Բորիս Նավասարդյան. «Մեդիաներն ապահովել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համաչափ լուսաբանումը»

25.04.2012, Նյուսրում

Լրագրող

Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) հրապարակել է հեռարձակող մեդիաների կողմից մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման մոնիտորինգի արդյունքները:

Մոնիտորինգի համաձայն՝ ապրիլի 8-17 ընկած ժամանակահատվածում մեդիաները հիմնականում ապահովել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համաչափ լուսաբանումը՝ կուսակցություններին եւ դաշինքին հավասար պայմաններ տրամադրելով իրենց ծրագրերն ու հայացքները ընտրազանգվածին ներկայացնելու համար:

«Զարմացած եմ նրանով, թե ինչքան պատասխանատու եւ բարեխիղճ ձեւով են հեռուստաընկերությունները այս անգամ մոտենում նախընտրական այս շրջանի լուսաբանմանը: Այն դրական առումով բավականին տարբերվում է եւ՛ նախորդ ընտրություններից, եւ՛ այս նախընտրական քարոզչությունից առաջ ընկած ժամանակաշրջանից»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրությունն առավել համաչափ է բաշխվել «հ2» հեռուստաընկերության եթերում, իսկ կուսակցություններին եւ դաշինքին հատկացված եթերաժամանակի առումով ամենաշատ տարբերությունն արձանագրվել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լուսաբանման ծավալով ճնշող առավելություն է ունեցել, եւ «Երկիր Մեդիա»-ում, որի եթերում առավելություն է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

Թեեւ Երեւանի մամուլի ակումբը մեդիաների նախընտրական քարոզարշավը լուսաբանելու մեջ ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել, այն նաեւ որոշակի խնդիրներ է արձանագրել:

«Հիմնական խնդիրները կապված են քաղաքական գործիչների, կուսակցությունների՝ մամուլի հետ աշխատանքի հետ. շարունակվում են դժվարություններ կուսակցությունների ներկայացուցիչներին հարցազրույցների հրավիրելու առումով»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

ԵՄԱ նախագահի խոսքերով՝ չնայած բալանսավորված լուսաբանմանը՝ հետազոտված բոլոր ալիքների արդյունքների հանրագումարով առաջատարների եռյակ է ձեւավորվել:

««ՀՀԿ»-ն, «ԲՀԿ»-ն ու «ՀՅԴ»-ն բոլորից շատ են լուսաբանվում: Հաճախականության առումով հեռուստատեսային բոլոր ալիքներով «ՀՀԿ»-ն առաջին տեղում է՝ բացառությամբ «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

ԵՄԱ դիտարկմամբ՝ թեեւ նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում մեդիաները բարեխիղճ են աշխատել, այնուամենայնիվ, դեռեւս բավական հնարավորություններ կան քարոզարշավն առավել արհեստավարժ լուսաբանելու համար:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?