Մայիսի 9-ին «Հրապարակ» թերթը եւ iLur.am կայքը նյութ էին հրապարակել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի եւ մարզիկներ Արթուր ու Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջեւ տեղի ունեցած վիճաբանություն մասին, որում ասվում էր, թե վիճաբանության ժամանակ Վարդան Նադարյանն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել Արթուրի կրծքավանդակին:
Քննիչ Գարիկ Բեգոյանը լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հիմնավորելով, որ «Հրապարակ»-ի եւ iLur.am-ի տեղեկատվության աղբյուրների բացահայտումը կարող է օժանդակել քրեական գործով ենթադրյալ ծանր հանցագործության վերաբերյալ հաստատող կամ հերքող ապացույցներ ձեռքբերելուն:
Նա նշել էր, որ հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն այս դեպքում ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը:
«Հրապարակ»-ն ու iLur.am-ը դիմել են վերաքննիչ դատարան, որտեղ բողոքարկում են դատարանի որոշումը:
Լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու կարեւորության եւ մեդիա դաշտի վրա դրա հնարավոր բացասական ազդեցությունը մեկնաբանում են մեդիա փորձագետն ու իրավաբանները:
Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Իրավապահ մարմինները միշտ էլ շահագրգռված են, որպեսզի լրագրողներն ու քաղաքացիները բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրները: Սակայն գոնե լրատվամիջոցների առումով գոյություն ունի աղբյուրների պաշտպանության սկզբունք, եւ այդ սկզբունքը կարեւորներից մեկն է խոսքի ազատության համատեքստում:
Աղբյուրի բացահայտման պահանջ կարող է դնել միայն դատարանը, բայց միայն այն դեպքում, եթե ծանր հանցագործության հետ կապված դեպք է քննում: Եթե այդպիսի դատական քննություն դեռ չի իրականացվում, ապա որեւէ մեկը չի կարող նման պահանջ ներկայացնել, եւ դատարանը նույնպես քննարկման չի կարող դնել նման պահանջ:
Այն, ինչ այս պահին կատարվում է, կարող է կաշկանդել լրագրողին` օգտվելու այնպիսի աղբյուրներից, որոնք չեն ցանկանում բացահայտվել: Դա շատ լուրջ վնաս է խոսքի ազատությանը եւ քաղաքացիների` տեղեկություններ ստանալու իրավունքին:
Եթե այսպիսի պրակտիկան խորանա Հայաստանում, հուսով եմ, որ դրան համապատասխան արձագանք կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանից:
Արա Ղազարյան
իրավաբան
Այն հիմքը, որով քննիչը դիմել է դատարան, գրեթե չի օգտագործվել Հայաստանում: Փորձ է արվում աղբյուրը բացահայտել այնպիսի պայմաններում, երբ թերի են թե՛ օրենսդրությունը, թե՛ երաշխիքները:
Միայն ծայրահեղ դեպքերում պետք է պահանջել բացահայտել աղբյուրը, երբ այլընտրանքային կամ ավանդական բոլոր միջոցները սպառված են, եւ գործը ոչ թե հանրային մեծ հետաքրքրություն, այլ հանրային գերական շահ է ներկայացնում, այսինքն` այնպիսի հանցագործություն է` ինչպիսին կազմակերպված հանցավորությունն է, տեռորիզմը, թմրանյութերի շրջանառությունը:
Սա շարքային քրեական գործ է` մի անձի կողմից մյուս անձի նկատմամբ բռնություն: Նման շարքային գործի դեպքում պետք է սովորական քննչական եղանակներով փորձել հանցագործությունը բացահայտել, ոչ թե լրատվամիջոցների աղբյուրի միջոցով:
Եթե մի անգամ աղբյուրը բացահայտվի, դա սառեցնող ազդեցություն կունենա ողջ մեդիա դաշտի վրա. աղբյուրները կդադարեն հաղորդել այնպիսի ինֆորմացիա, որը լրատվամիջոցները սովորական պայմաններում չէին ստանա: Դրանից կտուժի հանրությունը:
Գեւորգ Հայրապետյան
Տեղեկատվության ազատության կենտրոնի իրավաբան
Դատարանը լրատվամիջոցին կարող է պարտավորեցնել աղբյուրը բացահայտել հանրային շահի համար` երբ կա ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն բացահայտելու կարիք, այն էլ այն դեպքում, երբ այլ կերպ այդ ինֆորմացիան չի կարող բացահայտվել:
Աղբյուրի գաղտնիության կարեւորության հարցը պետք է կասկածի տակ դնել բացառապես այն դեպքերում, երբ այլընտրանք չկա հանրային գերակա շահ ներկայացնող գործը` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու համար:
Այս պարագայում քննիչի հայտարարությունը, թե պետք է լրատվամիջոցներին պարտավորեցնել բացահայտել աղբյուրը, կասկած է հարուցում` արդյո՞ք քննչական մարմնի նպատակը հենց հանրային շահը ապահովելն է: Ավելի շուտ տպավորություն է ստեղծվում, թե նպատակը լրատվամիջոցներին լռեցնելն է:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: