2013.04.29,

Նյուսրում

Լրագրողի գործ. սառնասիրտ մնալ, երբ վիրավորում է ոստիկանը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանը խոստանում է հետեւել իրեն վիրավորած ոստիկան Վարդան Ղուկասյանի հետագա կարիերային:

Ապրիլի 27-ին Անի Հովհաննիսյանի եւ ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել:

Քաղաքացիական հագուստով Վարդան Ղուկասյանը վիրավորել եւ հրել էր լրագրողին, երբ նա պարեկային ծառայության ոստիկաններից մեկից փորձել էր պարզել, թե ինչու են Հյուսիսային պողոտայում նվագող կիթառիստ Գեւորգին տանում ոստիկանական բաժանմունք:

Միջադեպի հաջորդ օրը Ոստիկանության խորհրդակցության արդյունքում Վարդան Ղուկասյանը հեռացվել է աշխատանքից:

Լրագրող Անի Հովհաննիսյանի խոսքերով՝  ինքը շարունակելու է հետեւել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

«Հետամուտ եմ լինելու, թե ինչ է լինելու Վարդան Ղուկասյանի հետ, եւ ճիշտ պահին կդիմեմ դատարան, եթե նկատեմ, որ սա Վովա Գասպարյանի (ՀՀ ոստիկանապետ Վլադմիր Գասպարյան, խմբ.) հերթական փիառ քայլն էր: Եթե Վարդան Ղուկասյանը կրկին հայտնվեց համակարգում, մեծ բողոքի ալիք եմ բարձրացնելու ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլեւ Վովա Գասպարյանի դեմ»,- ասում է Անի Հովհաննիսյանը:

Ոստիկանի եւ լրագրողի միջեւ կատարվածը մեծ քննարկում առաջացրեց ոչ միայն մեդիայում, այլեւ սոցիալական ցանցերում: Քննարկվում եւ քննադատվում էր եւ՛ ոստիկանության աշխատակցի, եւ՛ լրագրողի վարքագիծը: 

Անի Հովհաննիսյանը ինքն էլ գնահատում է իր գործողությունների ճիշտ եւ սխալ կողմերը: Լրագրողը սխալ է համարում միջադեպի ընթացքում իր հունից դուրս գալը:

«Իմ գործողության մեջ սխալն այն էր, որ ես ասացի նրան՝ «լակոտ, այ տղա»: Եթե պրովոկացիա անեի, ինչպես շատերը նշում են, դա էլ չէի ասի, այլ կթողնեի, որպեսզի իմ պրովոկացիան շարունակվեր: Ես մարդկայնորեն շատ վիրավորվեցի եւ շատ վատ զգացի ինձ, որի հետեւանքով հունից դուրս եկա, ինչը, եթե ավելի սառնասիրտ լինեի, կարող է մտածեի ու չանեի»,- ասում է նա:

Լրագրողի կարծիքով՝ ճիշտ քայլը դեպքի վայրում գտնվելն էր, թեկուզ վիճաբանության գնով:

«Թե՛ մարդկայնորեն, թե՛ որպես լրագրող՝ ես այդ տեղով անտարբեր չէի անցնելու եւ չէի ասելու՝ «դե Գեւորգին տանում են, թող տանեն, իմ ինչ գործ»: Ճիշտ եմ արել, որ ոստիկանին թեկուզ ձեռքով կանգնեցրել եմ, որպեսզի ինձ տեղեկատվություն տա»,- ասում է Անի Հովհաննիսյանը:

Ինչպիսի՞ն պետք է լիներ ոստիկանի եւ լրագրողի վարքագիծը: Մեկնաբանում են մեդիա մասնագետներն ու ոստիկանության լրատվության վարչության պետը:

Դավիթ Ալավերդյան
«Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր464

Կարծում եմ՝ անկախ ամեն ինչից՝ ոստիկանի պահվածքը պարզապես անընդունելի էր: Անկախ նրանից՝ իր առջեւ լրագրող է, թե սովորական քաղաքացի, ոստիկանը երբեք չպետք է փողոցային զրույցների եւ հատկապես՝ ձեռքերով հարաբերություններ պարզելու մակարդակին իջնի: Եվ այն, որ ոստիկանապետի հրամանով նա ազատվել է աշխատանքից, շատ արդարացի է. սա շատ լավ ազդակ կլինի մյուս ոստիկանների համար հասնակալու, թե ինչպես չպետք է պահի իրեն ոստիկանը:

Լրագրողներին, այնուամենայնիվ, խորհուրդ կտամ մի քիչ ավելի սառնասիրտ գտնվել՝ անկախ նրանից, թե դիմացինը իրեն ինչպես է պահում: Պետք է հիշել, որ մեր հիմնական աշխատանքը ինֆորմացիան հանրությանը հասցնելն է: Բանավեճի մեջ մտնելուց բացի՝ մենք ունենք նաեւ շատ ավելի հզոր զենք՝ ինֆորմացիան տարածելու հնարավորությունը:  Կարծում եմ՝ այս դեպքում հնարավորություն կար ավելի բարձրաստիճան ոստիկաններից կամ Ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտելու, թե որն էր երաժիշտին տարածքից հեռացնելու պատճառը:

Միջազգային պրակտիկան հուշում է, որ լրագրողը ոչ մի պարագայում չպետք է անձնական ներգրավվածություն եւ շահագրգռվածություն ունենա կոնֆլիկտի մեջ մտնելու իրավապահ մարմինների հետ:

Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

465Իհարկե, ոստիկանը շատ մեղավոր էր, եւ այն պատիժը, որ ստացել է, համաչափ է իր վարքին: Բայց նաեւ պետք է ընդգծեմ, որ մեր գործընկերը նույնպես դրսեւորել է պահվածք, որը այնքան էլ հարիր չէ լրագրողին: Համենայնդեպս, ինքը շատ ավելի բարեկիրթ ձեւով պետք է դիմեր ոստիկանին եւ իր պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս շատ ավելի զուսպ պահվածքով այդ ամենը աներ: Կարծում եմ՝ լրագրողի այդ վարքագծի մեջ կա պրոֆեսիոնալ եւ մարդկային էթիկայի խախտում:

Երբ էքստրեմալ պայմաններում ենք գործում, պետք է ամեն դեպքում հասկանանք, որ կատարում ենք հասարակական նշանակության գործ, եւ պետք է շատ ավելի բարձր լինենք ու հաղթահարենք ցանկացած սադրանք, ոչ թե իջնենք իրավապահ մարմինների ներկայացուցիչների դրսեւորած վարքագծի մակարդակին:

Կարծում եմ՝ այս կոնֆլիկտից դասեր ունեն քաղելու եւ՛ լրագրողը, եւ՛ իրավապահ մարմնի ներկայացուցիչը:

Գեղամ Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն 

Ոստիկանի (հատկապես քաղաքացիական հագուստով) արարքը, իրոք, դատապարտելի էր, եւ կարծես թե առաջին դեպքը չէ, որ այդ466 տղան նման սադրանքներ է իրականացնում:

Բայց իբրեւ լրագրող՝ պետք է անկեղծ ասեմ, որ մեր լրագրողական ընտանիքը էթիկայի նորմեր պետք է ունենա, եւ ինչ որ պահանջում ենք ոստիկանից, նախարարից, թաղապետից կամ մարզպետից, նույնը առաջին հերթին մենք պետք է անենք եւ այդ իրավունքով պետք է պահանջը դնենք:

Այն տեսանյութը, որը ես տեսա, ցավոք սրտի, տխուր պատկեր էր: Լրագրողը կարող է արդարացում ունենալ՝ «ինձ հրեցին, ես չկարողացա ինձ տիրապետել». ադպես Թոխմախի Մհերն (ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյան, խմբ.) էլ իրեն չի կարողանում երբեմն տիրապետել:

469

Աշոտ Ահարոնյան
Ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետ

Ոստիկանության վերաբերմունքը կարծում եմ՝ ընկալելի է, եթե ոստիկանության ծառայողը ազատվել է պաշտոնից: Լրագրողների եւ ոստիկանների միջեւ բախում չլինելու համար երկուստեք հանդուրժողականություն է պետք, թեեւ վերջին երկու տարվա մեջ նման դեպքերը եզակի են:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *