2016.04.08,

Նյուսրում

Ինչպես աշխատեց հայաստանյան մեդիան քառօրյա արտակարգ իրավիճակում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարվեց: Ռազմական գործողություններ սկսվեցին շփման գծի ողջ երկայնքով: Մարտը տևեց 4 օր:

Արտակարգ իրավիճակում մեդիայի աշխատանքը մեկնաբանում են խմբագիրներն ու մեդիա փորձագետները:
 

Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Այդ օրերին լրատվամիջոցների աշխատանքը գնահատելու համար պետք է մոնիտորինգ անցկացնել: Բայց որքանով հետևել եմ, տեղեկատվական որոշակի քաղց, այնուամենայնիվ, կար. հասարակության շրջանում հարցեր էին առաջանում, մարդիկ ավելի շատ ինֆորմացիայի կարիք էին զգում: Սա ավելի շատ վերաբերում է, երևի թե, պետական կառույցներին:

Կարծում եմ՝ ավելի շատ արժանահավատ տեղեկություններ էին անհրաժեշտ, և եթե պետական կառույցներից այդ տեղեկությունները բավարար չէին (իհարկե, խոսքը գաղտնիքի և այն տեղեկությունների մասին չէ, որոնք կարող են որևէ կերպ վնաս հասցնել բանակի գործողություններին), լրատվամիջոցներն է՛լ ավելի ակտիվ պետք է լինեին:

Սակայն պետք է վերապահումով մոտենալ այս ամենին, որովհետև լրատվամիջոցներն էքստրեմալ պայմաններում պետք է շտապ վերադասավորեին իրենց գործունեությունը, և հասկանալի է, որ այդտեղ կարող էին նաև ինչ-որ առումով թերություններ լինել: Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ հատկապես օնլայն լրատվամիջոցները, բավական լավ էին աշխատում:

Մեր սպասելիքներն ավելի շատ էին հեռուստաընկերություններից: Վերջին օրերին նրանք բավական մանրամասն, երկար լրատվական թողարկումներ են հեռարձակում, բայց առաջին օրերին լրատվական քաղցը շատ էր:

Իհարկե, պետական լրատվությունը գերակշռում էր, և այս առումով պետք է ընդգծեմ հատկապես «Սիվիլնեթ»-ի Թաթուլ Հակոբյանի և «Հետք»-ի Էդիկ Բաղդասարյանի աշխատանքը, որոնք առանձին-առանձին ավելի արժանահավատ տեղեկություններ էին տարածում, քան որոշ հեռուստաընկերություններ:

Կարծում եմ՝ լրատվամիջոցները պետք է ավելի ակտիվ համագործակցեն պետական ատյանների և փորձագիտական հանրության հետ, որպեսզի հասարակությունը տեղեկատվության պակաս չզգա, որովհետև այս իրավիճակում շատ կարևոր է հասարակության աջակցությունը պետական գործողություններին:

Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ

Կարծում եմ, որ հիմնական ծանրությունը պիտի ընկներ առաջին հերթին հեռուստաընկերությունների՝ համապետական հեռուստաալիքների վրա, սակայն նրանցից քիչ թե շատ իրազեկ պահել փորձեց միայն «Երկիր մեդիա»-ն: Մնացածը և առաջին հերթին Հանրային հեռուստաընկերությունը կարծես թե խուսափում էին ակտիվ տեղեկատվական աշխատանքից: Կարծում եմ՝ դա փոխհատուցվեց այն ակտիվությամբ, որը ցուցաբերում էր առցանց լրատվական դաշտը:

Բազմաթիվ առցանց հեռուստաընկերություններ և պորտալներ աչքի ընկան իրենց թղթակիցների ակտիվ լուսաբանմամբ: Եվ կարծում եմ՝ դա էր հիմնական պատճառը, որ Հայաստանի հանրությունը, որը, բնականաբար, մտահոգված էր և ցանկանում էր օպերատիվ տեղեկություններ ստանալ նաև պատկերի տեսքով, քիչ թե շատ իրազեկ եղավ զարգացումներից: Իսկ իրազեկումը ոչ միայն փաստերի ու թվերի առումով էր կարևոր, այլև հասարակությանը քիչ թե շատ հանգիստ պահելու առումով:

Երբ տեղեկություններ չկան և անորոշ է կատարվելիքը, խուճապ և անհանգստություն է առաջանում, ինչը լուրջ սպառնալիք է նաև ազգային անվտանգության համար: Եվ, ցավոք, այն ներդրումը, որը առաջատար հեռարձակող լրատվամիջոցները պիտի ունենային այդ անվտանգության ապահովման գործում, չունեցան:

Ապատեղեկատվության փորձերը բավական շատ էին նաև ադրբեջանական կողմից, սակայն մեր գործընկերները, որոնք իրենց անվանում են տեղեկատվական անվտանգության մասնագետներ, կարծում եմ՝ բավական լուրջ աշխատեցին և հանրությանը ներկայացրին, թե ինչպիսի տեղեկություններին կարելի է վստահել, և որոնց նկատմամբ՝ զգուշավորություն ցուցաբերել:

Մեսրոպ Հարությունյան
Մեդիա փորձագետ

Տեխնիկական պատճառներով՝ հեռուստալուրերին, հաղորդումներին չեմ կարողացել հետևել: Հետևել եմ հիմնականում առցանց լրատվությանը, և պիտի ասեմ, որ այն, ինչքանով կարողացել եմ հետևել, ինձ, իբրև մեդիաարտադրանք սպառողի, հիմնականում բավարարում էր:

Ավելի շատ օգտվել եմ ավանդական լրատվամիջոցների, կայացած թերթերի առցանց տարբերակներից, որոնք նաև թղթակիցներ ունեին Ղարաբաղում այդ պահին, և որտեղից առաջին ձեռքից ինֆորմացիա էր գալիս: Եվ իմ կարծիքով՝ շատ լավ աշխատում էին այնտեղ գտնվող բոլոր լրագրողները, հատկապես «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, «Սիվիլնեթ»-ի համար աշխատող Թաթուլ Հակոբյանը և լուսանկարիչ Գերման Ավագյանը:

Իմ կարծիքով՝ անգամ այս ծանր իրավիճակում մեդիայի այն հատվածը, որին ես հետևել եմ, կարողացավ բավարար չափով ապահովել ինֆորմացիայով, թե ինչ է կատարվում: Իհարկե, պաշտոնական տեղեկատվությունը գերակշռում էր, բայց պատերազմի ժամանակ, կարծում եմ, այլ կերպ դժվար է:

Դավիթ Ալավերդյան
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր

Լրատվամիջոցները լավ աշխատեցին, ինֆորմացիան ճշտելու և հրապարակելու տեսակետից բավական համակարգված էր աշխատանքը: Առաջին օրը որոշակի էթիկական և մասնագիտական խախտումներ կային, որոնք հետո՝ տարբեր մասնագետների խորհուրդների, հորդորների արդյունքում, կարգավորվեցին:

Համացանցում հայտնվեց նաև մի «ամոթի ցուցակ» այն կայքերի, որոնք, օգտվելով ռազմական դրությունից, փորձում էին պղտոր ջրում ձուկ որսալ: Հրապարակվեցին օգտակար խորհուրդներ օգտատերերի համար, որոնց շնորհիվ նրանք կարողացան խուսափել համակարգիչը վարակելուց կամ սեփական սոցցանցային հաշիվը կորցնելուց:

Կարծում եմ՝ այս օրերի հիմնական խնդիրը ինֆորմացիայի աղբյուրն էր. առաջին երկու օրը ռազմական գործողությունների վայրում լրագրողներ համարյա չկային: Բայց հետագայում լրագրողները ևս հնարավորություն ստացան այնտեղ լինելու, և ինֆորմացիայի անհրաժեշտ ծավալը ապահովելու:

Առաջին երկու օրը ինֆորմացիայի պակաս կար՝ կապված զոհերի թվի հետ, բոլորը՝ հատկապես այնտեղ ծառայող զինվորների հարազատները, սպասում էին ինֆորմացիայի. այն հայտնվեց երրորդ օրը:

Սոցիալական ցանցերն էլ բավական միահամուռություն ցույց տվեցին այս անգամ, խուճապի տրամադրություններ չկային, ինչպես նախկինում: Կար նաև կարծիքների բազմազանություն, ինչը նույնպես դրական է իմ կարծիքով: Եվ որևէ մեկը չի փորձել այդ զանազանությունը ճնշել կամ սահմանափակել:

Աննա Իսրայելյան
Առցանց «Առավոտ»-ի խմբագիր

Ինֆորմացիայի սարսափելի ծավալ էր, և ահավոր ծանրաբեռնվածություն: Այս օրերին մենք անընդհատ ստիպված էինք էթիկական և այլ կարգի որոշումներ ընդունել, ընդ որում՝ բացառապես սեփական պատասխանատվությամբ և առանց դրա նախնական փորձն ունենալու: Որոշում էինք՝ ինչը հրապարակել, ինչը՝ ոչ, միայն սեփական աչքաչափով էինք ենթադրում, որ այսինչը կարող է իր մեջ ռազմական գաղտնիք պարունակել:

Որևէ ձեռնարկ գոյություն չունի, որևէ մեկը մեզ չէր տեղեկացրել՝ օրինակ, զորքի տեղաշարժը գաղտնի՞ք է, թե ոչ: Այս գիտելիքի պակասը հիմա էլ կա: Ձեռնարկի պես մի բան է մեզ հարկավոր, կանոններ սահմանելու անհրաժեշտություն կա:

Աշխատում էինք հիմնականում պաշտոնական տեղեկատվության վրա անել շեշտադրումը, որպեսզի, ինչպես բժշկության մեջ է, չվնասենք, քանի որ, ենթադրելի է, որ մեր թեթև վնասը կարող էր զինվորների կյանք արժենալ:

Պարզվեց, որ ռազմական գործողությունների ընթացքում կարծես ջնջվում են լրագրողական էթիկայի՝ նախկինում հաստատված բոլոր կանոնները: «Առավոտ»-ը նախկինում երբեք դիակներ չէր նկարել, թաղումներ չէր լուսաբանել. այս օրերին մենք դա արել ենք՝ շատ անգամ ուղղակի հասկանալով, որ սա անհրաժեշտ փաստարկ է՝ ցույց տալու համար, թե ինչպիսին է այս պատերազմի դեմքը:

Գեղամ Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն

Համեմատած նախկինում եղած նման արտակարգ իրավիճակների հետ՝ մեդիան այս անգամ բավական լավ, արդյունավետ աշխատեց և բավարարեց հանրության պահանջը: Տարիների ընթացքում լրատվամիջոցները սկսել են ավելի սառը, չեզոք ու օբյեկտիվ լրատվություն տալ: Մեծ մասը Արցախում թղթակից ուներ: Բնականաբար, առաջնագծից եկող ինֆորմացիան միշտ պաշտպանության նախարարությանն էր, բայց ընդհանուր իրավիճակի մասին տեղեկությունները՝ լրատվամիջոցներինը:

Առաջին երկու օրը հեռուստաընկերությունները շատ պասիվ էին արագ լրատվություն տալու գործում, կայքերն ավելի օպերատիվ էին աշխատում: Ապատեղեկատվություն կար հիմնականում սոցիալական հարթակներում:

Բայց կային ամբողջությամբ խիստ գրանտային լրատվամիջոցներ, որոնք ավելի շատ ադրբեջանական լրատվություն, ադրբեջանական տրամադրություններ էին ներկայացում, քան իրական տեղեկատվություն:

Գրի առավ Աննա Բարսեղյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ինչպես աշխատեց հայաստանյան մեդիան քառօրյա արտակարգ իրավիճակում”
  1. ՀՐԱՉՅ says:

    ԼԱՎ Է ԱՍՎԱԾ
    ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ-Ինֆորմացիայի սարսափելի ծավալ էր, և ահավոր ծանրաբեռնվածություն: Այս օրերին մենք անընդհատ ստիպված էինք էթիկական և այլ կարգի որոշումներ ընդունել, ընդ որում՝ բացառապես սեփական պատասխանատվությամբ և առանց դրա նախնական փորձն ունենալու: Որոշում էինք՝ ինչը հրապարակել, ինչը՝ ոչ, միայն սեփական աչքաչափով էինք ենթադրում, որ այսինչը կարող է իր մեջ ռազմական գաղտնիք պարունակել: – ԿԱՐԾԵՍ ԹԵ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ

    Որևէ ձեռնարկ գոյություն չունի, որևէ մեկը մեզ չէր տեղեկացրել՝ օրինակ, զորքի տեղաշարժը գաղտնի՞ք է, թե ոչ: Այս գիտելիքի պակասը հիմա էլ կա: Ձեռնարկի պես մի բան է մեզ հարկավոր, կանոններ սահմանելու անհրաժեշտություն կա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *