Ժամանակը խորհրդանշող մարդիկ ստացան մրցանակներ

18.07.2017, Նյուսրում

Լրագրող

Երևանի մամուլի ակումբը հուլիսի 18-ին տոնեց իր 22-րդ տարեդարձը: Սկսած 1998 թվականից ԵՄԱ-ն իր ծննդյան օրը մրցանակներ է հանձնում Հայաստանի լավագույն լրագրողներին, լրատվամիջոցներին և մեդիա կազմակերպություններին:

Մրցանակներից մի քանիսը սահմանել են ի հիշատակ զոհված կամ մահացած գործընկների:

ԵՄԱ մրցանակների անվանակարգերը ամեն տարի ձևակերպվում են ըստ մրցանակակրի աշխատանքի ու հանրային պահանջների:

Որակյալ լրագրությունը և նորարարությունը լավագույնս համադրելու համար «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանն արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակին:

Հակամարտության պայմաններում Սիրիայի հայ համայնքի կյանքը պատկերող «Պատերազմի և խաղաղության կռիվը» ֆիլմաշարի համար՝ Առաջին ալիքի հատուկ նախագծերի խմբագիր Տիգրան Դանիելյանն արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին:

Տիգրան Դանիելյան, Նունե Սարգսյան

ԵՄԱ մրցանակներ ստացան նաև «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը (Հայաստանի առցանց մեդիայում և սոցիալական ցանցերում 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման հետազոտության համար), Sut.am կայքը (կեղծ տեղեկատվության տարածմանը դիմագրավելու նախաձեռնության համար), լրագրող Լուսինե Հովհաննիսյանը (հրապարակախոսական նյութի ինքնատիպ մատուցման համար):

Հայաստանի մարզական կյանքի պրոֆեսիոնալ լուսաբանման համար, լուսանկարիչ Հակոբ Բերբերյանն արժանացավ Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին: Մրցանակը հանձնեց Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակի առաջին դափնեկիր, մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը: Այս տարի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակ չտրամադրվեց:

Համայնքների ֆինանսիստների միավորումը մրցանակ էր սահմանել «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրը  համատեղ իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

«ՀաՄաՏեղ» ծրագրի 2016-2017 թվականի մրցանակակիրներն են «Հետք»-ի լրագրող Երանուհի Սողոյանը և Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունը:

Մրցանակ՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությանը

Սողոյանը մրցանակ ստացավ տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների թեմային հավատարմության համար, իսկ հեռուստաընկերությունը՝ համայնքային և տեղական ինքնակառվարման համակարգի խնդիրները հետևողականորեն լուսաբանելու:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ասաց, որ այնպիսի ազատ ու բազմազան միջավայրում, ինչպիսին լրատվամիջոցներն են, փորձում են գտնել ժամանակը խորհրդանշող մարդկանց:

Նա նշեց, որ առաջիկա տարում Երևանի մամուլի ակումբը մրցանակակիրներին կտրամադրի նաև մասնագիտական վերապատրաստման և կապեր հաստատելու հնարավորություն:

ԵՄԱ տարբեր տարիների մրցանակակիրների ամբողջական ցանկին ծանոթացեք այս հղումով:

Գագիկ Աղբալյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?