2017.03.21,

Տեսակետ

«Փորձել են սեքսուալացնել քարոզարշավի մասնակիցներին»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հետազոտող և համադրող Վիգեն Գալստյանի համար լուսանկարչությունն այն մեդիա գործիքն է, որը ոչ թե իլյուստրացնում է իրականությունը, այլ իմաստներ է արարում: Նա համոզված է, որ ֆոտոն արվեստ է, որը օգնում է հասկանալ իրականությունը: Ավելի շուտ՝ իրականության մեջ թաքնված դատարկ տարածքներն ու փոսերը: Եվ այն փաստը, որ Հայաստանի Նկարիչների միության անդամների ցանկում չկա ոչ մի լուսանկարիչ, կամ Ազգային պատկերասրահի հիմնական հավաքածուում չեն հայտնվում ֆոտո և վիդեո տեխնիկայով արված աշխատանքներ, հուշում է, որ իմաստների արարման պատմությունը ինչ-որ փուլում ընդհատված է:

Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի կինոյի պատմության ու արտադրության բաժնում սովորած Վիգենը հիմնել է «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամը, որը զբաղվում է մեր ֆոտոարխիվի պահպանմամբ ու ներկայացմամբ: Ամռանը նա նախատեսում է բացել լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հետահայաց ցուցահանդեսը, որը երկարատև աշխատանքի արդյունք է:

Վիգեն Գալստյանը վստահ է, որ վիզուալ ուղերձների ու մանիպուլյատիվ հնարքների մասին պետք է պարբերաբար խոսել, գրել, քննարկել՝  որպես մեկնակետ ընդունելով՝ ոչ մի պարագայում  ոչ մի լուսանկարին վստահել չի կարելի, քանի որ այն ոչ թե փաստ է, այլ փաստի մեկնաբանում:

Եվ հիմա մենք էլ, ապրելով վիզուալ ռմբակոծության տակ, ինքներս մեզ ենք մեկնաբանում պատկերներով:

Պատկերներով հագեցած միջավայրում ապրելով, կարծես նոր տիպի մարդ ենք դառնում: Ամեն օր ոչ միայն սպառում, այլև արտադրում ու տարածում ենք բազմաթիվ պատկերներ: Մարդաբանական տեսակետից էլ ենք կարծես փոխվել:

Իհարկե, մարդը փոխվում է, հենց ինքն է դառնում պատկեր: Երբ գերընկղմվում ես որևէ նյութի մեջ, հայտնվում ես քրտինքի միջավայրում, և հանկարծ սկսում է թվալ, որ դարձել ես այդ քրտինքի մեկ կաթիլը: Մի քիչ կոպիտ է հնչում, բայց ավելի լավ ձևակերպել չեմ կարող:

Այդ մասին շատ ուսումնասիրություններ ու տեսություններ կան: Սկսած ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա, նկարիչ Գի Դեբոռից, որն ասում էր՝ հայտնվել ենք հանդիսանքի դարաշրջանում, որտեղ մարդը չի կարող ընկալվել այլ կերպ, քան որպես պատկեր:

Եվ մենք իրոք հիմա դա վերապրում ենք: Կարող ենք փողոցում տեսնել մի մարդու ու հասկանալ, որ ճանաչում ենք իրեն, քանի որ նրա պատկերը հանդիպել է մեզ սոցցանցերում: Ասում ենք՝ մենք իրար գիտենք Ֆեյսբուքից, բայց իրականում, մենք գիտենք ընդամենը այդ մարդու պատկերի գոյության մասին:

Մարդը ստիպված է խաղալ իր ֆեյսբուքյան հաշվի դերն ու համապատասխանել իր պատկերին:

Իրականում, դա շատ վտանգավոր է: Չեմ ուզում լինել հոռետես, պարզապես մարդն իրոք փոխվում է ոչ միայն մարդաբանական, այլև կենսաբանական տեսանկյունից: Պատկերը դարձել է հաղորդակցության առաջնային լեզու, և արդեն կարիք չկա պատմելու, նառատիվ ստեղծելու, բավական է ցույց տալ հաշիվները՝ Ինսթագրամում և հազար ու մի այլ հարթակներում:

Կոմունիկացիան պատկերով է առաջանում, քանի որ մեր ուղեղը պարզապես ունակ չէ մեծ ծավալի ինֆորմացիա յուրացնելու և ստիպված տեղեկությունը սեղմում-տեղադրում է պատկերի մեջ: Այնպես, ինչպես Մաքդոնալդսն է վարվում մթերքի հետ: Այսինքն, պատկերը մատուցվում է որպես պատում, իսկ դա երբեք չի կարող լիարժեք լինել: Մենք այդ մասին գիտենք արվեստի պատմությունից, բայց դա ճիշտ է հատկապես լուսանկարի դեպքում:

Գեղանկարչությունն ի տարբերություն ֆոտոյի՝ հավաքող, սինթեզող ու ամբողջացնող երևույթ է (վատ թե լավ, դա կարևոր չէ), իսկ լուսանկարչությունը անում է հակառակը՝ այն ֆրագմենտացնում է իրականությունը: Նույնիսկ այն դեպքերում, երբ թվում է, որ լուսանկարը ստեղծում է իրականության ամբողջական պատկերացում, այն, միևնույն է, ընդամենը մասնատում է այդ ամբողջը:

Բայց երբ ուզում ենք համոզվել, ասում ենք՝ մի պատմիր, ցույց տուր: Լուսանկարը կարծես փաստի դեր է խաղում:

Նայելով լուսանկարին, կարծում ենք, որ գործ ունենք ճշմարտության հետ: Եվ ժամանակ չունենք մտածելու՝ ինչպես և ինչու է այն ստեղծվել, տարածվել, ինչ կա թաքնված հետևում:

«Էլեկտրիկ Երևանի» դեպքում օրինակ, ներկայացվում էին պատկերներ, որոնք վայրկենական դառնում էին զանգվածային և ստանում սրբապատկերային նշանակություն: Թվում էր, որ դրանք ամփոփում էին ինչ-որ ճշմարտություն, բայց հետո հասկանում էիր, որ գոյություն ունի նաև մանիպուլյացիոն գործոն, որն առաջանում է ոչ թե պատկերը ստեղծելու, այլ այն մատուցելու ժամանակ:

Լուսանկարչությունն ընդհանրապես շատ լավ գործիք է: Եվ արդեն 150 տարի շարունակ:

Այն գործիք էր դեռ 19-րդ դարում, երբ Անգլիան լուսանկարիչ ուղարկեց Ղրիմ՝ վավերագրելու 1853-56 թթ. պատերազմը: Ռոջեր Ֆենթոնը պաշտոնական լուսանկարիչ էր, որը մի վագոն տեխնիկայով ու լաբորատորիայով եկավ՝ լուսանկարելու ռազմական գործողությունները հենց ռազմաճակատից: Բայց փաստն այն է, որ նա ստիպված էր բեմադրել ռազմաճակատը, այլապես չէր կարող լուսանկարել: Թեև տարբեր թերթերում նրա գործը ներկայացվեց որպես դեպքի վայրից արված առաջին փաստացի ռեպորտաժ, դա փաստ չէր:

Չկա լուսանկար, որը միջնորդավորված չէ: Միշտ կա միջամտություն, քանի որ լուսանկարի ու դիտողի արանքում լուսանկարիչն է:

Հարցն այն է, թե որքանով է միջամտության մասին տեղեկությունը թափանցիկ ու ընկալելի դիտողի համար: Եթե լուսանկարը ստեղծվել է հետապնդելով որևէ նպատակ, բայց ընկալվում է որպես անաչառ վավերագրում կամ փաստ, ծնվում է խնդիրը:

Այն պատճառով էլ՝ 1970-ականներից սկսած ահռելի քանակությամբ տեքստեր են գրվել այն մասին, որ չի կարելի վստահել լուսանկարչական պատկերին:

Բայց որքան տեսնում ենք, լուսանկարը շարունակում է ազդեցիկ ուժ լինել:

Լրագրողական տեքստը երբեք չի կարող համեմատվել ֆոտոռեպորտաժի հետ՝ իր էմոցիոնալ ուղերձով:

Բնական է, որ պատկերները շահարկվում են մեդիայում: Տեսնում ենք, թե որքան տարածված են մեր լրատվամիջոցներում հենց ֆոտոռեպորտաժները, որոնք թույլ են տալիս ուղերձ հաղորդել առանց տեքստի:

Իրականում տեքստ կա, պարզապես այն գրված չէ: Տեքստը անմիջական կոնտեքստն է, որի մեջ տեսնում ենք լուսանկարները, բայց չենք վերլուծում և անգամ չենք հասկանում պատկերի բուն նշանակությունն ու ներգործումը:

Հատկապես շատ է շահագործվում դոկումենտալ լուսանկարչության էսթետիկան: Սկսած 1990-ականներից այն նույնիսկ օգտագործվեց նորաձևության բրենդների գովազդի դաշտում: Շատ հոլովակների հեղինակներ հենց վավերագրող լուսանկարիչներ էին: Կարծես հասկացան, որ այդ էսթետիկան հավատ ու վստահություն է ներշնչում լսարանին:

Վավերագրությունը մոդայի՞կ է:

Ե՛վ մոդայիկ է, և՛ զենք է, որը տարբեր մարդիկ տարբեր կերպ են օգտագործում:

Ո՞րն է հիմնական մանիպուլյացիան:

Հիմնական մանիպուլյացիան այն է, որ օգտագործվում են այնպիսի պատկերային ազդակներ ու կառուցվածքներ, որոնք կարող են անմիջապես ներազդել դիտողի էմոցիոնալ հոգեվիճակի վրա:

Օրինակ, հիմա շատ արդիական են հնդկական սերիալները, որոնք դիտում է լսարանի մեծամասնությունը: Նաև կրթված ու գրագետ մարդիկ, որոնք մոլուցքով վերապրում են հնդիկ հերոսների հնարած կյանքը: Հիմա այդ էսթետիկան է տարածում ստանում: Եվ ասենք, «Ռեինկառնացիա» խմբի վերջին տեսահոլովակ-քարոզը նույնպես շատ լավ տեղավորվում է այդ էսթետիկայի մեջ և ստեղծում այսօրվա պահանջարկը:

Էսթետիկական գործոնը օգտագործվում է քաղաքական ազդեցություն ունենալու համար:

Ստացվում է, որ եթե այսօր տարածված են հնդկական սերիալները, ուրեմն  վարչապետն էլ պետք է հարվածային գործիքներ նվագի՞:

Այո, դրանք միմյանց հետ առնչվում են: Վիզուալ շարքը նմանեցվում է կինոյին, մի դեպքում հնդկական, մյուս դեպքում՝ ամերիկյան: Երևում է, որ վարչապետի կերպարը մոտ է վեսթերների հերոսներին, ասենք Քլինթ Ինսթվուդի դերակատարումներին:

Այդ նույն շղթայի մի մասն է առևտրային գովազդը: Օրինակ, հիմա կա մի գովազդ, որը պարզապես սարսափելի է: Եվ չես կարող դրանից փախչել, քանի որ այն ամենուրեք ու անընդհատ աչքի առջև է: Ընդ որում՝ գովազդային տեսաշարում շատ լավ միմիկա է արված թե՛ երգ-պարը, թե՛ սցենարը: Լոտոյի գովազդ է, որտեղ կադրից հնչում է՝ ես երեխային հարյուր ռուպիով վաճառեցի…  

Երաժշտական ու գովազդային հոլովակները, քաղաքի ձևավորումը, զանգվածային կինոն ապացուցում են, որ օգտագործվում ու շահագործվում են ազդեցիկ, զանգվածային ու վարկանիշային պատկերները:

Իմաստներն ու պատկերները սերտորեն կապված են և շատ արագ են փոխազդում իրար վրա: Իրականում, վախեցնողը հենց այդ արագությունն է: Մարդը ժամանակ չունի մտածելու կամ վերլուծելու այն, ինչը տեսնում է:

Եթե հասկանանք, թե ինչն է մեզ վրա ազդում, ինչ տեսակի պատկերային զրույցների ենք բռնվում, կհասկանանք, թե ով ենք սոցիալ-մշակութային առումով:

Եվ երբ վարչապետը կամ մշակույթի նախարարը ասում են, որ պետք է մշակույթը կապիտալիզացնել, ուրեմն պետք է հավաքագրել այսօրվա հաղորդակցության լեզուն (այդ թվում պատկերային), որի օգնությամբ խոսում ենք աշխարհի հետ: Եվ կտեսնենք, որ հիմա կարող ենք ներկայանալ միայն ցածր որակի, տաղտուկ միջոցներով՝ անընդհատ ծամածռվելով ու սրան-նրան նմանակելով:

Այսինքն, փորձ է արվում մտնել ուրիշի կաշվի մեջ և այդպես ներկայանալ՝ կարծելով, որ մեզ կհասկանան միայն այդկերպ: Իսկ պարբերաբար նմանակելով տարբեր ձևաչափեր, մնում ես անդեմ:

Այդ խնդիրը խորքային է, քանի որ կապված է հավաքական ինքնությունը ռեպրեզենտացիա անելու անհնարինության հետ: Ունենք պառակտված, ֆրագմենտացված հոծ բազմություն, որին անվանում ենք՝ հայեր:

Իսկ հետևելով այս քարոզարշավին՝ ինչպիսի՞ եզրակացություն կարելի է անել:

Ընդհանրապես վերջին տասը տարիների ընթացքում քաղաքական մարմինների ներկայացրած պատկերային իմիջը լուրջ զարգացում է ապրել՝ դառնալով փոքր ինդուստրիա:

Նկատելի է, որ փորձում են սեքսուալացնել քարոզարշավի մասնակիցներին: Օրինակ, երբ ներկայացվում էր Զարուհի Փոստաջյանի կողմից նոր քաղաքական հարթակ հիմնելու լուրը, շրջանառության մեջ դրվեց մի ֆանտաստիկ լուսանկար, որը պատկերում էր … նրա կոշիկները: Այսինքն, լուսանկարիչը, որը պատկերի միջոցով տեղեկություն է հաղորդում, ակտուալ համարեց այդ լուսանկարը:

Երևի էրոտիզմի կարոտ կա:

Բնականաբար, կա, քանի որ տարիներ շարունակ էրոտիզմը քողարկվել է: Եվ հետաքրքիր է, որ վարչապետը չկա ՀՀԿ ցուցակի մեջ, բայց կուսակցության իմիջային ռեպրեզենտացիան հենց իրենով է արվում: Ոչ թե նախագահով, այլ վարչապետով, քանի որ մարմնական ձգողականության տեսանկյունից նա է շահեկան: Եվ դա պատահական մոտեցում չէ, այլ գիտակցված:

Քաղաքական գործիչները սկսել են հասկանալ, որ պատկերը, էսթետիկան ու քաղաքականությունը սերտորեն կապված են: Անգամ ավելին՝ դրանք նույն բանն են:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *