2018.04.03,

Քննադատ

Ֆեյսբուքը առանց հասկանալու ճնշում է խոսքի ազատությունը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ֆեյսբուքը դարձել է ռեպրեսիվ մեքենա, որը ճնշում է խոսքի ազատությունը։ Առնվազն հայ և ադրբեջանցի լրագրողների և բլոգերների համար։

Սկզբում նպատակները բարի էին։ Ֆեյսբուքը որոշեց պայքարել ատելության խոսքի դեմ (hate speech)։ Բայց խնդիրն այն է, որ այս սոցիալական ցանցից երկու միլիարդից ավելի մարդ է օգտվում, իսկ մոդերատորների թիվը, ըստ իրենց տվյալների, մոտավորապես 8 հազար է։ Ֆեսբուքում, բնականաբար, օգտագործվում են ավտոմատացված մոդերացիայի մեթոդները։

Իհարկե, կիրառվում է արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում։ Անկասկած, սա պետք է թույլ տար դարձնել Ֆեյսբուքը ավելի մարդամոտ և հանգիստ հարթակ։ Իրականությունը, սակայն, մի թեթև տարբերվում է պլանավորված զարգացումներից։

Ֆեյսբուքի ադմինիստրացիան ստեղծել է արգելված բառերի ցուցակ, որոնք  ազգության հողի վրա այլատյացություն են քարոզում։

Այսպես, չի կարելի կիրառել ազգությունները նկարագրող նսեմացնող խոսքեր։ Հարկ չէ այս հոդվածում նման խոսքերի ցանկ բերել։ Սակայն, վատ չէր լինի, որ Ֆեյսբուքի ադմինիստրացիան այդ խոսքերի ցանկը հրապարակեր, քանի որ շատ դեպքերում կան ոչ միանշանակ պատկերացումներ։

Ինչևէ, ողջունելի միտք է թույլ չտալ տարածվել ատելության խոսք պարունակող բովանդակությանը։ Սակայն, գաղափարը շատ տարօրինակ է  իրականացվում։

Ֆեյսբուքը օգտատերերին արգելափակում է հին գրառումների համար։ Օրինակ, մի քանի տարի առաջ արված գրառման համար համակարգն առաջին անգամ արգելափակում է մեկ օրով։ Հետո Ֆեյսբուքի բոտը շարունակում է զննել մարդու հին գրառումները։

Գտնելով նոր, արդեն արգելված բառ, նորից է արգելափակում։ Այս անգամ երեք օրով։ Հետո մեկ շաբաթով, մեկ ամսով։ Հերթական անգամը կարող է հանգեցնել Ֆեյսբուքի հաշվի վերացմանը։

Իհարկե, անհասկանալի է, ինչու մարդ պետք է այսօր արգելափակվի հինգ տարի առաջ արված գրառման համար։ Հատկապես, երբ Ֆեյսբուքի ադմինիստրացիան այդ ժամանակ լուրջ չէր վերաբերում նման բառերի կիրառմանը։

Ստացվում է օրենքների հետին թվով պատժիչ կիրառում։ Բայց դե սա գոնե լուծելի խնդիր է․ մարդ կարող է իր էջից գտնել բոլոր արգելված բառերը պարունակող գրառումները և դրանք ջնջել։

Իսկ ի՞նչ անեն մարդիկ, որոնց Ֆեյսբուքի արհեստական բանականությունը սկսում է արգելափակել հինգ-յոթ տարի առաջ մեկ այլ մարդու գրառման տակ կատարված մեկնաբանության համար։

Ֆեյսբուքը ինքը մեկնաբանություններով որոնելու գործիք չի տրամադրում, բայց հետին թվով պատժիչ գործողություններ է  իրականացնում։

Օքեյ, մենք հասկացանք, որ սխալ էինք, էլ չենք անի, ուղղվել ենք։ Բայց մեզ ո՞վ է լսում՝ հերթական նաֆթալինոտ մեկնաբանությունն է հանվում տատիկի պահարանից և հերթական վճիռն է կարդացվում։

Խնդիրը ավելի է բարդանում, քանի որ Ֆեյսբուքի բոտերը մեքենայական ուսուցման հիման վրա սկսում են «ավելի լավ» հասկանալ գրառումները։ Որպես հետևանք, արգելված «ազեռ» բառի կիրառման համար արգելափակվում են մարդիկ, որոնք գրել են «Ազերի Թըդեյ» (Լրատվական է) կամ «Ազեռ Ֆուադով» (մարդ է, քանի որ Ազեռը նաև Ադրբեջանում տարածված անուն է)։

Եթե բոտը սկսում է ընկնել մարդու հետևից, այն սկսում է ստանալ իսկական քիլլերի հատկանիշներ։ Իմ ընկերներից մեկը արգելափակվել է պարզապես լեմուրի նկար տեղադրելու համար․ քանի որ ինքը արդեն դիտվում է որպես կասկածելի անձ, որը արդեն մի քանի անգամ արգելափակվել է։

Իսկ իմ մի լավ ընկեր արգելափակվել է գրառման համար, որ ոչ թե ատելության խոսք, այլ սիրո խոսք կարող է որակավել․ մարդը խոստովանում է, որ սիրում է Արցախը և անմիջապես արգելափակվում մեկ ամսով։ Ահա բացատրության սքրինշոթը:

Քանի որ մեծ քանակի հայաստանյան լրագրողներ և բլոգերներ ներգրավված են տարբեր ֆեյսբուքյան խմբերի քննարկումներում, որոնք ընթանում են, օրինակ, ադրբեջանական լրագրողների և բլոգերների հետ, ռեպրեսիվ մեթոդների կիրառումը Ֆեյսբուքի արհեստական բանականության կողմից բերել է նրան, որ տասնյակ լրագրողներ և բլոգերներ Հայաստանից և Ադրբեջանից այս պահին արգելափակված են։ Եվ սա արդեն անընդհատ և խրոնիկ բնույթ է կրում։

Ու ամենագեղեցիկ պահն այն է, որ Ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ կապվելու և այս ամենը բացատրելու միջոցներ չկան․ հետադարձ կապը, ամենայն հավանականությամբ, կարդում է նույն արհեստական ինտելեկտը և զմայլվում։

Փաստացի, Ֆեյսբուքը հիմա ակտիվորեն ճնշում է խոսքի ազատությունը Հայաստանում և Ադրբեջանում՝ դրա մասին տեղյակ չլինելով։ Քանի որ օգտատերերի հետ հետադարձ կապի միջոց չունի, իրավիճակի տնօրինումը հանձնվել է արհեստական բանականությանը։

Հ․Գ․ Մոռացա ասել․ ես ինքս արգելափակված եմ, և արդեն խրոնիկ վիճակում եմ գտնվում․ բացվելուց մի քանի ժամ հետո կրկին ինձ արգելափակում են ինչ֊որ մեկնաբանությունների համար, որոնց մասին ես նույնիսկ չեմ էլ հիշում, այնքան որ հին են դրանք։

Հ․Հ․ Գ․ Եթե Կաֆկան ողջ լիներ, հիմա հաստատ համ արգելափակված կլիներ, համ արդեն խմբագրերին հանձնած կլիներ «Ֆեյսբուքը» նոր վեպը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *