Վերսալի պալատում հրդեհի մասին կեղծ լուրը տարածվեց հայկական մեդիայում

24.04.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Ապրիլի 23-ի երեկոյան հայկական լրատվամիջոցները, հետևելով ռուսաստանյան մեդիային, գրեցին, որ Փարիզում վառվում է Վերսալի պալատը:

Իրականում Վերսալը չէր վառվում, այլ դրանից 2,5 կմ հեռավորության վրա գտնվող մեքենաների վերանորոգման սրահը: Բայց Աստվածամոր տաճարի պատահարի հիշողությունները թարմ էին, և կեղծ լուրը կրակի պես տարածվեց լրատվամիջոցներում:  

«Ֆրանսիայի մայրաքաղաքում, որը դեռ ուշքի չէր եկել Աստվածամոր տաճարում բռնկված ուժգին հրդեհից հետո, այրվում է եւս մեկ պատմական կառույց՝ Վերսալի պալատը»,- հայտնեց «Հայկական ժամանակը»:

Info-arm.com սունկ կայքը շարունակեց. «Սարսափալի և բացառիկ դեպք: [...] Փարիզում կրակի ճիրաններում է հայտնվել Վերսալի պալատը, ֆրանսիացիները դեռ ուշքի չէին եկել Աստվածամոր տաճարի հրդեհից և ահա նոր հարված»:

Կեղծ լուրը հայտնեց նաև Shabat.am-ը: Որոշ լրատվամիջոցներ էլ օգտագործեցին մոլորեցնող վերնագրեր: Օրինակ, Tert.am-ը հայտնեց, որ «Վերսալում ուժեղ հրդեհ է բռնկվել (տեսանյութ)», չնշելով, որ խոսքը բոլորին հայտնի Վերսալի պալատի մասին չէ: «Երկիր մեդիան»՝ ռուսական աղբյուրների տեսանյութը տարածեց ու նշեց, որ հրդեհը պալատից երկու կմ հեռավորության վրա է:

Ինչ էր իրականում պատահել

Մոտավորապես ժամը 17:00-ին (19:00 հայկական ժամանակով) Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալ քաղաքում՝ ավտոմեքենաների վերանորոգման սրահում հրդեհ էր բռնկվել: Սրահը գտնվում է Պարկ Կլանյի փողոցում՝ հայտնի Վերսալի պալատից 2,5 կմ հեռավորության վրա:

Մեկ մարդ թեթև վնասվածք է ստացել: Պատահարից 1,5 ժամ անց հրդեհը մեկուսացվել է:  

Աղբյուրը

Լուրը, հայկական լրատվամիջոցներում տարածվում էր հիմնականում  ռուսական աղբյուրների հղումներով:

Ռուսական պետական Russia Today ալիքի Ֆրանսիայի մասնաճյուղը տարածել էր հրդեհից բարձրացող ծխի տեսահոլովակ՝ վերնագրում չնշելով, որ խոսքը քաղաքի, ոչ թե պալատի մասին էր: Նույնը արել էին Риа Новости-ն և Газета.Ru-ն, որոնց հղում էին տալիս հայկական լրատվականները:

Պարզաբանումներ և դրանց բացակայություն

Լուրը հայտնելուց կես ժամ անց «Հայկական ժամանակը» թարմացում հրապարակեց՝ նշելով, որ հրդեհը Վերսալի պալատում չէ: 23:15-ի դրությամբ Tert.am-ը, Shabat.am-ը, «Երկիր մեդիան» մոլորեցնող լուրի ճշտում չէին հրապարակել:

Կարինե Ղազարյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?