2019.07.30,

Տեսակետ

«Եթե մաքրում ես մեդիա դաշտը քո պահանջների համաձայն, ստեղծում ես ոչ ազնիվ խաղի կանոններ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Տոմսկ քաղաքի  ТВ-2 հեռուստաընկերությունը, որը ստեղծվել էր 1990-ականներին, զարգացել ու դարձել լուրջ դերակատար ոչ միայն Սիբիրում, այլև ողջ Ռուսաստանում, սիմվոլիկ վախճան ունեցավ:

Ակտիվ աշխատող մասնավոր այդ լրատվամիջոցը փակվեց  2015-ին իշխանությունների կամային որոշմամբ: 

ТВ-2 –ի գլխավոր խմբագիր, պատմաբան Վիկտոր Մուչնիկը համարում է, որ հանրային քննարկումների դաշտը անընդհատ սեղմելով, իշխանությունները իրենք դարձան գլխավոր հեղափոխականը:

Դրդեցին մարդկանց պայքարել իրենց իրավունքների համար փողոցում, քանի որ այլ միջոցներ չեն մնացել:

Մոսկվայում ցույցեր են ու բողոքի ալիքներ, որոնք բավականին դաժան ճնշվում են: Կարծես զսպող գործիքներից մնացել են միայն ուժային կառույցները: 

Քաղաքական գործընթացը Ռուսաստանում ունի ընդհանուր տրամաբանություն, որը սկսվեց, երբ իշխանության եկավ այսօրվա նախագահը: Հերթով քայքայվում են երկրի կառավարման, քաղաքացիական հասարակության ինստիտուտները:

Եվ այս պայմաններում աճում է ամենավերևում ընդունվող որոշումների դերը, այսինքն աճում է ուժային բաղադրիչը:

Այստեղ ոչ մի նոր բան չկա, ցանկացած ինստիտուտ, ներառյալ ընտրությունները, դեկորատիվ միավոր են դարձել ոչ թե այսօր, այլ շատ ավելի վաղուց: Այլ հարց է, որ հիմա ձևավորվել է դեռևս շատ փոքր համայնք, որն ասում է՝ եկեք, ի վերջո, հետևենք մեր սահմանադրությանը:

Ես հիշում եմ այն ժամանակները, երբ այդ նույն կարգախոսով ելույթ էին ունենում սովետական դիսիդենտները: Հիմա մոտավորապես նույն իրավիճակն է, հայտնվել են բավականին երիտասարդ մարդիկ, որոնք նայում են երկրի գլխավոր օրենքի տեքստին ու համադրում այն իրական կյանքի հետ:

Նոր հայտնվածը ոչ թե իշխանությունների արձագանքն է, այլ փողոց դուրս եկած մարդիկ, որոնք փոփոխություն անելու համար դեռևս շատ չեն, բայց արդեն չեն վախենում:

Որքա՞ն մեծ դեր են խաղում սոցցանցերը, որոնք ի վերջո զրկեցին հեռուստատեսությանը լուր արտադրելու մենաշնորհից:

Այն գործիքները, որոնց օգնությամբ իշխանությունները երկար տարիներ համարել են, որ հաջողությամբ ձևավորում են օրակարգը, սկսել են վատ աշխատել:

Ուշանու՞մ են:

Ոչ միայն ուշանում են, այլև չեն հասցնում:

Չեն հասցնում աշխատել, քանի որ մարդիկ բոլորովին այլ են: Օրինակ, իմ երեխայի հետ անիմաստ է խոսել հեռուստացույցի միջոցով: Նա պարզապես չի իմանում, որ կա նման բան, քանի որ չի էլ միացնում: Իհարկե իշխանությունները փորձում են նոր գործիքներից ու ինտերնետից գլուխ հանել, լինել այնտեղ, բայց դա անում են ոչ կոմպետենտ:

Հիմա Մոսկվայում քաղաքային դումայի ընտրություններն են: Վստահեցնում են ձեզ, որ շատ քչերը գիտեին, թե նման կառույց ընդհանրապես գոյություն ունի: Ոչ ոք չգիտեր նաև, որ թեկնածուների ցուցակում կարող են լինել նոր ազգանուններ:

Հանրային մեխանիզմների քայքայման տրամաբանությունը աշխատում է նաև մեդիայի նկատմամբ: Մեդիան կարևոր, բայց ոչ միակն  է, որը հետևողականորեն քանդվել է: Ժամանակակից Ռուսաստանում չկա անկախ դատարան, որտեղ քաղաքացին կարող է պաշտպանել իր իրավունքները: Չկան ընտրություններ, չկան իրական քաղաքական կուսակցություններ և էլի շատ բաներ չկան: Դրանք ընդամենը թղթի վրա են, որպես դեկորացիա:

Այս պայմաններում մարդիկ միայն մեկ իրական ընտրություն ունեին. գնում էին ու քվեարկում ցանկացած մարդու օգտին, որը առնվազն նոր էր ու անծանոթ:

Իշխանությունները որոշեցին, որ պիտի զրկեն մարդկանց նաև այդ հնարավորությունից: Եվ ընտրացուցակները կոշտ ձևով մաքրեցին այն մարդկանց ազգանուններից, որոնք իրենց պետք չէին, ասելով՝ կընտրեք միայն նրանց, ում նշանակել ենք:

Այսինքն, քաղաքական ճգնաժամը իշխանությունները ստեղծեցին սեփական ձեռքերով լրիվ դատարկ տեղում:

Տեսեք, որքան սիմվոլիկ է. մի կողմից ցույցեր են բռնկվում Մոսկվայում, մյուս կողմից՝ իրական հրդեհներ են բռնկվում Սիբիրում, իսկ պետության ղեկավարը սուզանավով իջնում է ծովի խորքերը:

Այո, իմ կարծիքով՝ Ռուսաստանի գլխավոր հեղափոխականն այսօր գործող իշխանություններն են: Ամեն ինչ անում են, որ մարդիկ ոտքի ելնեն:

Հայաստանում անցյալ տարի փոփոխության ֆենոմենալ տենչ էր, բայց հիմա նաև տեսնում ենք, որ շատ բան ձախողվում է հենց հանրային ինստիտուտների բացակայության պատճառով: 

Մասնագիտությամբ լինելով պատմաբան կարող եմ ասել՝ փոփոխությունները արագ չեն լինում:

Ձեր հեղափոխությունից հետո անցել է ընդամենը մեկ տարի, իսկ ինստիտուտների կառուցումը բավականին դանդաղ և երկարատև գործ է:

Փոփոխությունները կախված են վերնախավի քաղաքական կամքից: Կամքն է, որ առաջ է տանում:

Կարող եմ մի մասնավոր, տեղային դեպք պատմել:

Եվրոպական երկրներում, օրինակ, հենց հետիոտնը մոտենում է անցումին, վարորդներն արգելակում են ու ժպիտով զիջում նրանց ճանապարհը: Մտածում էի՝ գրողը տանի, մեզ մոտ երբեք նման մշակույթ չի ստեղծվի, երևի հարյուրամյակներ են պետք, որ մեզ մոտ ինչ-որ բան փոխվի:

Բայց այն պահից սկսած երբ Սիբիրի փոքր Տոմսկ քաղաքում, որտեղ ապրում եմ, սկսեցին համակարգային ձևով փոխել խաղի կանոններն ու տուգանել ճանապարհը չզիջող վարորդներին, ամեն ինչ փոխվեց:

Այսինքն, կոնկրետ այս դեպքում ցուցաբերվեց կամք: Եվ դա արվեց ոչ թե ընտրողաբար, այլ համակարգային:

Հայտնվե՞ց ժպիտ:

Այո, հայտնվեց ժպիտ:

Ինձ հաճախ են մեղադրում, որ Ռուսաստանում տեսնում եմ միայն վատը: Պատասխանում եմ՝ ոչ, կան լավ օրինակներ:

Հայաստանում լրատվամիջոցների մեծ մասի տերերը երկար տարիներ եղել են նախկին ռեժիմի մասը: Հիմա էլ ոչինչ չի փոխվել, նրանց սկզբունքայնորեն ձեռք չեն տալիս: Այս հարցում կամք պե՞տք է, թե՞ կլինի ինքնակարգավորում:

Դա այն հարցն է, որի պատասխանը սկսվում է այսպես՝ եթե նախագահը լինեի ես…

Իրականում ռիկսերը մեծ են. եթե մաքրում ես մեդիա դաշտը քո պահանջերի համաձայն (այսինքն, դուրս ես մղում քո պատկերացմամբ վատերին, թողնում ես լավերին), ապա ստեղծվում են խաղի կանոններ, որոնք ազնիվ չեն:

Հետագայում անպայման կլինեն նոր գայթակղություններ և ինքդ էլ չես նկատի, թե ինչպես վերածվեցիր այն բանի, որի դեմ պայքարում էիր:

Իհարկե, ես լյուստրացիայի կողմնակիցն եմ, երևակայելով, որ դա տեղի կունենա ապագայի հիասքանչ Ռուսաստանում: Բայց կարծում եմ՝ պիտի ջրի երես գան կոնկրետ հանցագործություններն ու կոնկրետ մարդիկ:

Եթե խոսենք հիպոտետիկ, ապա հաստատ չէի ուզենա, որ ապագայի երկրում նոր իշխանությունները կրկին կենտրոնացնեին իրենց ձեռքում առաջին, երկրորդ, երրորդ և այդպես շարունակ հեռուստաալիքները: Նաև վերահսկեին սոցիալական մեդիայի հատվածը: Եվ այդ ամենը անեին՝ ելնելով բարի նպատակներից:

Հենց փորձեցիր վերահսկել, կդառնաս այն, ինչը մերժել ես:

Միգուցե վատ չէ, որ ձեր նոր իշխանությունները համբերատար են ընդդիմախոսնեերի նկատմամբ: Նոր և ավելի ադեկվատ լրատվամիջոցների ստեղծման ու աճի համար էլ է ժամանակ հարկավոր:

Իհարկե, բարդ է գնահատել իրավիճակը հեռավորության վրա ու պատկերացնել, թե ինչ կլինի ապագայում:

Իսկ ինչու՞ են բոլոր քննարկումները ռուսաստանյան մեդիայում պտտվում անցյալի շուրջ, ոչ թե ապագայի: Օրինակ, չեն խոսում, թե տասը տարի հետո ինչ է դառնալու Սիբիրը, կամ ինչպես է զարգանալու  ճանապարհային ցանցը: Փոխարենը մոդայիկ են պատմական անդրադարձերը:

Հաճախ եմ խոսում այդ մասին ուսանողների հետ: Այսօր Ռուսաստանում գոյություն ունեցող կարևորագույն խնդիրներից է ապագայի օրակարգի իսպառ բացակայությունը: Ցավոք, դա վերաբերում է ոչ միայն պետական, այլև ընդդիմության օրակարգին:

Ռուսաստանում հանրային հոգեբանությունը կառուցվում է այնպես, կարծես անընդհատ հետ ենք նայում, մտորում ենք արդեն եղածի մասին:

Կարծում եմ՝ մենք դեռ չենք վերլուծել ու չենք ապաքինվել անցյալի տրավմաներից: Ընդ որում՝ սկսած 1917-ի հեղափոխությունից, վերջացրած Սովետական միության փլուզումով:

Սովետի ավարտը Հայաստանի համար ձեռքբերում էր (անկախության), իսկ Ռուսաստանի համար կորուստ (տարածքների): Հասկանալի է, որ կայսրության փլուզումը սովորական մարդիկ դժվար են ընդունում ու իմաստավորում: Եվ ավելի  դժվար է, երբ պետությունն անցյալի մասին անընդհատ ստեղծում է լավատեսական միֆեր:

Անգամ կարող եմ ասել, որ Ռուսաստանում երբեք այսքան լավ անցյալ չի եղել, ինչ հիմա է: Եվ անցյալը օրեցօր ավելի է գեղեցկանում:

Այսօր Ռուստատնում անցյալի մասին ցանկացած մտորում, որը չի տեղավորվում լավատեսական տենդենցի մեջ, դառնում է ավելի ու ավելի խնդրահարույց՝ արտահայտվողի համար: Պատմությունն ինքնին դառնում է վտանգավոր դաշտ:

Իհարկե, դա առողջ վիճակ չէ: Եվ հույս ունեմ, որ երիտասարդ և ակտիվ մարդիկ, իրականում կկարողանան ձևավորել պահանջ՝ ապագայի:

Միգուցե տարբեր, իրար հետ մրցակցող ու հակադրվող ապագաների, որոնցից հետո հնարավոր կլինի ընտրել:

Իմ կարծիքով՝ Ռուսաստանը կարող է իր տեղը զբաղեցնել ապագայում միայն որպես մեծ բազմազանության երկիր: Հանրային գիտակցության մեջ դա դիտարկվում է որպես թուլություն, մինչդեռ դա է Ռուսաստանի ուժը:

Ուժը բազմազանությունն է, տարբերությունների գումարը, որը պետք է կարողանա ինքնարտահայտնվել:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *