Այսօր առավոտյան մոտ 6 ժամ տևողությամբ խուզարկություն է իրականացվել Yerevan.Today լրատվական կայքի խմբագրությունում: Ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները ստուգել են խմբագրության բոլոր համակարգիչները՝ պարզելու համար, թե ինչ առանչություն ունի լրատվամիջոցը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և տարածման հետ:
Ըստ Քննչական կոմիտեի, խմբագրությունում խուզարկությունը կատարվել է Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու, այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում:
Իրավապահները խմբագրությունում փնտրել են գաղտնալսող սարքեր, ինչպես նաև ստուգել են համակարգիչները` պարզելու, թե ինչպես է Yerevan.Today -ը ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան հղումը, քանի որ տեղեկություններ են ստացվել, որ կայքը գաղտնալսված հեռուսախոսազրույցը դրել է կայքում ամենաառաջինը՝ դեռևս սեպտեմբերին հինգին:
Կայքի խմբագրակազմը այդ տեղեկությունները հերքել էր։ «Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները»,- ասվում էր Yerevan.Today -ի հայտարարության մեջ:
Կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղեկությունները, թե Yerevan.Today -ը առաջինն է հրապարակել Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, կապված է Google-ի սխալի հետ։ Նա նշել է, որ նույն կերպ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ասուլիսի մասին տեղեկատվության հրապարակումն է ավելի շուտ երևում Yerevan.Today -ում:
«Առգրավվել է իմ համակարգիչը և մի քանի համակարգչի կոշտ սկավառակներ։ Խմբագրության աշխատանքը պարալիզացված է, չգիտենք, թե երբ կվերադարձնեն կոշտ սկավառակներն ու համակարգիչը»,-ասել է Հակոբյանը:
Ըստ քննչական կոմիտեի «խմբագրությունում կատարված խուզարկությունը որևէ կերպ առնչություն չի ունեցել իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է՝ ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»։
«Լրատվական կայքի խմբագրությունում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են թվով մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչներ՝ դրանցում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: