Հայաստանը միջազգային մեդիայում ամենից հաճախ հիշատակվել է 1987-1994 թվականներին [ինֆոգրաֆիկ]

25.11.2014, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) GDELT (Global Database of Events, Language and Tone) տվյալների բաց բազայի միջոցով վերլուծել է միջազգային մեդիայում հարավկովկասյան տարածաշրջանի պետությունների հիշատակման ծավալն ու հաճախականությունը: GDELT-ն նախագիծ է, որը Google Ideas-ի աջակցությամբ մշտադիտարկում է աշխարհի գրեթե բոլոր երկրների հեռարձակող, տպագիր եւ օնլայն մեդիան:

ՀՌԿԿ-ն ուսումնասիրել է բավականին մեծ ժամանակահատված՝ 1979 թվականից մինչեւ մեր օրերը: Արդյունքում գրաֆիկական պատկերների են վերածվել աշխարհի 100 լեզուներով տպագրված հոդվածներ, որոնք հայտնվել են տվյալների բազայում:

Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասին անդրադարձները միջազգային մեդիայում հիմնականում կապվել են կոնֆլիկտային, ցնցումային իրադարձությունների հետ, որոնք մեր տարածաշրջանում վերջին 35 տարիների ընթացքում քիչ չեն եղել:

Վրաստանն, օրինակ, համաշխարհային մեդիայի ուշադրության կիզակետում է հայտնվել 2008 թվականի օգոստոսին, երբ պատերազմել է Ռուսաստանի հետ: Իրավիճակն առավել լայն է լուսաբանվել, քանի որ նույն օրերին մեկնարկել են Պեկինի օլիմպիական խաղերը, որոնք մոլորակին խաղաղության կոչ են հղել, իսկ նույն օրը (օգոստոսի 8-ին) հսկա գերտերությունը հարձակվել է մասշտաբով ավելի փոքր պետության վրա:

Բոլոր երեք պետությունների դեպքում կարեւոր ինֆորմացիոն առիթ են դարձել ու լայնորեն ներկայացվել անկախացումն ու ինքնիշխան պետության ձեւավորման փաստը, որն ուղեկցվել է բռնության կիրառմամբ, ճնշումներով ու մարդկային զոհերով:

Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում տեղեկատվության առավել մեծ հոսք է պահանջվել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում: Ինչպես ասվում է հետազոտության մեջ՝ երկու պետությունների ճակատագրերն այդ պատերազմի միջոցով իրար են կապվել:

GDELT_Armenia

Հայաստանի մասին հիշատակման գագաթնակետերից մեկը 1983 թվականին էր (երբ այն դեռ ԽՍՀՄ տարածքի մաս էր): Առիթը Փարիզի օդանավկայանում «Թուրքական ավիաուղիների» դեմ կատարված ահաբեկչական գործողությունն էր, որի պատասխանատվությունը ստանձնեց հայ ազգայնական «ԱՍԱԼԱ» կազմակերպությունը: Դա հենց միջազգային հնչեղություն ունեցող լուր էր, որը Սովետական Հայաստանում տարածել խորհուրդ չէր տրվում:

Բնական է, որ մեդիայի ամենածավալուն ուշադրությունը Հայաստանի հանդեպ նկատվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրերին:

Արցախյան պատերազմը, Սպիտակի երկրաշարժը, «Օղակ» գործողությունը, Բաքվի ջարդերն ու հայկական ուժերի կողմից Քելբաջարը վերցնելն այն իրադարձություններն էին, որոնք լայնորեն լուսաբանվեցին միջազգային մեդիայում:

Մեդիա հիշատկման հաջորդ գագաթնակետը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին էր՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում տեղի ունեցած կրակոցների առիթով:

Առիթները գրեթե միշտ ողբերգական ու ցնցումային են եղել: Իսկ 21-րդ դարում Հայաստանն ավելի սակավ է հիշատակվել միջազգային մեդիայում: Աղյուսակից պարզ է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Բարաք Օբամայի ճառին սպասումը 2010 թվականին (կօգտագործի՞ «ցեղասպանություն»  (genocide) բառը, թե՞ ոչ) այն ինֆորմացիոն առիթներն էին, որոնք ամենից հաճախն էին կապվում Հայաստանի հետ:

Հետաքրքիր է, որ 2008 թ.-ի նախագահական ընտրություններն ու մարտի 1-ի ողբերգական դեպքերը այդքան մեծ արձագանք չստացան միջազգային մեդիայում, որքան 2013 թ.-ի նախագահական ընտրությունները: Երկու դեպքում էլ նույն նախագահն էր հայտարարվել ընտրված, սակայն ինֆորմացիայի հոսքը Հայաստանից դեպի դուրս անցյալ տարի ավելի ակտիվ էր, քան 2008 թ.-ին:

Ադրբեջանին առնչվող մեդիա հիշատակման վերջին գագաթնակետը կապվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հետ: 

Ուսումնասիրությունը չի մանրամասնում մեդիա անդրադարձների բովանդակությունը (բացասական կամ դրական), այն միայն հաշվարկում է հիշատակման ծավալը:

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?