Ալկոհոլի գովազդի՝ եթեր վերադառնալուց կշահեն որոշ մասնավոր ալիքներ

12.12.2014, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստատեսային գովազդի դաշտը Հայաստանում վերաձեւման փուլում է:

Երկու կարեւոր փոփոխություններ են արվել, որոնց արդյունքում գովազդից ստացվող ֆինանսական հոսքերը կավելանան ու նորովի կբաշխվեն մասնավոր ալիքների միջեւ:

Նախ՝ Հանրային հեռուստաընկերության եթերից դուրս կմղվի առեւտրային գովազդը (օրինագիծը դեռ օրենքի ուժ չի ստացել, սակայն հանրայինն արդեն ինքնակամ է հրաժարվել գովազդի հեռարձակումից), ինչը մյուս ալիքների գովազդային հոսքերի աճ է ենթադրում:

Երկրորդ կարեւոր փոփոխությունը կապված է գովազդվող ապրանքատեսակների շարքում ալկոհոլի հայտնվելու հետ: Թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը Հայաստանում հինգ տարի արգելված էր (բացառությամբ ազգային արժեք համարվող տեղական արտադրության կոնյակի):

Սակայն «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելուց հետո 2014 թ. հուլիսի 31-ից արգելքը շարունակեց գործել միայն առավելագույն դիտելիություն ունեցող ժամերին՝ 06:00-ից-22:30: Ժամանակային սահմանափակումը պայմանավորված է ալկոհոլային խմիչքների գովազդի ազդեցությունից հատկապես երեխաներին զերծ պահելու նպատակով:

Արդեն մի քանի ամիս է` թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր) գովազդն անարգելք հայտնվում է էկրանին ուշ երեկոյան ու գիշերային ժամերին: Դա թույլ է տալիս հեռուստաընկերություններին հավելյալ գովազդային գումար ակնկալել:

Ալկոհոլի վերադարձը հեռուստաեթեր հիմնավորվել է՝ հենց հաշվի առնելով հեռուստաընկերությունների բիզնես շահերը (բացառությամբ Հանրային հեռուստաընկերության, որն ամեն դեպքում գովազդից ազատ ալիք է դառնում):

Օրենքի փոփոխության նպատակը, ըստ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի, «մեր հեռուստատեսությունների ֆինանսական ինքնաբավությանը, ֆինանսական կայունությանը, հետեւաբար նաեւ հեռուստատեսության որակի բարձրացմանը նպաստելն է»: Օրենքի քննարկումների ժամանակ՝ 2014թվականի մարտին, նա վստահեցնում էր, որ փոփոխությունն օգնելու է բոլոր հեռուստաընկերություններին դուրս գալ ֆինանսական ծանր վիճակից՝ թույլ տալով տարեկան մինչեւ 1 միլիարդ դրամ (այն ժամանակ մոտ 2,5 միլիոն դոլար) լրացուցիչ մուտքեր ապահովել:

Հայաստանում հեռուսատագովազդ վաճառող Media International Service սեյլս հաուզի տնօրեն Տիգրան Սաֆարյանն ավելի զգույշ է իր կանխատեսումներում: Նրա կարծիքով՝ ալկոհոլի գովազդի թույլատրումը որոշ չափով կազդի, բայց լրջորեն չի փոխի իրավիճակը, քանի որ գովազդն ընդհանուր շուկայի հետ է կապակցված:

«Տարվա վերջում կարող ենք սպասվող ֆինանսական հոսքերի մասին ավելի հստակ ասել, բայց հույս ունենք, որ առաջին տարում հեռուստատեսություն մոտ 500-600 միլիոն դրամ կուղղվի»,- Media.am-ին ասաց Տիգրան Սաֆարյանը:

Media International Service սեյլս հաուզին է պատկանում «Արմենիա», «Շանթ», «ԱԹիՎի», Արմնյուզ» հեռուստաընկերություններին գովազդ վաճառելու բացառիկ իրավունքը: Գովազդի ծավալի առումով այդ չորս ալիքները հեռուստադաշտի անվերապահ առաջատարներն են: Տիգրան Սաֆարյանը Հայաստանի գովազդային շուկան գնահատել էր 20 միլիոն դոլար ու նշել, որ մինչ 2013 թվականը այն երկու անգամ ուռճացված է եղել:

Իհարկե, թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի թույլատրումը առաջին հերթին կավելացնի արտասահմանյան արտադրանքի գովազդի ծավալը մեր եթերում, քանի որ գովազդի շուկայում խոշոր դերակատարում ունեն միջազգային բրենդները (հիգիենիկ պարագաները, խմիչքները): Իսկ տեղական արտադրողները հիմնականում էժան օղի են արտադրում ու հատկապես հեռուստագովազդի մեծ պահանջ չունեն:

Հասկանալի է, որ օղի գնելու ցանկությունը գովազդով չի պայմանավորված, էժան օղի գնողները շարունակելու են գնել էժանը, իսկ թանկ խմիչքներ նախընտրողները դժվար թե հեռուստագովազդով ուղղորդվեն:

Եվ այս իրավիճակում մեծանում է դրսից գումար բերելու հնարավորությունը, ինչից կարող են օգտվել ոչ միայն վերը նշված չորս խոշոր ալիքները, այլեւ այն ալիքները, որոնք սեյլս հաուզից դուրս են եւ ինքնուրույն են փորձում խաղալ գովազդի դաշտում:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ՝ խոշոր միջազգային ալկոհոլային բրենդները պատրաստ են գումար ծախսել գովազդի համար, որն այսօր հիմնականում արտաքին գովազդի՝ վահանակների, ցուցանակների տեսք ունի: Եվ ինչու՞ չուղղել այդ գումարը նաեւ հեռուստադաշտ:

«Ալկոհոլի գովազդի նպատակայնությունը խորհրդարանում այդքան էլ լավ չհիմնավորվեց: Ասվեց, որ մենք չխմող ժողովուրդ ենք, չունենք սթափարաններ: Բայց իրականում մենք ամենախմող ու ամենածխող ժողովուրդն ենք նախկին ԽՍՀՄ տարածքում: Իրականում խոսքը դրսի գումարի մասին է: Ուկրաինական «Նեմիրոֆ» օղին, օրինակ, 10 միլիոն դոլարի բյուջե ունի, որն այսպես թե այնպես պիտի ծախսի գովազդային նպատակներով, այդ թվում նաեւ Հայաստանում»,- ասում է Գեղամ Մանուկյանը:

«Ստատուս հոլդինգ» գովազդային գործակալության տնօրեն Տիգրան Բալոյանի կարծիքով՝ զուտ բիզնեսի տեսանկյունից (ներկրողների, արտադրողների, խանութնեերի շրջանառության, նաեւ հեռուստաընկերությունների համար) ալկոհոլի գովազդի թույլատրումը ողջունելի որոշում է:

«Բայց մյուս կողմից թունդ ալկոհոլի սպառման աճի (հատկապես օղու) խայտառակ ցուցանիշները վկայում են ազգի գենոֆոնդի քայքայման մասին: Ռուսաստանն, օրինակ, հենց ալկոհոլի տեմպերի պատճառով քայքայման եզրին է հայտնվել: Ես դրանում սեփական ազգին թմրեցնելու քաղաքական որոշում եմ տեսնում: Եվ եթե մենք էլ ուզում ենք այդ մոդելով ուղղորդվել, ուրեմն կարող ենք բիզնեսը առաջնային համարել, իսկ Հայաստանի բնակչությունն ու իմիջը՝ երկրորդական»,- ասում է նա:

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?