«Թվապատում 2016» մեդիա կոնֆերանսի բանախոս, բրիտանացի լրագրող Օլիվեր Քերոլը ներկայացրեց իր տասը առաջարկությունները, որոնց հետևելը կօգնի աշխարհի տարբեր թեժ կետերում ու հակամարտությունների գոտիներում աշխատող լրագրողներին ավելի պաշտպանված լինել ու ավելի ամփոփ ներկայացնել ականատեսների դիտարկումներն ու հավաքագրված տեղեկությունը:
Օլիվեր Քերոլը «Moscow times»-ի խմբագիրն է, նյութեր է հրապարակում Ուկրաինայի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին, լուսաբանել ուկրաինական պատերազմը ու իր մաշկի վրա է զգացել, թե ինչ խնդիրների է հանդիպում լրագրողը կոնֆլիկտային տարածաշրջանում:
Նրա խորհուրդներն են.
-
1.Առաջնահերթը անվտանգությունն է:
Ցանկացած դեպքում հարկավոր է ստանալ հավատարմագրում, մտածել անցաթղթերի և մասնագիտական վկայագրերի մասին:
-
2.Զգացեք ձեզ այն մարդկանց մաշկի մեջ, որոնց հանդիպում եք և որոնց չեք հասկանում:
Զրուցակիցներից շատ բան մի ակնկալեք: Ասենք, եթե զրուցում եք իր առօրյա կյանքով ապրող տատիկի հետ, մի մոռացեք, որ նրա համար իր թթու վարունգի պաշարները ոչ պակաս կարևոր են, քան քաղաքական ու պատերազմական իրավիճակին սթափ հետևելը:
-
3.Փնտրեք այն կարծիքները, որոնց հետ համաձայն չեք:
Միշտ չէ, որ մեր պատկերացումներն ու տեսածը համապատասխանում են իրար: Հարկավոր է տեղում գտնվել, տեսնել ու խոսել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց հետ, որպեսզի հնարավոր դառնա հոգեբանորեն հարմարվելը այդ մտքի հետ: Ինչպես ասում են, ձայներ կան, որոնք լսելի են դառնում միայն այն ժամանակ, երբ մոտենում ես նրանց:
-
4.Ավարտեք ձեր նյութերը տրամաբանորեն ու համեստ կերպով, որքան էլ դա անհարմարավետ լինի:
Որպես լրագրող՝ միշտ ավելի լավ ես հիշում այն, ինչը ցույց չես տվել, քան այն, ինչը հրապարակել ես: Նույնիսկ եթե գիտակցում եք, որ փտող դիակների լուսանկարները ձեզ համբավ կբերեն, մի՛ հրապարակեք դրանք:
-
5.Պատմեք այն պատմությունը, որը դուք եք տեսնում, այլ ոչ թե այն, որն, ըստ ձեզ, ուզում են ձեր ընթերցողները կամ իշխանությունները:
Օրինակ, Դոնեցկի օդանավակայանի գրավման ընթացքում շատ բարդ էր ընդունել, որ ուկրաինական բանակը թերանում է, որ բանակի գերադասները ավելի շատ մտահոգ էին սեփական անվտանգությամբ, քան զինվորների:
-
6.Հավասարակշռեք պատմությունը դետալներով: Քիչ կարծիք, շատ փաստ:
Իհարկե, օտարերկրացի լրագրողի համար ավելի հեշտ է փաստերը կարծիքից առանձնացնելը, քան այն լրագրողի համար, որը հակամարտության կողմերից մեկում է: Կարծում եմ՝ նույն խնդրի հետ առնչվում էին նաև Լեռնային Ղարաբաղում աշխատող հայ լրագրողները:
-
7.Պատմեք այն պատմությունը, որն ինքներդ եք ուզում կարդալ:
Ձեր պատմությունը կարող է լինել մարդկային, բայց դա բավարար չէ: Կառուցեք պատմությունն այնպես, որ երևան հերոսներն ու այն մարդիկ, որոնց պատերազմական իրավիճակը անդրադառնում է անմիջականորեն:
-
8.Մնացեք քաղաքացի:
Զենք մի վերցրեք, զենքով մի լուսանկարվեք ու առավել ևս զենքը ձեռքին լուսանկարներ մի տեղադրեք սոցցանցերում, ինչպես ռուս-ուկրաինական պատերազմում անում էին որոշ ռուս լրագրողներ:
-
9.Ինքներդ ձեզ մարտահրավեր նետեք:
Լրագրողը պատերազմում բարդ ընտրության առջև է, պետք է կարողանա տարբերել իրականությունը և չտրվել երկու կողմերից հնչող պրոպագանդային: Բռնկուն իրավիճակներում, որպես կանոն, ԶԼՄ-ները թիրախավորվում են: Ես, օրինակ, Ուկրաինայում անընդհատ ստիպված էի բացատրել, որ չեզոք եմ:
-
10.Գիտակցեք ձեր սահմանները:
Հաշտվեք այն մտքի հետ, որ սահմանափակ կարողություն ունենք: Եվ չեք կարող շտկել կյանքի բոլոր անարդարություններն ու ցավը:
Պատրաստեց Նունե Հախվերդյանը
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: