Մարդիկ չեն զգում, բայց մեդիան է իրենց փոխարեն որոշում, թե ինչ մտածեն, ինչ անեն, ինչպիսին լինեն, ինչը պաշտեն ու ատեն, ինչի ձգտեն։ Այն ձեւավորում է հասարակության խաղի կանոնները։ Մեդիան մեսիջ է, որից ոչ ոք չի կարող խուսափել։ Վերջիվերջո, մարդը դառնում է այն, ինչ ամեն օր տեսնում է։
Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի հայաստանյան գրասենյակի կատարած «Հայաստանի ԶԼՄ-ների մասին 2011 թ. հասարակական կարծիքի ու նախընտրությունների հետազոտության» համաձայն՝ հայաստանցիների 81%-ն ամեն օր հեռուստացույցի առջեւ միջինը երեք ժամ է անցկացնում։ 33%-ի համար հեռուստատեսությունը ժամանցի հիմնական միջոցն է, որը օրական 7-12 ժամ է խլում։ Հայկական սերիալներ դիտում է Հայաստանի բնաչության 80%-ը։
Հեռուստաընկերությունները չեն հապաղում հեռուստադիտողին «ուրախացնել» նորանոր օճառային օպերաներով։ Ամեն հերթական սերիալ նախորդից ավելի շատ դաժան տեսարաններ, հայհոյախառը բառապաշար ու բռնություն է պարունակում։ Գրեթե բոլոր սերիալների հեղինակերը կարծես խոսքերը մեկ արած լինեն, օճառային օպերաների համարյա ամեն սերիայում տղամարդ կերպարը հայհոյում, հոգեբանորեն ճնշում եւ ծեծում է իր կնոջը (անգամ հղի կնոջը), քրոջը, մորն ու զոքանչին։
Հերոսուհիներն էլ հիմնականում չեն աշխատում, նրանց կերպարները կարծես ստեղծված են միայն ինտրիգներ հյուսելու, անվերջ լացելու եւ բռնության ենթարկվելու համար: «Հասարակություն առանց բռնության» հ/կ վերլուծության համաձայն՝ հայկական սերիալներում կանանց նկատմամբ բռնության, լացի ու ընկճվածության տեսարանները կազմում են 60%։
Նույն պատկերը արտացոլվում է նաեւ իրականության մեջ։ Հայաստանի կանանց 52%-ը գոնե մեկ անգամ բռնության որեւէ տեսակի է ենթարկվել։ Հայ տղամարդկանց 55%-ը կարծում է, որ կինն է մեղավոր, եթե տղամարդը նրա վրա ձեռք է բարձրացնում («Զերծ պահիր ինձ քո կարծրատիպերից» սոցիոլոգիական հարցում):
Կանանց նկատմամբ մեդիայով «խրախուսվող» բռնությունը միակ խնդիր չէ։ Լրատվամիջոցներն ամեն օր մարդկանց ներշնչում են, որ կնոջ արժեքն ուղիղ համեմատական է նրա տեսքի ու սեքսուալության հետ: Երգիչներին շրջապատում են կիսամերկ աղջիկներ, երգչուհիներն էլ իրենց երգը հանրահայտ դարձնելու համար էրոտիկ տարրեր պարունակող հոլովակներ են նկարահանում։
Կնոջ մարմինը նաեւ օգտագործվում է ապրանք գովազդելու եւ գնորդին գրավելու համար: Հայկական ամսագրային գովազդներում կանանց 50%-ը կարճ, բաց հագուստով է, ներքնազգեստով կամ էլ բոլորովին մերկ («Կնոջ կերպարը հայկական գովազդում» հետազոտություն):
Այն, ինչ ցուցադրվում է, ամրապնդվում է իրականության մեջ։ Հայ տղամարդկանց 60%-ը համարում է, որ կինը երբեք լավ ղեկավար չի լինի։ Հայաստանում18 նախարարներից միայն 2-ն են կին, 131 պատգամավորներից՝ ընդամենը14-ը:
Մեդիան կարծրացնում է կնոջ եւս մեկ կերպար՝ տնային տնեսուհի, խոհանոցի տիրուհի, երեխաների պատասխանատու: Գովազդների, սերիալների ու հեռուստահաղորդումների մեծ մասը ողողված է մեսիջով, որ հայ կնոջ գլուխը միշտ կախ է, որոշում կայացնելու իրավունքն էլ միայն տղամարդունն է։
Տեքստը եւ տեսանյութը՝ Անի Ստեփանյանի
Տեսանյութը 2013թ.-ի Բրիտանական խորհրդի «Նա/Նե» լրագրողական մրցանակաբաշխության համար Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության պատրաստած հոլովակից մի հատված է:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: