Երեք հարցադրում Զարուհի Փոստանջյանին ու Պետրոս Ղազարյանին

19.04.2017, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Նաեւ սոցիալական մեդիա դասընթացավար: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանին մեղադրել է էթիկայի խախտման համար:

Ապրիլի 17-ի  «Ուրվագիծ»-ի եթերում Զարուհի Փոստանջյանը ցանկացել է հեռանալ տաղավարից: Նրան դուր չեն եկել «Ելք»-ի և Նիկոլ Փաշինյանին մասին Պետրոսի հարցերը («Ելք»-ը և «Երկիր ծիրանի»-ին Երևանի ավագանու ընտրություններում մրցակից կուսակցություններ են):

«Կներես, չէ գնում եմ, ես չեմ եկել, որ Փաշինյանի.. ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չենք տալիս»,- տաղավարում ասել է Փոստանջյանը` ոտքի կանգելով և փորձելով պոկել կրծքին ամրացված խոսափողը:

«Լավ, անցանք Փաշինյանից»,- ասել է Պետրոս Ղազարյանը:

«Չէ, գնացինք: Նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ գնամ»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:

Հնարավոր է, որ այս տեսանյութի որոշ հատված եթեր չի գնացել, քանի որ անցումը խոսակցության հաջորդ հատվածին անհարթ է: Պետրոս Ղազարյանը կրկնել է «Լավ, անցանք Փաշինյանից»: «Փաշինյանից չանցանք, նորից ենք անում ուրեմն: Նորից սկսում ենք… Փաշինյանից «վաբշե. «Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե»»,- ասել է Փոստանջյանը:

Պետրոս Ղազարյանի հաջորդ հարցը Երևանի ավագանու ընտրությունների մասին է. «Քաղաքի զարգացման ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու»:

Ապրիլի 18-ին Էրեբունիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է այս միջադեպին և Պետրոսին մեղադրել ոչ պրոֆեսիոնալ լինելու համար. «Եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա  և՛ էթիկայի խախտում է, և՛ պրոֆեսիոնալիզմի բացակայություն: Եվ ասել եմ, այո, խնդրում եմ այդ հարցը այլևս չտալ»:

Կարճ ժամանակ անց Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումով պատասխանել է Փոստանջյանին. «Մեր քաղաքական գործիչները լրագրողներից բողոքելու փոխարեն պետք է սովորեն, որ իրենց դուր չեկող հարցերը նույնպես հնչելու են և մի փոքր պատրաստվեն դրանց եթերից առաջ։ Իսկ էս դեպքում նախ նույն հարցը չի կրկնվում, հետո, եթե հարցին չեն պատասխանում, կարող եմ 10 անգամ էլ նույն հարցը տալ։ Պրոֆեսիոնալիզմը և էթիկան ինչ կապ ունեն»:

Ես չգիտեմ, թե «Ուրվագիծ»-ի տաղավարում ինչ են պայմանավորվել հաղորդման այս հատվածի մասին Զարուհի Փոստանջյանը և Պետրոս Ղազարյանը:  Պետրոս Ղազարյանը խոստացե՞լ է, որ «Ելք»-ի ու Նիկոլ Փաշինյանի մասին հարցերն ու «Լավ, անցանք Փաշինյանից»-ով հատվածը եթեր չի հեռարձակվի:  Պրոֆեսիոնալիզմի ու էթիկայի մասին, սակայն, երեք կետ կա, որի մասին պետք է նշեմ:

Խոստումը լրագրողի զենքն է

Եթե Պետրոս Ղազարյանը խոստացել է, որ չի հեռարձակի Զարուհի Փոստանջյանի հետ միջադեպի հատվածն ու հեռարձակել է, ապա, այո, այստեղ կա էթիկական խնդիր:

Հարցերը քանակ չունեն

Զարուհի Փոստանջյանը կարող է հիշել, թե ինքը Ազգային Ժողովում քանի անգամ է ստիպված եղել նույն հարցն ուղղել կառավարությանը կամ ԱԺ ՀՀԿ-ական վերնախավին՝ պատասխան ստանալու նպատակով: Եվ ճիշտ է արել:

Հարցեր կան, որ պետք է հնչեցվեն: Ու «Ելք»-ի մասին «Ուրվագիծ»-ի տաղավարում արված հարցադրումները հենց այդ պարտադիր հնչեցվելու ենթակա հարցերի շարքից են: Այնպես, որ այստեղ պրոֆեսիոնալիզմի հարց չկա: Ընդհակառակը՝ Պետրոս Ղազարյանը պրոֆեսիոնալ է եղել՝ այդ հարցերը հնչեցնելով:

Հավասար վերաբերմունք բոլոր հյուրերին

Եթե լրագրողն ունի սկզբունքներ, ապա ունի միշտ: Միգուցե Պետրոս Ղազարյանը փորձում է բոլոր դեպքերում ու բոլոր հյուրերի պարագայում լինել նույն պրոֆեսիոնալը: Բայց հետաքրքիր է՝ եթե Զարուհի Փոստանջյանի փոխարեն այլ, այսպես ասենք, «անձեռնմխելի» քաղաքական գործիչ լիներ, նրան կտրվե՞ին ոչ հաճո հարցերը կամ էլ կհեռարձակվե՞ր ուշադրության գրաված հյուրի արտառոց վարքը:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?