Հետընտրական հաշվարկ. գովազդի որ տեսակն են նախընտրել քաղաքական ուժերը

10.10.2018, Նյուսրում

Լրագրող

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար քաղաքական ուժերը ծախսել են մոտ 170 մլն դրամ: Ընտրական օրենսգրքով, քարոզչական նյութերի տարածման համար կուսակցություններն ու դաշինքները յուրաքանչյուրը կարող էր ծախսել առավելագույնը 100 մլն դրամ: Ընտրությունների մասնակցում էր 12 քաղաքական ուժ։

100 մլն դրամի շեմին չեն մոտեցել քաղաքական ուժերից և ոչ մեկը: «Բարգավաճ Հայաստանը» հատել է առավելագույնի կեսը՝ նախընտրական քարոզչության համար ծախսելով մոտ 62,7 մլն դրամ: Նրանից հետ է մնացել «Իմ քայլը» դաշինքը՝ ծախսելով մոտ 47,8 մլն դրամ: Եռյակը փակում է «Լույսը»` մոտ 13,8 մլն դրամ գովազդային բյուջեով:

ՀՅԴ-ն այս նպատակով ծախսել է մոտ 9,36 մլն դրամ, «Օրինաց երկիրը»՝ 8,99 մլն դրամ, «Ժառանգությունը»՝ 8,05 մլն դրամ, «Երկիր Ծիրանին»՝ 7,4 մլն դրամ: Քարոզչության համար համեստ միջոցներ են հատկացրել «Ժողովրդավարական ուղի»-ին՝ 250 հազար դրամ և «Հայք»-ը՝ 288 հազար դրամ:

Որ գովազդային կրիչներն են կարևորել քաղաքական ուժերը

Սկսենք ամենաշատ միջոցներ ծախսած ԲՀԿ-ից: Ավագանու ընտրությունների ժամանակ այս կուսակցությունը գովազդային կրիչների միջև ընտրություն չի կատարել, չի նեղացրել որևէ լրատվամիջոցի և գովազդով զբաղվող կազմակերպության: Ամենաշատ գումարը հատկացվել է հ2 հեռուստաընկերությանը՝ մոտ 4 մլն դրամ, մոտ 3-ական մլն դրամներ «Շանթ», «Կենտրոն», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերություններին:

3 մլն 350 հազար դրամ է փոխանցվել «Շարմ» ընկերությանը՝ հեծանիվներով և երգող կուսակցականներով տեսահոլովակի պատրաստման համար:

2 մլն դրամ է հատկացվել «Վարուժան Վարդանյան» ԱՁ-ին՝ քաղաքական տեսահոլովակների պատրաստման և մոնտաժի համար: Բյուջեի առյուծի բաժինը փոխանցվել է «Պրինտարմ դանվես» ՍՊԸ-ին՝ մոտ 22 մլն 800 հազար դրամ՝  նախընտրական ծրագրի տպագրության համար:

«Իմ քայլը» իր բյուջեն հիմնականում ծախսել է հեռուստաեթերի և վահանակների վարձակալության համար: ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում քաղաքական ուժը հեռուստաեթերի համար մանրամասն բացվածք չի ներկայացրել, թե որ հեռուստաընկերությանն ինչքան գումար է հատկացրել:

Հեռուստաեթերի համար ծախսել է մոտ 17 մլն 750 հազար դրամ, որից 4 մլն 500 հազար դրամ հատկացրել է «Շանթ» հեռուստաընկերությանը, 1 մլն 380 հազար դրամ՝ «Արմենիա»-ին, 556 հազար դրամ՝ «Ա-Թիվի»-ին, 117 հազար դրամ՝ Հանրային հեռուստաընկերությանը: Մնացած ուղղություններն անհայտ են:

Մոտ 14 մլն դրամ էլ ծախսել է վահանակների վարձակալության համար: Մնացած գումարի մեծ մասը գնացել է բուկլետների տպագրության համար:

«Լույս»-ն իր հայտարարագրում չի մանրամասնել թե նախընտրական քարոզարշավի համար որ կազմակերպությունների հետ է պայմանագիր կնքել: Քաղաքական ուժը գումարը դիվերսիֆիկացրել է երեք ուղղություններով՝ բուկլետների տպագրություն, եթերաժամանակ, արտաքին գովազդ:

ՀՅԴ-ն իր միջոցներն ուղղել է հիմնականում հեռուսատեսություն, ամենաշատը վճարելով «Շանթ»-ին՝ 1 մլն 473 հազար դրամ, «Արմենիա»-ին՝ 1 մլն դրամ: «Կենտրոն»-ին գովազդի համար վճարել է 342 հազար դրամ:

«Ժառանգությունը» ևս եթերաժամանակի գումարի մեծ մասն ուղղել է դեպի «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններ: Հանրային հեռուստաընկերությանը գովազդի համար վճարել է 15 հազար դրամ: Կուսակցությունը գումար է հատկացրել նաև ռադիոեթերի և արտաքին գովազդի համար:

Արտաքին գովազդին մեծ տեղ է տվել «Երկիր Ծիրանին»: Իսկ եթերաժամանակ նախընտրել է Հանրային հեռուստատեսությամբ և «Կենտրոն»-ով՝ հատկացնելով համապատասխանաբար  116 հազար և 270 հազար դրամ:

«Օրինաց երկիրը» գումարի մեծ մասը, ընդ որում հավասարաչափ, ծախսել է բուկլետների տպագրության և եթերի համար:

Հեռուստաեթերի համար 120 հազար դրամ վճարել է «Ռեֆորմիստների» կուսակցությունը, մնացած գումարը ծախսել տպագրության և արտաքին գովազդի համար:

«Երևանցիներ դաշինքը» ևս շեշտը դրել է արտաքին գովազդի վրա և ընդհանրապես չի օգտվել ոչ վճարովի հեռուստաեթերից, ոչ ռադիոգովազդից: Նույն տրամաբանությամբ է աշխատել նաև «Երևանի հանրությունը»:

«Հայք»-ն ու «Ժողովրդավարական ուղին» իրենց համեստ միջոցները ծախսել են միայն  տպագիր նյութերի համար՝ համապատասխանաբար 288 հազար և 250 հազար դրամ:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?