Անորսալի broska333-ը գրոհում է

11.09.2018, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Գաղտնի ձայնագրությունը, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը և դրան ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հարցերը հրապարակել է YouTube-ի broska333 ալիքը։

Անգլերեն լուսագրերով ներկայացված ձայնագրությունը ալիքում հրապարակվել է 2018թ․ սեպտեմբերի 5-ին: Ձայնագրությունը ավանդական ու սոցիալական մեդիայով տարածվել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին։ Սեպտեմբերի 9-ին այն ունեցել է հազիվ 75 դիտում։ Սեպտեմբերի 11-ին ժամը 16:30-ի դրությամբ տեսանյութի դիտումների թիվն անցել էր 20 հազարը։

Broska333 ալիքը YouTube-ում գրանցվել է 2010թ․ հուլիսի 5-ին։ How armenian justice really works (Ինչպես է հայկական արդարադատությունն իրականում աշխատում) անվանում տեսանյութը Broska333 ալիքում թվով երրորդն է։

Նախորդ երկու տեսանյութերը հրապարակվել են 6 և 7 տարի առաջ։ Դրանք քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեն։ Մեկը վիդեոխաղ է, մյուսը՝ երաժշտական հոլովակ։

Broska333 օգտատիրոջ հետքերը խնամքով թաքցված են։ YouTube-ի ալիքը կապված չէ Google-ի G+ սոցիալական ցանցի հետ։

Broska333 էջում գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումն առաջինը հրապարակել է* Հենարանը (պարզ չէ, թե ինչպես է իմացել Broska333-ի մասին)։ Հետո արտահոսքը տարածել են  168.am-ըyerkir.am-ը, tert.am-ը։

Վանեցյանն ու Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսում ասացին, որ գաղտնալսված խոսակցությունը տեղի է ունեցել հուլիսին։ Նրանք չբացառեցին, որ հնարավոր են իրենց խոսակցությունների նոր արտահոսքեր։ Այնպես որ խմբագրությունները կշարունակեն հետևել Broska333-ում (կամ 334, 335 ...) արտահոսքերի շարունակությանը:

Ըստ Վանեցյանի, Հայաստանում գաղտնալսման տեխնիկական հնարավորություն ունի միայն ազգային անվտանգության ծառայությունը, սակայն մեծ փողեր ունեցողները կարող են հատուկ տեխնիկա ձեռք բերել ու գաղտնալսել հեռախոսազրույցները:

Գեղամ Վարդանյան

* Հոդվածում կատարվել է փոփոխություն։ Նախնական տարբերակում  նշվում էր, որ արտահոսքն առաջինը տարածել է 168.am-ը, ոչ թե Հենարանը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?