Գովազդը 20-րդ դարասկզբի պոլսահայ մամուլում. իմպոտենցիայի բուժումից մինչև «Nestle» ու «Nivea»

07.03.2017, Նյուսրում

Լրագրող

20-րդ դարի սկզբին Ստամբուլի հայկական թերթերն ընթերցելով կարելի է պատկերացում հայկական համայնքի կյանքի մասին:

«Ազատամարտ» օրաթերթի օրինակով ուսումնասիրելով Պոլսի հայկական մամուլում հրապարակված գովազդները, պարզում ենք, որ գոնե պոլսահայությունը բավականին հետաքրքիր պահանջմունքներ է ունեցել: Հայ կանայք օգտվել են ժամանակի և, ինչու ոչ, ապագայի խնամքի միջոցներից, հետևել նորաձևությանը: Իսկ հայ տղամարդկանց հետաքրքրել են երիտասարդությունն ու սեռական պոտենցիան պահպանելու բուժամիջոցները:

Ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1914 թվականին, Կոստանդնուպոլսի «Ազատամարտ» օրաթերթի էջերում հայտնվել են ահա այսպիսի գովազդներ.

«Շատ ծխող մըն եք՝ առտուն արթննալնուդ բերաննիդ կը լեղուընայ, կոկորդնիդ կը չորնայ, շնչառութիւնը կը դժուարանայ… Հավատացե՛ք, գործածեցեք ատամնամաքրիչ խմորը՝ ՓԷՊԷՔՕն, որ ձեր բերանը և կոկորդը պիտի մաքրէ, պիտի կենդանացնե ձեր լինտերը, պիտի պահպանե ձեր ակռաները փտութենէ»: Խոսքը գերմանական Համբուրգ քաղաքում արտադրված Pebeco «ատամնամաքրիչ խմորի» մասին է: Ատամի այս մածուկը 20-րդ դարեսկզբին և կեսերին շատ հայտնի է եղել Եվրոպայում:

«Կօնօզան» - ազդու դարման միզային փամփուշտի հիվանդությունների դեմ,- ներկայացվում է գովազդներից մեկում. «Հանձնարարականներ բոլոր երկրների բժիշկների կողմից: Կը ծախուի դեղատուններու և դեղի մթերանոցներուն մեջ»:

Դատելով հայտարարություններից՝ Պոլսի կյանքը շատ սերտ մոտ է եղել աշխարհի կենտրոնին: Եվ ժամանակի հեղինակավոր արտադրանքները հասել են Պոլիս:

Այն ժամանակ, ինչպես հիմա, հայտնի են եղել «Նեսթլե» և «Նիվեա» ապրանքանիշերը: «Լավագույն քաղցրենիները անոնք են, որոնք կպատրաստվին Նեսթլեի կաթով»,- հայտարարում է «Ազատամարտում» տեղ գտած գովազդային պատկերներից մեկը: Պատկերում մանրամասն նշված է «Նեսթլե» կաթը բացելու բաղադրատոմսը:

Իսկ «Նիվեա» ընկերությունը գովազդել է իր օճառը, քսուքը և փոշին՝ մաշկի համար:

Գովազդներից մեկում ներկայացվում է ոմն Մկրտիչ Ֆրինկյանի կողմից հեռախոսների վաճառքի և տեղադրման ծառայությունը:

Ոմն Կորաշիո Քարթեր «Ազատամարտ»-ի էջերում գովազդում է իր կողմից հնարված դեղամիջոցը` տղամարդկանց համար, որով հնարավոր կլինի պայքարել սեռական անկարողության դեմ և վերադարձնել երիտասարդությունը: Ավելին, մեզ անծանոթ բժիշկը հետաքրքրվողներին կոչ է անում նամակով իրեն ուղարկել երեք հատ մեկ ղրուշանող նամակադրոշմներ, որպեսզի նա կարողանա հետադարձ հասցեով ուղարկել դեղամիջոցի մի փոքր նմուշ՝ անվճար, փորձելու համար: Միևնույն ժամանակ խոստանում է՝ նամակագրությունը գաղտնի կպահվի:

«Անկարողությունը իմ կողմես հնարված հռչակավոր դեղով մը շուտով բժշկել կարելի է, մի տխրիք»,-իմպոտենտներին փորձում է սփոփել բժիշկը:
Ապա շարունակում է. « (...)  Եթե ծածուկ մոլություններու անձնատուր եղած եք ու կյանքի բոլոր հաճույքներեն չեք կրնար օգտվիլ, առանց հետաձգելու ինծի եկեք:
Ես Ամրիթա կոչված դեղը հնարողն եմ:
Ամրիթան ամեն տարիքի մեջ եղող այրերուն նոր կյանք մը կը պարգևե, և առաջվան պես կյանքեն օգտվելու ձեր փափագը ձեզի կվերադարձնէ:
Ամրիթան միայն կարճ ժամանակի մը համար գռգռիչ ազդեցություն մը ընող դեղ չէ. Ընդհակառակը, Ամրիթայի ազդեցությունը տևական է:
Նույնիսկ տարեց այրեր անգամ ինծի շնորհակալություն հայտնած են և խոստովանած են, որ Ամրիթան իրենց կենսական ուժը երիտասարդությունը հիշեցնելու աստիճան ամրապնդած է»:

Արտադրողը խորհուրդ է տալիս զգուշանալ դեղի կեղծումից. «Ամրիթան միայն գրասենյակս կծախվի: Նույն անունով ինձմե չգնված դեղերը կեղծ են»:

Հետաքրքիր է, որ մեր օրերում էլ գործում է «Ամրիթա» անունով ընկերություն, որն արտադրում է սեռական անկարողությունը բուժող դեղամիջոց: Շատ հնարավոր է՝ սրանք միմյանց հետ կապ չունեցող պատմություններ են: Բանն այն է, որ Ամրիթա սանսկրիտով նշանակում է անմահ, այն, ըստ հնդկական դիցաբանության, աստվածներին անմահ դարձնող խմիչքն է:

«Թագուհիդ ժամացույցներու, որ արևուն նման ճշդապահ և լուսնի նման գեղեցիկ ես: Բյուր երանի քեզ գործածողներուն»,- սա «Զենիթ» ժամացույցների գովազդն է, որը թերթին պատվիրել է Օսմանյան Թուրքիայում միակ ներկայացուցիչ հայկական «Գ. Սարգիսօֆ և ընկ.» ընկերությունը:

Դատելով գովազդներից, այն ժամանակ մոդայիկ են եղել նաև կոշիկի կաուչուկե ներբանները: 1914 թվականին գովազդվել են դրանցից մի քանիսը՝ տղամարդկանց և կանանց համար առանձին-առանձին: Գովազդելով դրանք, ներկայացված է, որ ողնաշարի համար կաուչուկե կրունկները կամ ներբանները լավագույնն են:

Հայտարարություններից մեկը տվյալ ժամանակաշրջանի համար բավականին հետաքրքիր բովանդակություն ունի: «Ռոսիա» ապահովագրական ընկերությունը,  որի կենտրոնական գրասենյակը եղել է Պետերբուրգում, և որն այդ տարիներին ապահովագրել է կյանքի, փոխադրության, արկածների, ճամփորդությունների և ապակիներ կոտրելու դեմ, Պոլսի հայատառ թերթում հանդես է եկել ֆինանսական հաշվետվությամբ:

Տվյալ ժամանակաշրջանում հեծանիվ կամ հեռախոս ունենալը եղել է բացառիկ ու նորաձև բան: Հետևաբար՝ դրանց գործածության կատալոգները նույնպես պահանջված ու հարգի են եղել: 1914-ին հրատարակվել է 250 էջանոց, 1000 պատկերով եռալեզու կատալոգ:

Եթե մեր օրերում «շտապ, շտապ», «տարածել, տարածել, տարածել» ֆորմատով վերնագրերը զայրացնում են, ապա այն ժամանակ դրանք նույնպես մոդայիկ են եղել: «Ձրի! Ձրի! Ձրի!» վերտառությամբ է սկսվում գովազդներից մեկը, որը ներկայացնում է Փափազյան բառարանները:

1914 թվականին «Ազատամարտը» գովազդել է հայ հոգեբան, հոգեթերապևտ Հարություն Շեքերջյանի գործնական ձեռնարկը, որն ավելի շատ հիպնոսի ինքնուսույց է; Գիրքը կոչվում է «Հիպնոտիզմ և նոր հոգեբանություն», տպագրվել է 1913 թվականին:

Հոգեբան Շեքերջյանն ապրել է Թիֆիլիսում, և հայտարարության մեջ նշված է նրա հասցեն, որպեսզի հետաքրքրվողները հնարավորություն ունենան նամակ գրելու:

Ի դեպ «Հիպնոտիզմ և նոր հոգեբանություն» գրքի նույն՝ 1913 թվականի հրատարակությունն այսօր ebay-ում վաճառքի է հանվել 139 դոլար 43 սենթով:  

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?