: Դա ամենագործուն մեթոդն է»,- ասաց Դմիտրի Վելիկովսկին:

Նա առաջարկեց լրագրողներին ապագա հետաքննությունների թեմաներ որոնելիս փորփրել պաշտոնական տվյալները, դատարանների որոշումները, ընկերությունների հաշվետվությունները, անշարժ գույքի սեփականատերերի ցանկերը. «Վաղ թե ուշ կհադիպեք համընկնումի, որ տարակուսանք կառաջացնի: Եվ ուրեմն սկսեք ուսումնասիրել ընդհանուր հասցեները, մարդկանց և ընկերությունների միջև եղած կապերը: Այսինքն՝ փորձեք հյուսել ձեր սարդոստայնը: Եթե լավ հյուսեցիք, որակյալ լրագրողական պատմություն կստեղծեք»:

Թվապատում 2016 կոնֆերանսի մասնակիցներըԷդիկ Բաղդասարյանը կարևորեց հետաքննությունների շղթայական ռեակցիան. «Եթե մի քանի լրատվամիջոցներ միաժամանակ են հետաքննություն կատարում կամ շարունակում են հրապարակումները նոր մանրամասներով, ավելանում է հանրային ճնշումը, և ավելի հավանական են դառնում փոփոխությունները: Հայաստանում, ցավոք, քիչ լրագրողներ են զբաղվում հետաքննությամբ: Ես միշտ ասում եմ բոլոր լրագրողներին՝ եթե խորհրդի կարիք ունեք, եկեք «Հետք», մենք ձեզ կօգնենք: Անգամ պետռեգիստրի վճարումները կանենք ձեր փոխարեն: Բայց, ավաղ, արձագանք չկա»:

Մեծ լսարան ունեցող հեռուստատաալիքներում լրագրողական հետաքննությունների հետքերը չեն հայտնվում: Էդիկ Բաղդասարյանը պատմեց, որ «Պանամայի փաստաղթերի» հրապարակման արդյունքում հրաժարական տված ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի մասին լուրերում հեռուստաալիքները ընդամենը արձանագրեցին հրաժարականի փաստը: «Անգամ չներկայացրին նախապատմությունը և չբացատրեցին, թե ինչու է դա տեղի ունեցել: Կարծում եմ, որ ալիքներին ոչ ոք չի էլ հրահանգել այդ մասին չխոսել, դա ավելի շուտ ներքին գրաքննություն է: Զգուշավոր են կամ, միգուցե, վախեցած»:

Էդիկ Բաղդասարյանը հորդորեց լրագրողներին օգտագործել հետաքննական այն թեմաները, որոնք արդեն շրջանառվում են մեդիա դաշտում ու տրամաբանական ավարտին հասցնել, որպեսզի թեմաները չանհետանան ու չմարեն:

Լրագրողները կոնֆլիկտային գոտիներում

«Թվապատման» քննարկման մյուսը ճյուղը հակամարտությունների գոտիներում և պատերազմական իրավիճակներում աշխատող լրագրողների դերն ու բարդություններն էին:

Բրիտանացի լրագրող, «The Moscow Times»-ի խմբագիր Օլիվեր Քերոլը պատմեց ռուս-ուկրաինական պատերազմի լուսաբանման դժվարությունների մասին, ֆոտոլրագրող «4plus» նախագծի անդամ Անուշ Բաբաջանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում աշխատելու և իր լուսանկարներն ու ֆոտոպատմությունները տարածելու փորձը:

Օլիվեր Քերոլը՝ Թվապատում 2016 կոնֆերանսինԻսկ meduza.io կայքի հետաքննող լրագրող Դանիիլ Տուրովսկին խոսեց «Իսլամական պետության» թեման լուսաբանելու իր փորձի ու դեպքի վայրում աշխատող լրագրողների ինքնապաշտպանական հնարքների մասին: «Ցանկացած լրագրողական պատմություն հետք է թողնում, երբ խոսում են ականատեսներն ու լավ հերոս է գտնվում: Դա հատկապես կարևոր է վավերագրական նյութերում»,- ասաց նա:

Պատերազմը նաև ինֆորմացիոն է դառնում, և այդ դեպքում առավել կարևորվում է փաստերի ստուգումն ու ֆեյքերի առաջխաղացման կասեցումը:

Վիկտորյա Ռոմանյուկը` Թվապատում 2016 կոնֆերանսինՈւկրաինական «StopFake» կայքը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք էր: Կայքի գլխավոր խմբագրի տեղակալ Վիկտորյա Ռոմանյուկը ասաց, որ փաստերի ստուգումն արդեն առանձին լրագրողական ժանր է.

«Պատերազմի օրերին մարդիկ չէին հասկանում, թե որտեղ է ճշմարտությունը, և որտեղ է հորինվածքը: Ռուսական քարոզչամեքենան գործի է դրել բոլոր քարոզչական հնարքները՝ կոպիտ անհեթեթություններից սկսած, քողարկված մանիպուլյացիաներով վերջացրած: Մենք հասկացանք, որ անհրաժեշտ է վերլուծել լուրերը (և ոչ միայն փաստերը, այլև մատուցումը): Եվ այդ գործում մեզ շատ է օգնում լսարանը, որի հետ մենք ինտերակտիվ կապ ենք պահպանում»:

Ուր ենք գնում

«Թվապատում» կոնֆերանսի մասնակիցները բանախոսությունների և գործնական դասերի միջոցով ներկայացրին լրագրողական բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, մեդիայի նոր ձևաչափերն ու գործիքները և ընդհանուր մեդիա թրենդերը:

Մուլտիմեդիա նախագծերի պրոդյուսեր Արտյոմ Գալուստյանը խոսեց երկար պատրաստվող, ծախսատար ու մանրակրիտ մշակվող մուլտիմեդիա պատմություններ ստեղծելու հմտությունների մասին: Ռուսաստանցի պրոդյուսերը նկատեց, որ մուլտիմեդիա նախագծերը ոչ այնքան լրագրողական, որքան վավերագրական կինոյին հարող ժանր են, և դրանց ներկայությունը բարձրացնում է թե՛ լրատվամիջոցի հեղինակությունը, թե՛ թեմայի հանդեպ հետաքրքրությունը:

Արտյոմ Գալուստյանը՝ Թվապատում 2016 կոնֆերանսինՄեդիավերլուծաբան, լրագրող, մենեջեր, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հաղորդակցության Անենբերգ կենտրոնի մասնագետ Վասիլի Գատովը խոսեց ապագայի մեդիայի ու նոր թրենդերի մասին:

«Օրեցօր ավելացող մեդիա բովանդակությունը հանգեցրել է սպառողի հոգնածությանը: Միջին վիճակագրական մեդիա սպառողը օրական մեկ պատմություն կարդալու համար ծախսում է ոչ ավելի, քան երեք րոպե: Ընդամենը մի քանի տարի առաջ նա օգտվում էր միջինը 4 տեղեկատվական աղբյուրներից, իսկ հիմա աչքի տակով անցկացնում է 62 աղբյուր»,- ասաց նա:

Վասիլի Գատովը՝ Թվապատում 2016 կոնֆերանսինՖուտուրոլոգ Վասիլի Գատովը կանխատեսեց, որ մոտ ապագայում բովանդակության համատարած հասանելիությունն ու արագությունը կհանգեցնեն արդեն թվային հանրության նոր պահանջներին: Մարդկությունը առաջ կքաշի համացանցային բովադակության սպառման իր իրավունքները: «2018-2020 թթ բնակեցված տարածքները 100%-ով կծածկվեն գերարագ կապով, և թվային սերունդը մեծամասնություն կդառնա, ինչը կհանգեցնի նոր փոփոխությունների: Օրինակ՝ ինտերնետի հասանելիությունը կամրագրվի օրենքով»:

Ըստ նրա՝ թվային դարաշրջանը նաև գրաքննության նոր արտահայտություններ կստանա. «Ինտերնետը ոչ այնքան ազատագրեց մեզ, որքան ճորտացրեց՝ մեր վարքագիծը դարձնելով թափանցիկ: Ինչը շատ լավ օգտագործում են տոտալիտար պետությունները՝ վերահսկելով լրահոսի օրակարգն ու մեր վզին փաթաթելով հստակ արժեքային համակարգ»:

Նունե Հախվերդյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *