Գազարագույն մամուլ

03.10.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Վերջերս քաղաքից դուրս էի։ Ու հենց այն պահին, երբ մեր ոստիկանները կրակոցներով եւ աղմուկ-աղաղակով վնասազերծում էին ավազակների մի մեծ խումբ, փորձեցի հեռախոսով մտնել ցանց՝ իմանալու, թե ինչ է եղել, ոնց է եղել եւ պարզել գործի այլ հանգամանքներ։

Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ։ Լրահոսը կա՛մ ընդանրապես բան չէր պատմում իրադարձությունների մասին, կա՛մ էլ պատմում էր սահմռկեցուցիչ մանրամասներ, որոնցով ես, լինելով կյանքից կտրված, տեղեկացվում էի, որ «ավազակախումբը բաղկացած է եղել բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներից, մեկն էլ, որը ուժային կառույցներից մեկի ղեկավարի որդին է, սպանվել է»։

Հասկանալի է, չէ՞, որ հետագայում պարզվում է, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, ինչպես կարող էր թվալ նրան, ով հույս է դնում լրահոսի վրա։ Պետք եղավ զանգել քաղաք՝ ծանոթներին, իմանալ, թե ինչ է եղել իրականում կամ գոնե իրականությանը մոտ։

Բա հիմա հարց է ծագում՝ մամուլը տեղեկացնելու՞ համար է, թե՞ կարծիքներ տարածելու (էլ բամբասանքների մասին չեմ խոսում)։ Հարցս հռետորական էր, անցնենք առաջ։

Նույն օրերին հետեւում էի Ֆեյսբուքում տեղադրվող գովազդին։ (Այն փոքրիկ մեկնաբանություններով եւ նկարներով վանդակներն են աջ կողմից, եթե որեւէ մեկը տեղյակ չէ): Վերջերս հայկական ցանցային մամուլը շատ ակտիվ է օգտագործում դա՝ հրապուրելով ընթերցողին։ Եվ կարելի է նկատել, որ ԶԼՄ-ներից շատերը (բնականաբար ոչ բոլորը, բայց, այսպես ասած՝ զգալի մասը) երկու տիպի գովազդ էին տեղադրում սեպտեմբերի ընթացքում։ Մեկը՝ Անժելա Սարգսյանն ու նրա հետ կապ ունեցող ամեն ինչ, երկրորդը՝ քարուքանդ եղած, ջարդված մեքենաներ, որոնց մեջ վիրավոր կամ զոհված ՀՀ քաղաքացիներ են։

Պարզ է, չէ՞, որ նման գովազդների վրա հավեսով կտացնում են, թրաֆիկը աճում է, ռեյտինգը բարձրանում։ Մեր էվոլյուցիոն դիրքն էլ իջնում է։ Կրկին գալիս ենք այն հարցին, թե ո՞րն է առաջինը՝ հավը՞, թե՞ ձուն։ Մամուլը պետք է հանրությանը տա այն, ինչին հանրության մեծամասնությունը պատրաստ է եւ տենչու՞մ է տեսնել ու կարդալ, թե՞ մամուլը չպետք է առաջնային համարի քանակը եւ մի քիչ էլ պետք է մտածի որակի մասին, վերնախավի (լավ իմաստով) ինքնազգացողություն ունենա։

Բայց մինչ մենք այսպես քննարկում ենք, մամուլը թափով դեղնում է։ Մի երկու տարի առաջ շատերը տառապում էին, որ հայկական ԶԼՄ-ները խիստ քաղաքականացված եւ բեւեռացված են։ Հիմա շատ դեպքերում չես էլ հասկանա, թե ցանցային մամուլը որ մեկի կողմից է. բոլոր ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր կայքերն ընկած նույն «լխճված» «Ժիգուլին» են ցույց տալիս, նույն ինքնասպանության դեպքի մասին են գրում՝ միայն, թե կարդացող լինի։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?