«Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը վստահ է, որ եթե Հայաստանում գործի օրինավորության ազգային համակարգը, լրատվամիջոցները կզգան, որ թիկունք ունեն: Այդ դեպքում կոռուպցիոն երևույթները բացահայտող լուրերը կհամարվեն հաղորդում հանցագործության մասին:
«Կոռուպցիա» բառը թարգմանաբար նշանակում է՝ փչացած: Իսկ ցանկացած բան, որը փչանում է, անպայման հանգեցնում է կործմանման՝ ներառելով տարբեր հարակից ոլորտները, մակերեսներն ու անձանց:
Լրագրությունն այն ոլորտն է, որի մեջ ներդրված է մաքրման հնարավորությունը: Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ հիմա լրագրողների գործը նման է Մյունհաուզենի հնարքին (բռնում ես մազերից ու ինքդ քեզ հանում ճահճից): Բայց այդ հնարքը կարող է օգնել հանրությանը դուրս գալ ապատիայի թմբիրից:
Կոռուպցիան կանխարգելելու համար ինչպիսի՞ նվազագույն քայլեր են պետք:
Նախ՝ անհրաժեշտ է, որպեսզի պետական առանցքային ինստիտուտները (դատական, գործադիր, օրենսդիր իշխանությունները, ընտրական համակարգը, Մարդու իրավունքների պաշտպանը, Վերահսկիչ պալատը և մյուսները) ունենան հակակոռուպցիոն դերակատարում և կոռուպցիան կանխարգելելու որոշակի գործառույթներ:
Բայց շատ կարևոր է, որ դերակատարում ունենան նաև ոչ պետական ինստիտուտները՝ լրատվամիջոցները, կուսակցությունները, բիզնեսը, քաղաքացիական հասարակությունը (հ/կ-ներ, հիմնադրամներ և այլն):
Հիմնական գաղափարն այն է, որ միայն պետական մարմիններով կոռուպցիան կրճատել հնարավոր չէ: Մենք վերջերս ներկայացրեցինք Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները, որոնք ամփոփվել են Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների համար: Հայաստանի դեպքում բավականին տխուր պատկեր է, հատկապես հասարակության վերաբերմունքի տեսակետից:
Մեր հասարակությունը սարսափելի անտարբեր է կոռուպցիայի հանդեպ: Եվ կարծում եմ՝ այս ապատիայի իրավիճակում շատ անելիք ունեն հատկապես լրատվամիջոցները: Նրանց պետք են այնպիսի հատկանիշներ, որ կարողանան կոռուպցիան կանխարգելող ինստիտուտ դառնալ:
Կոնկրետ ինչպիսի՞ հատկանիշներ:
Առաջին հերթին լրատվամիջոցը պետք է լինի անկախ և ունենա բավարար նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներ: Ինֆորմացիոն դաշտում պետք է աշխատեն լավ ֆինանսավորվող և ամենակարևորը, ունակ մարդիկ:
Լրագրողը պիտի այնքան վարձատրվի, որ շահագրգռված լինի «քչփորել» լուրջ թեմաները: Կոպիտ ասած՝ նրան, աշխատավարձից բացի, գումար և միջոցներ են հարկավոր տարբեր մարզեր գործուղվելու ու հետաքննություն կատարելու համար:
Ոչ պակաս կարևոր են ներքին կառավարման չափանիշները: Լրատվամիջոցների համար սկզբունքները շատ պարզ են, նրանք պետք է լինեն թափանցիկ, հաշվետու և, ի վերջո, անել այնպես, որ իրենց ասածն ու արածը չհակասեն իրար: Այսինքն, վստահությունը ձեռք բերեն իրենց վարքագծով:
Երևի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում դժվար է նշել մի լրատվամիջոց, որն իրականում անկախ է կուսակցական կամ տնտեսական շահերից (հիմնականում ստվերային):
Այդ փոխկապակցվածությունն, իրոք լուրջ խնդիր է: Եվ դժբախտաբար, լրատվամիջոցների, որպես Հայաստանի օրինավորության համակարգի բաղադրիչի, վերաբերյալ հետազոտությունների արդյունքները մեզ չեն ոգևորում: Կարող ենք ասել, որ լրատվամիջոցների աշխատանքը կարգավորող իրավական դաշտ կա, սակայն խնդիրները ծագում են, երբ հերթը հասնում է պրակտիկային:
Կարծում եմ՝ լուրջ դեր կարող էր ունենալ վեճերն ու խախտումները կարգավորող «ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը», որը ինքնակարգավորվող միավորում է: Բայց որքան տեսնում ենք, այդ մարմինը չունի մեծ հեղինակություն ու ակտիվ դերակատարում:
Լրագրողները իրենք պետք է դիմեն այդ մարմինին, ինչը հազվադեպ է պատահում:
Այն, որ լրագրողները չեն դիմում, արդեն իսկ ցուցանիշ է: Վստահ եմ, որ դիմելու առիթները բազմաթիվ են:
Կարևոր է, որ լրատվամիջոցները լինեն պրոֆեսիոնալ և ցանկանան լուսաբանել ու հետաքննել կոռուպցիոն դեպքերը: Եթե անկեղծ լինենք, հիմա բացի «Հետքից», ոչ մի այլ լրատվամիջոցների աշխատանքում նման ցանկություն չի երևում:
Հակակոռուպցիոն տեսակետից՝ անհրաշետ է, որ լրատվամիջոցները բացահայտումներ անեն, կարողանան իրենց նյութերն ու պատմությունները ներկայացնել հանրությանը և որոշակի արժեքներ քարոզել:
Միգուցե նաև սթափ ու մաքուր վիճակում պահել պետակա՞ն մարմիններին:
Բնականաբար, դա անելու համար լրատվամիջոցն ինքը պետք է մաքուր, անկախ ու թափանցիկ լինի: Իսկ եթե լրատվամիջոցը չի բացահայտում իր իրական սեփականատիրոջը, հարց է ծագում՝ իսկ ի՞նչ դիրքերից է այն խոսում կոռուպցիայի մասին: Կոպիտ ասած՝ սկզբից սկսիր քեզնից, հետո անցիր մյուսներին:
Լրատվամիջոցների իրական սեփականատերերին բացահայտելու և ընդհանրապես անկախության տեսակետից շատ տխուր պատկեր է հատկապես հեռուստատեսային դաշտում: Լրատվամիջոցների իրական սեփականատերերը չեն բացահայտվում, և եթե այսպես շարունակվի, չեն էլ բացահայտվի:
Չենք կարող ասել, որ կան անկախ ալիքներ, ինչը շատ լավ երևում է այն ժամանակ, երբ պահանջվում է լուրջ, օպերատիվ ու անաչառ լուսաբանում: Ասենք, «Սասնա ծռերի» դեպքում:
Հեռուստաընկերությունները կաշկանդված են, թեև շարունակում են ամենաբարձր դիտելիություն ունեցող մեդիան մնալ: Բնական է, որ այսպիսի ալիքներից չենք կարող սպասել կոռուպցիոն դրսևորումների մասին լուրջ նյութեր: Իսկ եթե այդպիսի հաղորդաշարեր հայտնվում են (օրինակ, «Սուր անկյունը»), դրանք ավելի շուտ հիշեցնում են սովետական այն մոդելը, թե ինչ-որ տեղ կան որոշ թերություններ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է:
Իրականում, անտարբերությունը նկատվում է նաև լրագրողների աշխատանքներում:
Ոգևորությունը սկիզբ է առնում ու տարածվում է, երբ կան տեսանելի փոփոխություններ: Մեր իրավիճակում չենք կարող սպասել, որ լրագրողներն ու լրատվական դաշտը սկսեն հիպերակտիվ գործել, լուրջ քաղաքական կամ տնտեսական բացահայտումներ անել (նույնիսկ այնպիսի «անմեղ» ոլորտներում, ինչպիսին են արվեստը, մշակույթը):
Շատերը մտածում են՝ եթե բոլորը թաթախված են կոռուպցիայի մեջ, մենք ի՞նչ անենք, հո՞ չենք դառնա սպիտակ ագռավ, մանավանդ, որ առջևում հսկա մեքենա է:
Այս իրավիճակը նման է բրեժնևյան «լճացման տարիներին»:
Հիշում եմ այսպիսի մի անեկդոտ. մի մարդ թռուցիկներ էր ուզում փակցնել շենքերին, նրան բռնում-տանում են ոստիկականական բաժանմունք, խուզարկում են ու պարզում, որ թռուցիկներն իրականում սպիտակ թղթեր են: Հարցնում են՝ ինչու՞ ես դատարկ թղթերը փակցնում: Պատասխանում է՝ դե, ինչու՞ գրեմ, առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:
Հիմա կարծես մեր հասարակությունն էլ է այդպես մտածում: Եթե կոռուպցիայի հանդեպ հասարակությունը հանդուրժողական է, դժվար թե բան փոխվի: Շատերը թերևս մտածում են՝ դե ի՞նչ արած, էդպես է:
Շատ լրագրողական նյութեր անպատասխան են մնում, դա հուսահատեցնում է:
Իհարկե, դա էլ է թևաթափ անում, բայց գոյություն ունի նաև շղթայական ռեակցիա, որն անպայման որևէ արդյունքի հանգեցնում է: Օրինակ, երբ Ուկրաինայում պաշտոնյաները ներկայացրին իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, լրագրողները սկսեցին ստուգել դրանք և շատ հետաքրքիր բացահայտումներ անել:
Լրագրողները զգացին իրենց հասարակության մաս: Մեզ մոտ այդպես չէ: Ավելի շուտ պետական մարմինների կողմից լրատվամիջոցների նկատմամբ գործում է «Շունը հաչի, քարավանն անցնի» սկզբունքը: Բայց բոլոր դեպքերում պետք է շարունակել աշխատել:
Ես փորձում եմ հասկանալ, թե ո՞րն է փոփոխությունների վեկտորը: Եվ արդյոք կհայտնվի փոփոխությունների համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը:
Հիշում եմ, երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին որոշվեց միանալ Եվրասիական միությանը, այդ որոշումից դժգոհ զանգվածը չհասավ կրիտիկականի. քիչ մարդ դուրս եկավ փողոց՝ բողոքելու: Իսկ Ուկրաինայում դուրս եկան, և նախագահը ստիպված եղավ փախչել:
Փաստորեն, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը կամ կոռուպցիոն դրսևորումները այն հարցերը չեն, որոնք կարող են իշխանություններին դրդել փոփոխությունների կամ ժողովրդին հանել փողոց: Ոչ էլ անգամ աղքատությունը (չմոռանանք, որ ֆրանսիական հեղափոխությունը ծագեց սովից), որը կարող էր սոցիալական ապստամբության հանգեցնել:
Եվ հարց է առաջանում՝ բա ի՞նչ ենք ուզում: Չկա այն գաղափարը, որը փողոց դուրս կբերի, ինչպես տեղի ունեցավ 1988թ.: Հետագա տարիներին դեմոկրատական գաղափարները լրիվ վարկաբեկվեցին: Մարդիկ չգիտեն, թե ինչ է դեմոկրատիան, քանի որ սովետից հետո եկածը այլ մի բան էր: Մարդիկ վատ են ապրում ու կարծում, որ դա է դեմոկրատիան:
Հիասթափությունը սերնդե սերունդ է փոխանցվում, կարծես ժառանգվում է: Փոխանցվում է նաև թևերը ծալած ապրելու գաղափարը:
Երևի հարմարվողականությունն ունի դրական կողմեր՝ օգնում է գոյությունը պահպանել: Համենայնդեպս, պատմության համատեքստում գլուխը կախ ու սուսուփուս ապրելը օգնել է:
Մեր հարմարվողականության տոկոսը շատ բարձր է: Մենք հեշտությամբ ենք հարմարվում վատ վիճակին: Եվ հարց է ծագում՝ իսկ ո՞րն է այն ներքին սահմանը, որին հասնելուց հետո հարմարվելն այլևս հնարավոր չի լինի:
Որքան տեսնում ենք, իշխանությունները կարողանում են այնպես անել, որ մարդիկ չանցնեն այդ վերջին ներքին շեմն ու այսուամենայնիվ պահպանեն հույսը:
Անարդարության հանդեպ հանդուրժելու հիմքը «Մենք ոչինչ անել չենք կարող, մենք փոքր մարդիկ են» միտքն է: Իսկ երբ այդպիսին են հասարակության խաղի կանոնները, դժվար է փոխել մտածելակերպը: Եվ երբ, օրինակ, հարցնում ենք, կուզեն ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, հարցվողների կեսից ավելին պատասխանում է՝ ոչ:
Վարդերի հեղափոխության պահին Վրաստանը գտնվում էր հինգ ամենակոռումպացված երկրների շարքում, մեզանից շատ ավելի վատ տեղում: Բայց կարողացավ փոխվել և հիմա մեզանից շատ առաջ է անցել: Իսկ սկզբում վրացիները սկեպտիկ էին, անգամ ծիծաղում էին նախագահ Սահակաշվիլիի ջանքերի վրա, հետո տեսան, որ ստացվում է:
Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող են անել լրագրողները հանրային ապատիան փոխելու համար:
Առաջին հերթին թող իրենց միջից հանեն ինքնագրաքննությունը: Հետո մտածեն իրենց աշխատանքի համար ռեսուրսներ գտնելու մասին: Իհարկե, դա շատ դժվար է: Դա կարծես նման է Մյունհաուզենի արածին, երբ բռնում ես մազերից ու ինքն քեզ հանում ճահճից:
Թափանցիկ ու անկախ աշխատելու հորդորը թեև տրաֆարետային է հնչում, բայց դա է ելքը: Մեր պղտոր ժամանակներում ամենաճիշտը փորձելն է մնալ պրոֆեսիոնալ: Չկորցնել ներքին ազատությունը, պատասխատատու լինել սեփական նյութերի հանդեպ:
Հույսը անհատ լրագրողներն են, որոնք հասկանալով ներկա պայմանները, կաշխատեն ավելի պրոֆեսիոնալ և ազատ: Այսինքն, ավելի խորը կդիտարկեն նյութերը, կվերլուծեն և լուրջ կվերաբերեն իրենց գործին: Գոնե աղբ չեն տարածի:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: