Հայաստանում թե՛ լրագրության, թե՛ քաղաքագիտության մեջ մենք շարունակում ենք մարքսիստական ավանդույթները, համաձայն որոնց՝ լուսաբանումը պետք է արտահայտի այս կամ այն կողմի շահերը:
Անկախ լրագրություն, լուսաբանում մեզանում շատ քիչ է երկու պատճառով. առաջին՝ լրագրողներն ու մեկնաբանները գտնվում են իրենց գործընկերների, ամբողջ մեդիա դաշտի, ընդհանուր քաղաքականության եւ հասարակական տրամադրությունների ճնշման տակ, ինչը տալիս է իրավիճակի սուբյեկտիվ, կողմնակալ մեկնաբանություններ, եւ երկրորդ՝ նրանք հասկանում են, որ այլ կերպ չի կարելի, որովհետեւ այլ կերպ նրանք հայրենասեր չեն երեւա:
Իհարկե, այս պարագայում նրանց համար շատ դժվար է օբյեկտիվ լուսաբանելը, որովհետեւ երկու տարբեր մասնագիտություններ՝ լրագրողն ու հայրենասերը, խառնվում են իրար:
Այդ պատճառով շատ քիչ բացառություններով Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը բավական սուբյեկտիվ եւ կողմնակալ է մեզ մոտ: Մեր մեդիայում չեն արտահայտվում այլ կողմի տեսակետները, չեն ներկայացվում այլ կողմի շահերը, չկա «լավ, որ ամեն ինչում ճիշտ ենք, բա ինչու՞ ենք այս վիճակում» հարցի պատասխանը:
Կոնֆլիկտի լուսաբնումը պետք է լինի օբյեկտիվ. դա լրագրության հիմքն է: Ամեն հարցի շուրջ պետք է տրվի թե՛ հայկական, թե՛ արդբեջանական տեսնակյունը, ինչպես նաեւ միջազգային մեկնաբանությունները հարցի վերաբերյալ: Սա լրագրության պարզ այբուբենն է, որը նույնիսկ ասելու չէ: Իսկ մենք ամբողջական ինֆորմացիա չունենք հարցի շուրջ. ադրբեջանական կողմի ինֆորմացիան մեզ չի մատուցվում:
Հիշում եմ՝ Ղարաբաղյան հակամարտության սկզբնաշրջանում, երբ աշխատում էի թերթում, շատ մեծ խնդիրներ ունեցանք Հայաստանի ղեկավարության հետ այն պատճառով, որ ներկայացնում էինք նաեւ ադրբեջանական տեսակետը:
Կարծում եմ՝ հիմա նման ճնշումներ չկան իշխանությունների կողմից, պարզապես լրագրողներն ու խմբագիրներն արդեն տեղավորվել են ինքնագրաքննության պատյանի մեջ եւ կարծում են, որ ձեւը դա է, ճիշտը մեր փառապանծ հաղթանակները ներկայացնելն է, թուրքին հայհոյելը, որովհետեւ ընդունված լրագրողական բարոյականությունն այդպիսին է:
Բայց մենք ինֆորմացիայի խնդիր ունենք ոչ միայն Ադրբեջանի հետ կապված, այլեւ Ղարաբաղի: Շատ քիչ ինֆորմացիա է տրվում Ղարաբաղի պետական, հասարակական կյանքի վերաբերյալ, մարդկանց մասին: Տրվում է միայն պաշտոնական, կոնֆլիկտային-ռազմական տեղեկատվություն:
Կարծում եմ՝ սա առաջին հերթին պայմանավորված է Ղարաբաղի նկատմամբ հետաքրքրության պակասով: Մեր ներքաղաքական մանր-մունր հարցերը շատ ավելի մեծ հետաքքրություն են ներկայացնում, որովհետեւ ինտրիգ են պարունակում, եւ մեդիայի ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է դրա վրա, իսկ Ղարաբաղյան հարցում ինտրիգ չկա:
Երկրորդ գործոնն իմ կարծիքով՝ ֆինանսական միջոցների սղությունն է, որի պատճառով Ղարաբաղում լրագրողներ չունենք, եւ երրորդը՝ Ղարաբաղում բավականաչափ որակյալ լրագրողների պակասը:
Լրագրողները Ղարաբաղի վերաբերյալ ինֆորմացիան ներկայացնելիս պետք է ոչ թե ցույց տան, թե իրենք ինչքան քաջ կամ հայրենասեր են, այլ հասկանան, որ իրենց գործը իրականությունը ներկայացնելն է, որպեսզի ընթերցողն աղճատված պատկերացում չունենա իրականության մասին:
Մեդիան միշտ էլ մեծ դերակատարություն է ունեցել կոնֆլիկտների հարցում, հատկապես դրանց թեժացման: Սակայն մենք կարիք ունենք ոչ թե ագրեսիայի կոչի, այլ խաղաղությանն ուղղված հրապարակումների:
Աղասի Ենքոյան
քաղաքագետ
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: