2020.02.15,

Տեսակետ

«Վստահ եմ, որ մեր քաղաքացիները հեշտ մանիպուլացվող չեն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Սահմանադրության փոփոխությունների (ավելի ճիշտ՝ մեկ դրույթի փոփոխության) հանրաքվեն, որը տեղի կունենա ապրիլի 5-ին, մոբիլիզացիայի լուրջ օրինակ է:

Նման մոբիլիցազիայի օգուտի ու ռիսկերի մասին շատ բան գիտե Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը:

Ելնելով կարգավիճակային սահմանափակումներից, նա գերադասում է խոսել ՍԴ-ի միաժամանակ սիմվոլիկ և պրակտիկ դերի մասին, որը նա անվանում է պետության արժեհամակարգային ողնաշար:

Թվում է, որ ՍԴ յոթ անդամների հրաժարականը հանրաքվեով հաստատելը մանր քայլ է, բայց Վահե Գրիգորյանը համարում է, որ դա ոչ միայն լուրջ որոշում է, այլև խորհրդանշական քայլ է: 

Այդպիսով տրվում է գնահատական, որը տալու վճռականությունը շատ ոլորտներում է հարկավոր թե՛ դատական համակարգում՝ թե՛ մեդիայում, թե՛ ընդհանրապես ապագայի մասին մտորումներում:

Երևի շատ դեպքերում անցյալի իրավաքաղաքական գնահատականի բացակայությունն է ստեղծում անհաղթահարելի պատնեշ, որը հասարակությունը կրկին ու կրկին փորձում է հաղթահարել։ 

Սկսվում է հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը, և որքան տեսնում ենք, ալեկոծումների պակաս չի լինի: Ի՞նչն եք համարում կարևոր: 

Հանրաքվեի ռիսկերը մեծամասամբ քաղաքական են, որոնք չեմ գնահատի։

Ինձ համար, որպես դատավորի, առաջնահերթությունն այն է, որ քարոզարշավի ընթացքում կարևորվի Սահմանադրության արժեբանությունը: Հիմք ընդունվի, որ ՍԴ ճգնաժամի լուծումը հենց արժեքների, այլ ոչ թե անձերի ընտրությունն է:

Ինչ վերաբերում է մեդիային, չի բացառվում, որ այս կամ այն նպատակահարմարությունից ելնելով՝ լրատվամիջոցները կփորձեն անձնավորել խնդիրը: Իհարկե, դա տեղավորվում է ազատորեն արտահայտվելու շրջանակների մեջ, բայց կուզեի, որ նայենք խնդիրների էությանը:

Այսինքն, ձևակերպենք մեր խնդիրը կոնկրետ այս ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ու գնահատենք մեր ընտրած միջոցները: Ի վերջո, ձևակերպենք, թե ինչպիսի դատարան ենք ուզում ունենալ:

Բոլորս դժգոհ ենք դատական համակարգից, ՍԴ-ն մեծ հաշվով մեր առօրյայում դեր չունի, իսկ դատարանները՝ այո: ՍԴ-ի կազմի փոփոխությունը ազդելու՞ է դատական համակարգի վրա:

ՍԴ-ի ընտրությունը ազդելու է ամբողջ պետության ապագայի վրա: Ներառյալ ողջ դատական համակարգի։

ՍԴ-ի գլխավոր գործառույթը հակակշռելն է քաղաքական բարձր մանդատ ու մեծ կշիռ ունեցող ատյաններին: Եվ երբ այդ դերակատարությունը ՍԴ-ն ձախողում է, խնդիրն իր ողջ ծանրությամբ ընկնում է այլ դատարանների վրա, որի արդյունքում դատական իշխանությունը ճզմվում է:

Հայաստանում եղել են դատավարություններ, որտեղ քաղաքական իշխանության շահը կոնկրետացած ու խտացած կերպով պաշտպանվել է դատավորների միջոցով: Այսինքն, դատավորները եղել են ոչ թե իրավունքի ու արդարության, այլ մեկ քաղաքական ուժի շահերի պահապանները:

Այդ մարդիկ ոչ միայն չեն նկատել, այլ ջանք ենք գործադրել, որ չտեսնեն իրականությունը: Եվ այդ դեպքում քաղաքական իշխանության ձեռքերը արձակվել են:

Ցավալի է, որ ՍԴ-ի կազմը, որը ժամանակին կարող էր քաղաքական իշխանությանը զսպող մեխանիզմ լինել, ոչինչ չի արել և հիմա մի կողմ է քաշվել՝ թողնելով, որ բացասական լիցքը ուղղվի դեպի ողջ եռաստիճան դատական համակարգ։

ՍԴ-ն է դատական համակարգի սահմանադրական արժեբանություն վերջնական սահմանողը: Մենք չունենք այլ ատյան, որը վերջնականորեն մեկնաբանում է Սահմանադրությունը:

Իսկ Սահմանադրությունը ծիսական, մեռած կանոնների հավաքածու չէ:

Ինչու՞ որոշվեց հանրաքվե անել, որքան տեսանք կային այլ ճանապարհներ: Դա պե՞տք է, որ մարդիկ նորից միանան որոշումներ ընդունելու ընթացքին, որ կանգ չառնեն ընտրել:

Բոլոր դեպքերում, դա քաղաքական մարմինների որոշման տիրույթում է: Տարբերակները շատ էին, պետք է ընտրվեր հարմարն ու անցնցումը, այն տարբերակը, որը առավելապես կկարևորեր Սահմանադրությունը ու կպաշտպաներ ժողովրդավարությունը:

Հանրաքվեն հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար կառուցելու արժեբանական ողնաշարը: Մտածելու, թե ինչն էր անընդունելի ՍԴ-ի նախորդ գործունեության մեջ և հենց դա է լինելու անընդունելի ՍԴ-ի բոլոր գալիք դատավորների դեպքում:

Այսինքն, դեմոկրատիան այն է, որ անընդհատ դիմում են ժողովրդին ու նրանից մասնակցություն պահանջում:

Նախընտրելի է այն տարբերակը, որը պակաս կասկած կհարուցի ու կստվերի սահմանադրականությունը։

Կարծում եմ՝ հանրաքվեն ամենաընդունելի ճանապարհն է: ԱԺ-ի լսումներից հասկացա, որ իշխող մեծամասնությունը՝ 88 պատգամավորները, իրենք չցանկացան լինել փոփոխության հեղինակները, այլ հարցը դրեցին հանրաքվեին:

Եթե նայենք այսօրվան՝ ապագայից, դա ճիշտ էր:

Եթե ՍԴ-ի կազմը պետք է փոխվեր մեկ քաղաքական ուժի որոշմամբ, կասկած կստեղծվեր, որ այդ քաղաքական թիմը ձևավորում է ՍԴ-ն իր ցանկությամբ:

Իսկ չե՞ք կարծում, որ ժողովրդին դիմելու պրակտիկան դարձել է պարզունակ (ներառյալ պոետիկ ձոները հանրաքվեին, պետությունը օջախ համարելը, հայտարարելը՝ ով ասի «Ոչ», մեր ընատնիքից չէ): Միգուցե այդ պարզունակ ոճը կարող է խանգարել ընտրել «Այո»-ն:

Մարդկանց համոզելը, խնդրելը ասել «Այո» լիովին տեղավորվում է քաղաքական, քարոզչական տրամաբանության մեջ: Բայց դրա հետ մեկտեղ՝ կուզեի տեսնել նաև բովանդակային քննարկումներ:

Պետք է վճռականություն ունենալ և գիտակցված գնահատական տալ մեր անցյալին, այդպես կունենանք նաև մեր ապագայի ուրվագծերը: Իսկ դա լրջագույն պրոցես է: Աշխարհում չկա որևէ պետություն, որի բարձրագույն դատարանի հարցը դրվի հանրաքվեի: Այսինքն, ոչ մի երկրում վստահության մեծ աստիճան ունեցող ուժը հարցը չի վերադարձրել ժողովրդին:

ՍԴ-ի ճգնաժամի հարցի լուծումը ինքնանպատակ չէ, այն պատուհան է բացելու մի շատ ավելի մեծ խնդրի լուծման համար: Դա ընդամենը միջանցիկ հանգրվան է, որտեղ հարց ենք տալիս՝ մինչև ե՞րբ որպես պետություն և ժողովուրդ պետք է մտածենք, որ մեր Սահմանադրությունը կեղծված է:

Մտահոգիչ չէ՞, որ հանրաքվեի մասնակցությունը կլինի քիչ: Ծանր, նախկինից ժառանգած քարոզչամեքենա ենք տեղից շարժում ու դրդում մասնացկել: Խաղից դուրս գտնվողին մտցնում ենք խաղի մեջ:

Ամենամեծ ռիսկը մեր մտածողությունն է, որ եթե ոմանք զբաղվեն պրոպագանդայով ու խնդիրը պարզունակացնեն, այսինքն՝ որևէ կերպ իրավիճակը աղավաղեն, դա կունենա որոշիչ նշանակություն:

Իհարկե, կունենա ազդեցություն, բայց չեմ հավատում, որ դա կլինի որոշիչ:

Բոլոր այն էլիտիստական պնդումները, որ ժողովուրդը չունի բավարար իմացություն և այլն, ընդամենը դատարկախոսություն են: Ընտրության միջոցով է, որ ժողովուրդը գիտելիք ու քաղաքական հասունություն է ձեռք բերում:

Եթե մի երեխային 20 տարի պահել ենք փակ, մութ սենյակում, ինչու՞ ենք բողոքում, որ նա դուրս գալով լույս աշխարհ, կկոցում է իր աչքերը:

Ընտրությունը ուղիղ ժողովրդավարության ձև է, ժողովուրդն է որոշում կայացնում, հետո իր մաշկի վրա զգում որոշումների հետևանքները (նաև բացասական) և, եթե այդ գործընթացն անսովոր էր, սովորում այն հընթացս:

Անգամ հաշվի առնելով մեծ մեդիա ռեսու՞րսը, որը բնականաբար հանրաքվեի փաստով ուրախ չէ:

Մենք 20 տարի ապրել ենք մեդիամշուշի մեջ, ականատես ենք եղել մանիպուլյացիոն բարդագույն և մշակված սխեմաների: Անգամ դրանից հետո, տեսանք, որ քաղաքացիները դուրս եկան փողոց՝ տեսնելով, որ սեփական իրավունքները պաշտպանելու այլ միջոցներ չկան:

Վստահ եմ, որ մեր քաղաքացիները հեշտ մանիպուլացվող չեն:

Իհարկե, հակաքարոզչությունը կազդի, բայց եթե քաղաքացին ասում է՝ ես այսպիսի դատավոր չպիտի ունենամ, այդպիսով նա ասում է, թե ինչպիսին չպիտի լինի ապագայի դատավորը: Բովանդակային քարզչության ազդեցությամբ՝ սա գիտակցված որոշում է լինելու:

Հանրաքվեի դեմ հիմնական հակափաստարկն այն է, որ դա վատ նախադեպ կլինի ցանկացած իշխանության համար:

Դրանով արվում է երեք իմաստային մանիպուլյացիա:

Առաջինը՝ «ցանկացած իշխանություն» ասածն է: 2018-ին Հայաստանում տեղի չի ունեցել դասական իմաստով իշխանափոխություն (կոպիտ ասած՝ աջերին չեն փոխարինել ձախերը), այլ տեղի է ունեցել քաղաքակրթական փոփոխություն: Ավտոկրատ խումբն իշխանությունը պահպանում էր տարբեր բարդ սխեմաներով, որոնցից ամենահեղինակավորը հենց Սահմանադրական դատարանի աջակցությամբ էր:

2018-ին ժողովուրդն առաջին անգամ վերջին 20 տարիներին ազատ ընտրություն է կատարել, իսկ դա քաղաքակրթական այլ մակարդակ է:

Երկրորդ մանիպուլյացիան կապված է դատավորների անփոխարինելիության սկզբունքի հետ: Իհարկե, դա կարևորագույն սկզբունք է և ես ոչ մի մազ չեմ նվազեցնում այն: Բայց այդ սկզբունքը ստեղծվել և ձևավորվել է լիբերալ դեմոկրատիայի նորմալ գործունեության պայմաններում, երբ պետական իշխանության հիմքը ժողովրդավարությունն ու անհատական ազատություններն են: Իսկ Հայաստանում, առնվազն վերջին 20 տարիների ընթացքում այդպես չի եղել:

Այդ սկզբունքը պետք է պաշտպանվի այն կանխավարկածով, որ ՍԴ դատավորները և՛ նշանակվել, և՛ գործել են անշեղորեն պահպանելով ազատական ժողովրդավարության սահմանադրական կանոնները:

Չենք կարող, օրինակ, որևէ երկրի դիկտատորի մահից հետո, ասել, որ նրա նշանակած դատավորները անփոխարինելի են: Այդ սկզբունքը կիրառելի չէ որպես բացարձակ հիմք ցանկացած եղանակով նշանակված և ցանկացած միջավայրի արդյունք դատական իշխանության նկատմամբ:

Հակառակ դեպքում, մենք միջոցը՝ դատական իշխանության անկախությունը, գերադասեցնում ենք մարդու իրավունքի և ժողովրդավարության նկատմամբ:

Երրորդ մանիպուլյացիան՝ դեմոկրատական լեգիտիմությունն է:

ՍԴ-ի դեպքում մենք առաջինը հարցնում ենք՝ ո՞վ է ձևավորել ձեզ որպես դատարան, ո՞ւմ միջոցով եք ստացել ժողովրդի իշխանությունը: Անգամ եթե ստացել եք ժողովրդի իշխանությունը, արդյո՞ք ձեր գործունեության ընթացքում կարողացել եք պաշտպանել այն արժեքները, որոնց համար կոչված էիք:

Շատերի համար ՍԴ-ն մի հեռավոր, անհասկանալի բան է, որի դերը հիմա ստիպված ենք վերլուծել:

Ամենակարևորն այն է, որ մտահոգությունը չլինի միայն ժողովրդի մասնակցությունը հանրաքվեին: Իսկ ինչու՞ մեզ չի անհանգստացնում ընտրակաշառքը, ցուցակների կեղծումը, մեդիա քարոզչության անհավասարությունը:

Ո՞վ պետք էր այս ամենի վերաբերյալ իր հեղինակավոր դիրքորոշումն արտահայտեր ժամանակին։ Ո՞րն է այն վերջին ատյանը, որտեղ պետք է դրվեին այդ հարցերը:

ՍԴ-ն է զբաղվելու նաև ապատեղեկություններո՞վ:

Ոչ, բայց անհավասար մեդիա ծածկույթ ապահովելը (ինչը մշտապես մեզ ուղեկցել է նախորդ 20 տարիների բոլոր ընտրություններում), մեդիա ռեսուրսի անհավասար բաշխումը՝ օրենքով դրա կագավորման կանոնների անտեսմամբ, տարբեր ընտրախախտումների, ընտրակեղծիքների նաև բարդ ու չհայտնաբերվող լատենտ սխեմաների և այլ հակաօրինական գործողությունների նկատմամբ հանդուրժողականությունը մշտապես լարվածության մեջ են պահել թե՛ հանրությանը, թե՛ այն քաղաքական ուժերին, որոնք ոչ մի լծակ չեն ունեցել այդ ընտրախախտումների դեմ պայքարելու համար:

Սահմանադրական դատարանը պետք է լիներ այն արդյունավետ վերջին ատյանը, որտեղ այդ վեճերը կբարձրացվեին: ՍԴ ունենալը նշանակում է ունենալ հույս, որ, ի վերջո, ձեր խոսքը լսվելու է հանգամանորեն և պարզ պատճառաբանություններով գնահատվելու է այնտեղ:

Հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ մտածում են՝ իսկ ինչու՞ ես պիտի կրկին անհանգստանամ ընտրությունների համար:

Կարծում եմ՝ պետք է անհանգստանալ մինչ այն պահը, երբ ունենաք ընտրական վարչարարության արդյունավետ համակարգ և դրա կայացած որոշումները բողոքարկելու ատյաններ:

Հիմա նախկին իշխանավորները ստանում են օրինական հնարավորություն խոսելու: Կարծես նրանց նորից մտցնում ենք հանրային դաշտ: Դա պե՞տք էր:

Քաղաքական գործիչների դիրքորոշումները թողնենք իրենց: Հենց հիմա ՍԴ-ի յոթ անդամներն իրենց որոշումներով կատարում են հստակ քաղաքական միջամտություն:

Այլ, նորմալ պայմաններում, ՍԴ-ի դատավորներն իրենց թույլ չէին տա անձնական շահը գերադասել հանրային շահից:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *