Լավ է առա՞նց լրագրողների, թե՞ լրագրողների հետ

15.11.2017, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

Վարչապետի և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամների հանդիպմանը կառավարության ներկայացուցիչները մերժել էին նախաձեռնող խմբի պայմանը՝ հանդիպել լրագրողների ներկայությամբ:

Մերժումն այսպես էր հիմնավորվել. «Քննարկումները կնկարահանվեն կառավարության լրատվական ծառայության կողմից, այնուհետև տեսանյութը կտրամադրվի թե՛ լրատվամիջոցներին, թե՛ ցուցարարներին»: Այդպես էլ եղավ. հանդիպման տեսանյութն առանց մոնտաժի հրապարակվեց:

Ինչո՞վ կարող էր խանգարել կառավարությունում հավատարմագրված լրագրողների ներկայությունը երկխոսությանը, եթե զրույցի թեման հասարակական հնչեղություն ուներ:

Խոսքը սույն թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի՝ առաջին ընթերցմամբ ընդունված  «Զինվորական ծառայության եւ ծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի մասին է:

Այն առաջարկում է պարտադիր զինծառայության զորակոչից ուսման նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բուհերում բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում է պայմանագիր՝ ուսման ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումն ավարտելուց հետո ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում ծառայություն անցնելու մասին: Այս դեպքում, սակայն, ուսանողները 2-ի փոխարեն պետք է ծառայեն 3 տարի ժամկետով։

Ուսանողների մի մասը առարկություններ ունի և իր անհամաձայնությունն այս նախագծին արտահայտել էր դասադուլով: Նոյեմբերի 14-ին արդեն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հինգ անդամներ հայտարարություն տարածեցին հացադուլ անելու մասին:

Դասադուլավորներ-պաշտոնյաներ հանդիպման առանցքային խնդիր էր լրագրողների ներկայության հարցը:

Բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրում էին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպել՝ առանց լրատվամիջոցների ներկայության (բացառությամբ՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի):

Հենց լրագրողների ներկայացվածության հարցն էլ պատճառ դարձավ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպման չեղարկմանը:

«Զինվորական ծառայության և ծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը  ԱԺ-ում «Արմենիա» հեռուստաընկերությունը նոյեմբերի 14-ին լուսաբանեց՝ հակասելով լրագրության ամենակարևոր կանոնին՝ անկողմնակալությանը:

Մասնավորապես, այս ռեպորտաժում  ներկայացվում են միայն օրինագծին կողմ ելույթները, այն դեպքում, երբ խորհրդարանի ամբիոնից հնչել են նաև այլ բովանդակության ելույթներ:

Օրինակ՝ այս ելույթը, երբ պատգամավորը ներկայացնում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հիմնավորումները՝ ինչու են դեմ օրինագծին: ԱԺ նույն նիստի վերաբերյալ  Հանրային ռադիոյի ռեպորտաժում ԱԺ քննարկումները ներկայացված էին առանց կողմնակալության:

Լրագրողի կողմից միակողմանի հարցազրույց էր նաև «Օրակարգից դուրս» հաղորդաշարի այս հաղորդումը: Հյուրն ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանն էր: Հանդիպման առիթը (կամ պատճառը) «Զինվորական ծառայության և ծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ անհամաձայնությունը:

Երբ խնդրահարույց թեմայով հրավիրվում է կողմերից միայն մեկը, հաղորդավարը ստանձնում է «հակառակ կողմի» դերը՝ լրացնելով երկրորդ հյուրի բացը:

Հաղորդավարուհին իր ձայնային ելևէջներով, դիմախաղով, հարցերը հյուրին ուղղելու ձևով միակողմանի  է. «Հարությու՜ն, դու ծնվել ես Երևանում, ընդունվել ես ագրարային համալսարանի վարժարան, այնուհետև համանուն բուհ: Ուսումդ կիսատ ես թողել, մեկնել ես բանակ: Սկսվեց ապրիլյան պատերազմը: Դու առաջնագծում էիր: Վիրավորվեցիր և, եթե ճիշտ եմ հիշում, մեկ ամիս պառկեցիր հոսպիտալում: Ա՜յ, հոսպիտալում պառկելու ժամանակ, երբ մտքերիդ հետ մենակ էիր մնացել, երբևէ մտքովդ չանցա՞վ, որ դու էլ կարող էիր չմեկնել ծառայության, ուսումդ կիսատ չթողնեիր, խուսափեիր ապրիլյան պատերազմից, հետո ուսումդ ավարտելուց հետո կա՜մ կգնայիր, կա՜մ չէիր գնայիր» (1.18 ր.-1.59 ր.):

«Հարությու՜ն, տե՜ս, այսօր քո հասակակիցներից շատերը բողոքում են տարկետման  իրավունքի վերացման դեմ և նրանք ասում եմ, որ երբ գնում ես բանակ, վերադառնում ես, էլ հավես չես ունենում շարունակել ուսումը, ներողություն եմ խնդրում բառիս համար» (4.37-4.54):  

Այն դեպքում, երբ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հիմնականում ծառայել են, նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը ապրիլյան պատերազմին  ԵՊՀ կամավորական ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ:

«Ազատություն» ռ/կ-ը ևս հարցազրույցի էր հրավիրել մի կողմին, այս դեպքում՝  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամի:

Հաղորդման միակողմանիությունը հաղորդավարուհին «կոտրում» էր՝ հակընդդեմ հարցերով. «Եթե չեմ սխալվում, աշխարհագրության ֆակուլտետի դեկանն էր ուղիղ եթերում հայտարարում, որ ցույց անողների մեջ հազիվ 4-5 մարդ գտնվի, ով իրապես ուզում է գիտությամբ զբաղվել: Գալով այդ խնդրին՝ դուք այս պայքարով իրապես ինչ խնդիր եք ուզում լուծել՝ կրթություն ստանալու ի վերջո, Դուք արդեն ծառայել եք և այդ խնդիրը չունեք (ուղղված է Դավիթ Պետրոսյանին-Լ.Ա.), հնչում են հակափաստարկներ, որ նաև առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով դուք այդ հնարավորությունն ունեք, ի՞նչն է ձեզ խանգարում: Եթե ուզում եք սովորել, խնդրեմ, սովորեք, ավելի՛ն, ՊՆ-ն պարտավորվում է բակալավրիատի ամբողջ ուսման ձեր վարձը վճարել, հետո, երբ որ կգնաք 3 տարով կծառայեք, կուզեք մագիստրատուրայում  սովորել, դա էլ են ցանկանում իրենք վճարել, պատրաստ են վճարել: Այսինքն՝ ձեր անվճար կրթությունն ապահովված է: Եթե ուզում եք, խնդրեմ, եթե չեք ուզում, 18  տարին լրանալուց հետո զորակոչվում եք  բանակ և եթե իսկապես այդքան մեծ մղում ունեք դեպի գիտությունը, ի՞նչն է խանգարում 20 տարեկանից հետո գնալ և ցմահ զբաղվել գիտությամբ» (6.43-7.52):

Վերադառնանք սկզբնական հարցին՝ լրագրողների ներկայությունն ինչ-որ ձևով կանդրադառնա՞ր նախաձեռնության խմբի, վարչապետի ու նախարարների հետ  հետ հանդիպման արդյունքի վրա: Ավելի հավանական է՝ ոչ:

Դատելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կազմակերպած դասադուլի, հացադուլի, ԱԺ-ում օրինագծի քննարկման լուսաբանումից, արդեն իբրև լրատվության սպառող՝ ինքս նախապատվությունը տալիս եմ ուղիղ միացումներին և չմոնտաժված տեսագրություններին:  

 

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանություններ

Գևորգ's picture
Հենց լրագրողների ներկայացվածության հարցն էլ պատճառ դարձավ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպման չեղարկմանը: Չեք կարծո՞ւմ, որ այստեղ ներկայացրել եք միայն մի կողմի կարծիքը` անտեսելով ՊՆ-ի պարզաբանումն այս թեմայով։
Gegham's picture
Հարգելի Գևորգ, մեջբերված պարբերությունը մի դրվագ է հոդվածում։ Փաստն այն է, որ հանդիպումը չի կայացել ու պատճառ նշվել է այն ինչ կա հոդվածում։ Թե ով է ավելի շատ պատասխանատու եղել հանդիպման չկայանալու համար, չի էլ քննարկվում։ Չեմ կարծում, որ ՊՆ-ի կամ դասադուլավոր ուսանողների պարզաբանումներն անտեսելու խնդիր կա մեր հոդվածում: Շնորհակալ եմ մեկնաբանության համար, Media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?