2020.05.11,

Քննադատ

Կեղծ լուրերը թվում են ավելի վստահելի, քանի որ այդպես էլ պետք է լինի

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կորոնավիրուսի մասին ֆեյք նորություններին հավատում են շատերը, անգամ խելացիներն ու ամեն ինչ ստուգողները: Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի մասին ֆեյք լուրերը (վարակի բռնկման պատճառներից սկսած, պայքարի ձևերով վերջացրած) թվում են ավելի ընկալելի ու, մեծ հաշվով, նաև վստահելի:

Կեղծ լուրերին հավատում ենք ոչ թե այն պատճառով, որ խելք չունենք, այլ պարզապես սովոր չենք մտորելու, հավատալու կամ չհավատալու որոշում ընդունելուց առաջ:

Թե ինչու է այդպես, լավ բացատրում է հոգեբանությունը: Ֆեյք լուրերին հավատում ենք, քանի որ դրանք ավելի պարզ ու ճշմարտացի են թվում՝ առաջին հայացքից: Կարող են թվալ կասկածելի երկրորդ հայացքից, բայց հաճախ երկրորդ հայացքի ժամանակ չունենք:

2020-ի մարտին The Economist-ն ու YouGov-ը անցկացրին հարցում, որը ցույց տվեց, որ ամերիկացիների 13%-ը կորոնավիրուսը համարում է խաբեություն, իսկ 49%-ը հավատում է, որ համավարակը արհեստականորեն է ստեղծվել ու տարածվել մարդկանց կողմից:

Այսինքն` հարցվածների գրեթե կեսը հավատում է, որ համավարակի ակունքներում դավադրություն է, ընդ որում՝ դիտավորյալ վարակելու վարկածին հավատում են նաև որոշ գիտնականներ ու կրթված այլ մարդիկ:

BBC Future-ը դա բացատրում է տեղեկատվական գերհագեցվածությամբ: Հատկապես համավարակի ամիսներին մարդիկ բախվում են ահռելի ծավալի տեղեկատվության հետ՝ լուրեր, տարաբնույթ վերլուծություններ, կարծիքներ, նորից լուրեր, թվեր, նորից կարծիքներ…

Եվ այդ անդադար ստեղծվող լրատվական հոսքագծում ամենաարժանահավատը դառնում են (որքան էլ տարօրինակ հնչի) ֆեյք լուրերը: Ինչու՞: Որովհետև դրանք ստեղծողներն ու տարածողները այնպես են կառուցում կեղծ տեղեկությունը, որ մարդիկ հակված լինեն հավատալու: Իսկ ստուգված ու ճշմարիտ լուր կառուցողները այդ մասին չեն մտահոգվում:

Մի քիչ շեղվենք ու գնանք դեպի անցյալ, երբ զանգվածային լրատավական միջոցները համարվում էին ճշմարտություն փոխանցողներ: Ավելի ճիշտ՝ ճշմարտություն էր համարվում այն տեղեկությունը, որը հաղորդում էին դասական զանգվածային լրատվամիջոցները: Դա համագումար տեղեկատվություն էր՝ կառուցված էթիկայի վրա, որը դառնում էր հանրային ճշմարտություն:

Տարբեր ճգնաժամերը (այդ թվում` տեխնոլոգիական պրոգրեսը, որը նույնպես ճգնաժամ էր մեդիայի համար) ստիպեց ընդունել, որ լուրեր արտադրող մեքենան կարող է չլինել ճշմարտություն փոխանցող:

Ճշմարտությունն ընդհանրապես հանվեց օրակարգից: Դարձավ այսպես՝ կարծիք կա, մարդիկ խոսում են, կա տեղեկություն և այլն: Հետճշամրտությունը այդպես է աշխատում:

Ստացվեց, որ լուրեր արտադրելն ու տարածելը արդեն կախված է այն բանից, թե ով է դա անում և ինչ նպատակով:

Ինֆորմացիայի խեղաթյուրումը ունի երկու շերտ՝ գիտակցված խաբեություն (ապատեղակատվություն) և թյուրգիտակցված խաբեություն (առանց կարծելու, որ խաբում են):

Երկու դեպքում էլ գործ ունենք սխալ համատեքստի ստեղծման հետ, որն ազդում է ինֆորմացիայի ընտրողական ընկալման վրա: Եվ ֆեյք կառուցողները դա լավ գիտակցում են՝ օգտագործելով տարբեր հնարքներ:

Առաջինը՝ լուրը տեղադրվում է ցավոտ համատեքստի մեջ:

Լուրը, դիպչելով ցավալի թեմաներին, ստանում է հուժկու էֆեկտ:

Օրինակ` աշխարհում նման ցավոտ թեմաներից է միգրացիան, օտարականությունը, վախը, որ ներգաղթյալները կխլեն բնիկների աշխատանքը, բարեկեցությունը և այլն:

Եվ բնական է, որ վիրուսն ու Չինաստանը հենց այդպես էլ հարաբերվում են՝ չինացիները դա արել են հատուկ: Հետո գալիս է մյուս միտքը՝ չինացիներին դա պետք է իշխելու համար ու ստորացնելու մեզ՝ ազնիվներիս: Հետո արդեն այդ վախեցած վիճակին գումարվում է մյուս միտքը՝ մեզ ուզում են իշխել մեծ կորպորացիաները, օտարները, սևերը, մութ ուժերը, Բիլ Գեյթսը, 5G-ն և այլն:

Այդ ազդակները դառնում են ավելի ազդեցիկ, երբ հասարակությունը նևրոտիկ է՝ գտնվելով անդադար մեդիա գրոհի տակ:

Անպայման չէ սպառողին խաբել նորություններով, բայց անպայման է անել այնպես, որ սպառողը, ցավ զգալով, սկսի գործել: Քարոզչության նպատակը դա է՝ ցավալի համատեքստից դուրս գալու ելք նշմարել, անել այնպես, որ լսարանը սկսի գործել՝ ընդունելով միայն մի կողմը, մի տեսակետը, մի ելքը: Որպեսզի ելք ընտրելը համարվի կյանքի հարց, այլապես առանց ելքի կզգանք մեզ ինչպես թակարդում:

Որպեսզի գործելու, ցավից ու վախից ազատվելու տենչը դառնա կպչուն նպատակ: Եվ մարդը ընդունի, որ կան թշնամիներ ու ընկերներ, սև ու սպիտակ: Եվ ինչ-որ պահից սկսած նաև համակերպվի այն պնդման հետ, որ մածունը սև է:

Վախը ամենամեծ տեղեկատվական զենքն է:

Մինչ տարբեր կառավարություններ փորձում են համոզել, որ համավարակը կառավարելի է ու հաղթահարելի, քանի որ դա նաև իրենց երկարակեցության գրավականն է, ֆեյք լուրերը անում են հակառակը:

Նրանք վախը տարրալուծում են ամեն ինչի մեջ՝ չթողնելով, որ առողջ բանականությունն անցնի գործի ու մի քանի հարց շշնջա ցնցող լուրեր կարդացողի ականջին:

Իհարկե, հասարակությունը վաղուց է ընկել վախի գիրկը:

Մի կողմից տանջում է գլոբալիզացիան. չենք ուզում ընդունել, որ այս պրոցեսը չի կանգնելու:

Մյուս կողմից՝ տեխնոլոգիական շոկ է: Ոչ միայն տեսնում ենք, որ տեխնոլոգիաներն ամեն օր մեզ գայթակղում են նոր իրերով ու գաջեթներով, այլ սարսափեցնում է այն միտքը, որ տեխնոլոգիան դառնում է պարտադիր, անխուսափելի, իսկ կյանքը՝ հեռավար, այսինքն` կախյալ տեխնոլոգիաներից:

Դրան գումարվում է նաև միայնության զգացումը: Մենք ոչ միայն զգում ենք, որ լիակատար միայնակ ու անպաշտպան ենք, այլև փնտրում ենք դրա ապացույցները: Ու գտնում ենք…

Միայնակ, կախյալ վիճակում հայտնվելով գլոբալ աշխարհում, բնականաբար, սկսելու ենք հեշտությամբ հավատալ, որ կախումն ու միայնությունը ավելի են խորանալու (մեզ չիպավորելու են, վերահսկելու, պարտադիր պատվաստելու ու պարտադիր վարակելու): Ու սկսում ենք մոդելավորել ապոկալիպտիկ պատկերացումներ, որոնց մեջ շատ լավ տեղավորվում են ֆեյք լուրրը:

Ֆեյք լուրերը միշտ էմոցիոնալ ու վառ են:

Որպես կանոն` ֆեյք բովանդակությունը անանուն է և չափազանց էմոցիոնալ: Հիմքում տեղեկություններն են, որոնք ներկայացվում են որպես սպառնալիք՝ կյանքին, անվտանգությանը, հոգևոր անդորրին, գենետիկ հիշողությանը, ազատությանը: Եվ նշվում է, որ զոհերը շատ են ու կլինեն ավելի շատ, եթե չսկսենք գործել ու պայքարել հենց հիմա:

Միևնույն ժամանակ ֆեյք լուրերը չեն պարունակում որևէ փաստ, որը կարելի է վերստուգել: Փոխարենը լուրերը վառ պատկերներով են ու վառ լեզվով՝ հիմնված անձնական զգացմունքների վրա:

Վառ լինելու պայման է նաև հայրենասիրական երանգը, որը անընդհատ շահարկվում է որպես ուղեղի օպերացիոն համակարգը աշխատեցնող հավելված: Հենց տեսնում ենք հղում հայրենասիրությանը, միանգամից մեծանում է ֆեյք ուղերձին հանդիպելու հնարավորությունը:

Ֆեյք լուրերը գրավիչ են, քանի որ տեղադրվում են մեծ բաների կողքին՝ մոլորակը քայքայող կապիտալիստների, ազգը ոչնչացնել ցանկացող տեխնոլոգիաների, երկրի շահը անձնականից վեր դասելու հորդորի և այլն:

Կարծես ասում են՝ մենք գիտենք, արի մեզ մոտ (էստի համեցիր), մեզ մոտ տաք է, լավ, ապահով, այստեղ դու միայնակ չես, այստեղ դու տանն ես, քեզ պես մտածող լիքը մարդ կա:

Ֆեյք լուրերը նաև պիտի հաճախ կրկնվեն:

Հավատում ես այն բանին, ինչը շատ է: Եվ ուրեմն ֆեյք լուրեր տարածողները միտումնավոր անում են այնպես, որ այս կամ այն լուրը անընդհատ հանդիպի մեր լրահոսում: Որքան շատ կարդանք, այնքան հակված կլինենք հավատալու. դա պարզ հոգեբանություն է:

Հատկապես երբ գործ ունենք անընդհատ փոփոխվող ու ճյուղավորվող COVID-19-ի հետ, որտեղ չկան վերջնական լուծումներ, մեկընդմիշտ ապացուցված փաստեր ու հստակ կանխատեսումներ: Համավարակը զարգացող իրադարձություն է, և այդ պատճառով նաև զարգանում են այն ուղեկցող ֆեյքերը, որոնց ավելի հեշտ ենք հավատում:

Չես կարող շեղել մարդուն այն բանից, ինչին նա վստահում է մեկ կամ երկու ուղերձներով: Անհրաժեշտ է անընդհատ կրկնել նույն բանը, մի քիչ փոխել ու նորից կրկնել: Լսարանի վարքն ու գիտակցությունը փոխվում են քանակական տեղեկության արդյունքում: Միլիարդ անգամ ասում են նույնը, և վաղ թե ուշ դա հասնում է լսարանին:

Նորությունների ագրեգատորները ու սոցցանցերի ալգորիթմերը ինֆորմացիան հարմարեցնում են մեր ցանկություններին ու ցույց տալիս աշխարհի մասին այն պատկերը, որը համարում են մեզ սազող: Ու անգամ բարձր IQ ունեցողները հանգիստ խղճով դառնում են ֆեյք լրահոսի պատանդ: Շատ են տեսնում մի բան ու սկսում դա ընդունել որպես ճշմարտություն:

Ժամանակ չկա

Ամեն օր մեզ վրա թափվող տեղեկատվության մեծ մասը ընդամենը աղմուկ է, և կարևոր է դրանից անջատել ազդակները: Ֆեյքերով աշխատող կառույցները լավ հասկանում են, որ պիտի ժամանակ չտան մտորելու և նույն բանը անընդհատ պետք է ասել տարբեր մարդկանց շուրթերով ու տարբեր հարթակներում:

Լսարանն էլ հաճախ տարածում ու կիսում է նորությունը, հետո միայն մտածում՝ արդյո՞ք տարածածը արժանահավատ էր կամ ստուգված:

Ավելին՝ տարածում ենք այն, ինչին ինքներս չենք հավատում, կամ առնվազն կասկածում ենք: Ինչու՞: Որովհետև շտապելն ու արձագանքելը ավելի կարևոր ենք համարում, քան հապաղելն ու մտորելը: «Տեսար, տարածիր» ներքին մղումը ոչ մի կապ չունի ճշմարտություն որոնելու հետ, այլ ավելի շատ ուղղված է ցանցային էֆեկտ ստանալուն՝ լայքերի, շեյրերի և մեկնաբանությունների տեսքով:

Վառ ու կեղծ ինֆորմացիան ավելի շատ հավանում է ունենում, դա գիտենք բոլորս ու ենթագիտակցաբար փորձում ենք գրավել ցանցում մեր տեղը նաև այդպես:

Ցանցում հաղթում է նա, ով ոչ թե ճշմարտություն է ասում, այլ ասում է մի բան, որը դրդում է փոխգործակցության որքան հնարավոր է շատ մարդկանց հետ: Անգամ կարող ենք գրել՝ չգիտեմ ճի՞շտ է, թե՞ ոչ, բայց տալիս եմ ձեզ՝ կարդալու:

Որևէ պատասխանատվության մասին մոռանալը նույնպես հոգեբանական արդարացման պես է գործում: Չգիտեմ, բայց տարածում եմ, ուրեմն անմեղ եմ:

Այստեղ կարևոր է ոչ թե խելքը, ինտելեկտը, կրթությունը, այլ անհապաղ գործելու մղումը խլեցնելը: Գիտակցաբար դանդաղելը… Այսինքն` չուղղորդվելը միայն արձագանքելու առաջին, հախուռն ազդակով, այլ սպասել արձագանքելու երկրորդ, երրորդ ազդակին: Ուղեղը ուղարկում է ազդանշան, թե, ահա, մի կարևոր բան ես գտնել, արագ տարածիր: Իսկ երկրորդ ալիքը հուշում է՝ սպասիր, տեսնենք` պե՞տք է, թե՞ չէ:

Լինել ֆեյք լուրի պես ազդեցիկ

Այն կազմակերպությունները կամ լրատվամիջոցները, որոնք ուզում են պայքարել ֆեյք լուրերի դեմ, լավագույն արդյունքների են հասնում, եթե օգտագործում են ֆեյքերի կառուցվածքը: Օրինակ՝

  • տեղեկատվությունը մատուցում են սահուն, պարզ, մատչելի, վառ բառապաշարով ու հիշվող պատկերներով՝ խուսափելով երկակի ու բարդ ձևակերպումներից, լղոզված, շատախոս, բյուրոկրատական ուղերձներից և այլն,
  • թիրախում է հայտնվում ոչ թե գրագետ ու ճկուն լսարանը, այլ մարդիկ, որոնք սովոր չեն երկար մտածել, կասկածել ու ստուգել, այլ միանգամից ուզում են արձագանքել,
  • օգտակար տեղեկատվությունը կրկնում են որքան կարելի է հաճախ, քանի որ հենց այդպես են աշխատում ֆեյք լուրերը (այնքան է հանդիպում լրահոսում, որ ակամայից գրավում է ուշադրությունը),
  • մաքրում են լուրը ավելորդություններից, այդ թվում նաև երկար նախապատմություններից ու պսևդոհայրենասիրական բառապաշարից:

Չարժե կենտրոնանալ միայն հերքումների վրա, ցանկալի է բացատրող նյութերը ներկայացնել որպես հայտնագործություն՝ պարզ լեզվով ու հստակ ուղերձով: Ի վերջո, հերքելով միֆերն ու կեղծիքը, ավելի շատ է շրջանառվում նաև հենց հերքվող նյութը, ինչը թուլացնում է հերքման ազդեցությունը:

Ինչու՞ է պետք ստուգել տեղեկությունը՝ հարցի պատասխանը կարելի է կրկնել որպես մանթրա: Որպեսզի մեր ուղեղում եղած կյանքի մասին պատկերացումը համընկնի իրականության հետ:

Չենք կարող ապրել անընդհատ բզկտված ու հակասական պատկերացումները մեր սրտում, անպայման պետք է ընտրություն անենք, այլապես ուղեղը կարգելակի ու կխելագարվենք:

Ֆեյքային բովանդակությունը առաջ տանողներին ձեռնտու է կիսախելագար լսարանը, որը պատրաստ է կուրծք ծեծել ու միանգամից անցնել գործի, առանց մտորելու դադարի մեղադրել մյուսներին։

Չէ՞ որ բարդ է ընդունել, որ քեզ խաբում են։ Ավելի հեշտ է մեղադրել նրան, ով ուզում է բացել քո աչքերը։ Ու հարձակվել նրա վրա՝ ապացուցելով, որ քեզ խաբել չի ստացվի։

Իրականում լավ էլ ստացվում է։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *