ՄԻԵԴ-ը գնահատական կտա ազգային դատարանի որոշմանը. առիթը «Իրավունքի» հրապարակումն է

21.03.2017, Նյուսրում

Լրագրող

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննություն է սկսել Հայաստանի դատարանի կողմից «աղանդ» բառի մեկնաբանության վերաբերյալ, որի հիմքում «Իրավունք-Հետաքննություն» շաբաթաթերթի հրապարակումն է:

Դիմումատուներն են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը և կազմակերպության առաջնորդ Արթուր Սիմոնյանը: Եվրոպական դատարանում նրանց շահերը ներկայացրել է փաստաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արա Ղազարյանը:

Թերթը 2011 թվականի հոկտեմբերի 19-25-ի համարում (թիվ 39/2031) գրել էր, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը, ում պոռնոգրաֆիկ բնույթի նկարները տարածվել էին համացանցում, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամ է։ Ըստ Արա Ղազարյանի՝ պարբերականն առանց որևէ փաստական հիմքի դերասանուհու անունը կապել էր կրոնական կազմակերպության հետ, կազմակերպությանը մեղադրելով մանկապղծության, անբարոյականության, պոռնոգրաֆիայի տարածման մեջ․

«Թերթն անվանարկեց և Անժելա Սարգսյանին, և կրոնական կազմակերպությանը, չնայած կազմակերպության հետ դերասանուհին կապ չուներ: Միակ փաստարկն այն էր, որ ինչ որ մեկը հայտարարել էր, թե Սարգսյանն այդ կրոնական կազմակերպության անդամ է: Թերթը գրել էր, թե կազմակերպությունը տարածում է անբարոյախառն պոռնոլուսանկարների թեմա, մանկապղծություն, ինցեստ և այլն: Ահա այսպես երկու իրար հետ ոչ տրամաբանորեն, ոչ էլ փաստերով կապ չունեցող փաստեր միացնելով, սկսեց ատելության խոսք տարածել կրոնական կազմակերպության նկատմամբ»

Թերթը հրապարակել էր նաև անձանց համբավն արատավորող լուսանկարներ:

«Կյանքի խոսք» կազմակերպությունը և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը հայց էին ներկայացրել թերթի դեմ և Հայաստանի Հանրապետության բոլոր ատյաններում պարտվել: Դատարանում վիճարկվել է նաև «աղանդ» բառի շարունակական օգտագործումը ատելության դրդապատճառով: Դատարանը հղում է կատարել Աճառյանի բառարանին և որոշել, որ աղանդը կրոնական համոզմունք է, որը շեղված է մայր եկեղեցու հիմնական կրոնական դավանաբանությունից: Դատարանն օգտվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համապատասխան գրությունից և ընդունել, մեկնաբանել, որ կազմակերպությունը աղանդ է, իսկ հոդվածում արված նույնանուն ձևակերպումը՝ փաստական հիմքերով ճշմարտություն:

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը և Արթուր Սիմոնյանը, գտնելով, որ «աղանդ» բառի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին, 2013 թվականի հուլիս ամսին դիմել են ՄԻԵԴ, պահանջելով սահմանել, որ ազգային դատարանի կողմից «աղանդ» բառի մեկնաբանության արդյունքում խախտվել է կազմակերպության՝ կրոնական համոզմունքներ արտահայտելու իրավունքը:

ՄԻԵԴ-ին ուղղված հարցերը հետևյալն են՝ արդյո՞ք տեղի է ունեցել դիմումատուների կրոնական համոզմունքների ազատության իրավունքի խախտում, արդյո՞ք առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, որը վերաբերում էր «աղանդ» բառին, արդարացված է, և արդյո՞ք նման դիրքորոշում արտահայտելով չի խախտվել պետության՝ կրոնական հարցերով չեզոքություն և անկողմնակալություն պահպանելու սկզբունքը, ինչպես նշված է կարգավորող փաստաթղթերում:

Ակնկալվում է, որ գործի քննությունը կշարունակվի մի քանի տարի։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?