2020.01.28,

Քննադատ

Հոգևոր Հայաստանը հայկական համազգեստով հայ ոստիկանը չէ…

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան

Լրագրող

Վահան Տերյանի հրապարակախոսությունը հենց այսօր վերընթերցելը կտա շատ հարցերի պատասխաններ՝ ինչու՞ ենք արդարացնում ստրկամտությունը, քաղքենիությունը «փոքր ազգ» լինելով:

Ինչու՞ ենք դիմադրում սեփական լեզուն, պատմությունն ու մշակույթը սովորելուն: Ինչու՞ ենք շարունակում ձևը կարևորել բովանդակությունից:

«Հայրիկի (Խրիմյան Հայրիկի- խմբ.) մահը եկեղեցում բաւական խուռն բազմութիւնն էր գումարել, սակայն դա մի պաշտօնական, գուցէ շատերի համար ակամայ մի այցելութիւն էր, որ այնուամենայնիւ կատարում էին ըստ աւանդութեան: Նույն պապենական, նահապետական (աւաղ, այնքան սիրելի շատ և շատ մարդկանց, որ մէզանում չեն քաշւում յեղափոխական կոչուելու) հոտն էր փչում և այն ճառերից, որ արտասանեցին մի քանի ազգայիններ՝ դրւատելով Հայաստանեայց Առաքելական եկեղցւոյ պետին: Թափուեց խոսքերի տարափը, ուր մտքերը համեստաբար անյետացել էին ճոռոմ ու փքուն խօսքերի անտառում, յերևի վախենալով յանկարծակի լուսաւորել այն հասարակութիւնը, որ այնքան սովոր է անմիտ ու բարձրակոչ բացականչութիւններ լսելու» («Անկախ մամուլ», 1907, N 16):

Խրիմյան Հայրիկի հոգեհանգստից անմիջապես հետո ժողով գումարվեց՝ «Ս.Էջմիածնի թափուր Աթոռի մասին խորհելու նպատակով»:

Հոգեհանգստի հարյուրավոր մասնակիցներից միայն 10-15-ը մնացին.

«Ինչպես տեսնում եք, այնքան էլ խորը չեն մէր ազգայինների զգացմունքները: Սակայն այդ զգացմունքները յանկարծ բորբոքւեցին, երբ հայ ուսանողութիւնը ուզեց յերեկոյթ սարքել ամսիս երկուսին՝ չքաւոր ուսանողների օգտին.

-Ինչպէ՞ս, դեռ կաթողիկոսի մահից 50 օր չի անցել, և դուք կամենում եք երեկոյթ սարքել:

… Իրաւ, ինչպէ՞ս կարելի է սուած ու տկլոր ուսանողներին օգնել, ի՞նչ վնաս, եթե մի  10-15 օր էլ սոված ման գան…» ( նույն տեղում):

Չափազանց հետաքրքիր է «Պայմանական «թատրոն» հոդվածը, որտեղ Տերյանն  անդրադառնում է թատրոնի խնդիրներին՝ ինչպիսի՞ն պիտի լինի թատրոնը՝ «պայմանակա՞ն», առանց «աչք ծակող ժեստերի, հիստերիկական լացի, բարձրաձայն ճիչի. Էպիկական հանգստություն», թե՞ իրական՝ ինչպես կյանքում է:

Այս առիթով Տերյանը հիշեցնում է Անտոն Չեխովի և «Գեղարվեստական թատրոնի» դերասաններից մեկի զրույցը.

«Երբ դերասաններն աշխատում էին որքան կարելի է մոտիկ լինել իրականութեան՝ վերոյիշյալ հեղինակի պիեսներից մէկը դնելիս՝ Չեխովը նկատում  է, որ հարկավոր չէ չափազանց րեալութիւն: Հարկաւոր չեն այդպիսի մանրամասներ,-նկատում է Չեխովը:
– Բայց չէ՞ որ դա իրական է:
– Ես հիշում եմ Կրամսկոյի մի նկարը,- նկատում է Չեխովը,- հիանալի կերպով նկարւած են այնտէղ դէմքերը, երևակայեցէք, որ մէկը այդ դէմքերից մէկի քիթը կտրէր ու տեղը մի  իսկական քիթ անցկացնէր, չէ՞ որ դա աւելի իրական քիթ կը լինէր, քան նկարւածը, բայց արդեո՞ք գեղեցիկ կը լինէր» («Անկախ մամուլ», 1907, N 20):

Տերյանը մասնակցել էր Լև Տոլստոյի թաղմանը.

«Մոսկվա. 9 նոյ., համեստ ու անշուք էր Լև Տօլստօյի թաղումը: Այդ թաղումը կատարւեց այնքան արագ, որ շատ-շատերը ոչ մի  հնարաւորութիւն չունեցան գնալու Եասնայա Պօլեանա: … Հոգևորականութիւն չկար, չկար և ոչ մի հոգևորական: Բազմութեան մեծագոյն մասը կազմում էին ուսանողները և  ուսանողուհիները: Հասարակական գործիչներից և ռուս գրողներից կային միայն մի քանի հոգի, այդ թւում Վալերի Բրիւսով, Գրիգոր Պետրով (նախկին քահանայ) և ուրիշ մի քանիսը: …Ոչ մի ճառ չարտասանւեց: Միայն երբ դագաղը իջեցրին գերեզման, մեկը բարձր ասաց.
-Великиi Левъ умеръ .
Ապա ամբոխը ծունկ չոքեց ու երգեց Вечная память» («Հորիզոն», «Լեւ Տօլստօյի թաղումը», 1910, N 256):

«Անունը կայ, ամանումը չկայ» հոդվածում բարձրացվում է հայերենով արժեքավոր թարգմանություններ ունենալու խնդիրը, որով զբաղվում էր Կովկասի հայոց հրատարակչական ընկերությունը:

Ինչու՞ են թարգմանվում, դիցուք, Կարամզինի, Կուպրինի ու Բալմոնտի գործերը և չեն թարգմանվում Դոստոևսկու, Տոլստոյի լավագու՜յն գործերը, Գոգոլի «Մեռած հոգիերը», Գոնչարովի «Օբլոմովը»:

Հրատարակչության պատասխանը հայտնի է՝ փող չկա.

«Փող չունենք, փող տուէք, և ամեն ինչ կանենք: Ումի՞ց էր պահանջում այդ փողը պ. Նախագահը: Իհարկե, «անգիտակից» և «ապէրախտ» հասարակութիւնից, որի գլխին են կոտրում ամեն կուժ և կուլա: Բայց հարց է ծագում- ինչու՞ պետք է հայ «անտարբեր» ու «անխելք» հասարակութիւնը փող տար այդ մարդկանց, ինչու՞ պէտք է անդամագրւէր մի ընկերութեան, … որը, ըստ երևույթին, ինքն էլ չգիտէ ինչ է անում և ինչ է անելու» («Հորիզոն», 1911, N 16):

«Համաշխարհային պատերազմ»,- գուժում է «Մշակ»-ի 1914-ի դեկտեմբերի 26-ի համարը:

Նույն համարում տպագրվում, ապա հաջորդ երեք համարներում շարունակվում է Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը:

«Նրա՝ այդ ինտելիգենցիայի համար բնավ գոյություն չունի հայ կուլտուրա ասածդ: Նա միանգամայն անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավոր գործոններին – լեզվին, գրականությանը, արվեստին – այն ամենին, ինչ մի ազգի կուլտուրան բնորոշող հատկանիշներն են կազմում:

Նա ոչ միայն անտեղյակ է, այլ կամք անգամ չունի տեղյակ լինելու, ավելին կասեմ, արհամարհում է այդ ամենը:

Ամեն անգամ, երբ դրա եւ նման հարցերի մասին խոսք է բացվում, մեր ինտելիգենցիայի որոշ մասը մատնանիշ է անում այն, որ մենք «փոքր ազգ ենք», երեւի ենթադրելով, որ բոլոր «փոքր» ազգերի ինտելիգենցիան այդպես կլինի… Սակայն, իհարկե, դա սխալ է:

Ո՛չ լեհ, ո՛չ ֆինն, ո՛չ մալոռուս, ո՛չ նույնիսկ վրացի ինտելիգենցիան այդպես չէ:

…Դեռ սրանից մի երկու տարի առաջ ես մի անգամ զրույց ունեցա մի այդպիսի հայ ինտելիգենտի հետ (թեպետ դեռ ոչ բոլորովին ապազգայնացած, սակայն այն ինտելիգենտներից մեկի, որոնք ոչ մի արժեք չեն տալիս ազգային կուլտուրային):

Երբ ես հարցրի նրան, թե ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչո՞ւ է այդպես ջերմ ցանկանում, որ «Հայաստանն ազատվի» (Բալկանյան պատերազմի սկզբին էր տեղի ունենում զրույցը), վերջապես՝ մի՞թե, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնեք հայ ոստիկան հայկական համազգեստով… նա անհամբեր կերպով եւ կտրուկ ասաց.
– Այո՛, հայ ոստիկան, հայկական համազգեստով…

…Սակայն ես ոչ մի խոսք չլսեցի հայ կուլտուրայի մասին. հայ արվեստի, գրականության, հայ գիտության… վերջապես հայ ժողովրդի մասին, որի համար (նկատենք թռուցիկ կերպով գոնե) բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…» (« Մշակ», 1914, N 294, դեկտեմբերի 27):

«Հնարավո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ. հնարավո՞ր է, որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա, մանավանդ լեհ ազգի ներկայացուցիչը լինելու հավակնություն ունեցող մի բուրժուա, ինտելիգենտ, իշխան՝ լեհերեն չիմանա:

Ինչպե՞ս, մի Վիլեզոլսկի կամ մի Զամոյսկի չիմանա լեհերե՞ն, մի Դմովսկի կամ Պատոցկի չիմանա Լեհաստանի հեռավոր եւ մերձակա պատմությու՞նը, նրա գրականությու՞նը, չսիրի նրա նկարչությու՞նը, երաժշտությու՞նը, թատրո՞նը, այն հոգեւոր երկերը, որ կենդանություն են տալիս մարմնավոր, նյութական Լեհաստանին:

Ո՛չ, այդպիսի բան չի կարող պատահել երբեք, դա անհնար է որեւէ լեհի համար:

Լեհի համար չեն կարող գոյություն ունենալ արգելքներ ու խոչընդոտներ՝ իր լեզուն, իր հայրենիքը, իր հոգեւոր հայրենիքը ճանաչելու ցանկության հանդեպ՚ (նույն տեղում):

Հունվարի 28-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *