2015.04.09,

Նյուսրում

Web-ից` mobile. հայացանցի 2015-ի միտումները

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Հայկական ցանցը կայքերի ձեւաչափից արագ քայլերով անցում է կատարում դեպի բջջային հավելվածներ:

Արդեն 5 տարի հայկական ցանցը մշտադիտարկող ԱրմՆեթ մրցանակաբաշխությունը արձանագրում է տարվա միտումները:

«ԱրմՆեթ մրցույթին գրանցված կայքերն ուղղակիորեն արտահայտում են ինտերնետային տեխնոլոգիաների զարգացման միտումները: Մրցույթին մասնակցելու պայմանների համաձայն՝ հայտ ներկայացրած կայքերը պետք է ստեղծված կամ թարմացված լինեն վերջին 1 տարվա ընթացքում: Դիմած 143 նախագծերի մեծ մասը բջջային հավելվածներ էին»,- ասում է ԱրմՆեթի կազմակերպիչներից «Մայեվտիկա» ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը:

Մրցույթի ժյուրիի նախագահ Սամվել Մարտիրոսյանը նույնպես բջջային հավելվածների թվի աճ է նկատում: Ըստ նրա՝ միտումներից մեկն էլ այն է, որ վերջին շրջանում ստեղծվող նախագծերի թիրախն այլեւս միայն Հայաստանը չէ:

«Նախագծերը միջազգայնացվել են, շատ ծրագրեր կան, որոնք միայն տեղացի սպառողների համար չեն: Հայկական ցանցի սկիզբ համարվող 2010-2011 թվականներին բոլոր նախագծերը ներքին շուկայի համար էին ստեղծվում: Այժմ սթարթափները սկսել են գլոբալ մտածել: Դա երեւում է նույն «Shadowmatic»-ի օրինակով: Մենք սկսել ենք ցանցն ավելի գլոբալ ընկալել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

ԱրմՆեթի երեք անվանակարգում հաղթած (դիզայն եւ հարմարավետություն, նորարարություն, գլխավոր մրցանակ՝ բջջային հավելված) «Shadowmatic» բջջային խաղի ծրագրավորող եւ «Տրիադա» ստուդիայի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանի խոսքով՝ նպատակ ունեն մուտք գործել համաշխարհային շուկա:

«Մենք ուզում ենք ավելի գլոբալ մտնել շուկա: Երազանք կա բարձրորակ, ավելի գլոբալ մասշտաբի խաղեր ստեղծելու` Playstation-ի, համակարգչի համար: Դա գուցե հեռու ապագա թվա, բայց դա է մեր նպատակը»,- ասում է նա:

Միտումները փոխվել են նաեւ լրագրության ոլորտում: ԱրմՆեթի՝ բովանդակություն եւ լավագույն կայք անվանակարգերում հաղթած Մեդիամաքս կայքի տնօրեն Արա Թադեւսոսյանի խոսքով՝ լրագրությունը տրանսֆորմացվել է:

«Լրատվություն ստանալու համար այժմ բազմաթիվ միջոցներ կան: Եթե զուտ իրադարձային բան է հետաքրքրում, լրագրությունն արդեն, թերեւս, պետք չէ: Լուրերը կարելի է ստանալ սոցիալական ցանցերից: Սակայն եթե ուզում եք խորանալ, հասկանալ` ինչու է այս կամ այն բանը տեղի ունենում, ինչ է կանգնած դրա հետեւում, որոնք կարող են լինել հետեւանքները, լրագրությունը գալիս է օգնելու, նաեւ կրթելու եւ ավելի լավ կողմնորոշելու այն տարափի մեջ, որում բոլորս ապրում ենք»,- ասում է նա:

Արա Թադեւոսյանի գտնում է, որ ԱրմՆեթի մրցանակը վկայում է այն մասին, որ մարդկանց պետք է որակյալ լրագրությունը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *