Այլընտրանքային մեդիա. ներկայացումները օգնում են իրազեկել ընտրողներին

02.05.2012, Նյուսրում

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝  «Յունիմա-Հայաստան»-ը, խորհրդարանական ընտրությունների մասին տեղեկատվություն տարածելու այլընտրանքային մեդիա միջոցներ է օգտագործում: Կենտրոնի դերասանները «Նախընտրական ուրախ համերգ» ներկայացումով շրջում են Հայաստանի մարզերում:

Ներկայացման հերոսները՝ անտառի կենդանիները, պատրաստվում են ընտրությունների:  Թեկնածուների հարցում կողմնորոշվելը դժվար է. վարազ, գայլ, արագիլ եւ այլն: Ինչպես մեր Ազգային Ժողովի, այդպես էլ անտառային խորհրդարանի պատգամավոր դառնալու համար թեժ մրցավազք է: Նախընտրական անտառում թեկնածուները քարոզարշավ են անում, իսկ ընտրողներից շատերն էլ ենթարկվում են ճնշումների: Նապաստակը, օրինակ, աշխատում է վարազի մոտ, և ստիպված է ընտրել նրա նախընտրած թեկնածուին:   Գորտերը ընտրում են արագիլին, ոչխարները հավատացել են գայլին:

Ներկայացման հեղինակները սցենարն այնպես են կազմել, որ ընթացքում նաեւ   բացատրում են ընտրություններին մասնակցության կարգը, բացահայտում ընտրախախտումներն ու ընտրակեղծիքը, պայքարը դրանց դեմ: «Յունիմա-Հայաստան»-ի նախագահ Արմեն Սաֆարյանն ասում է, որ ներկայացումը մարդկանց  իրազեկելու և ինֆորմացիան տեղ հասցնելու ամենաարդյունավետ ու կատարյալ ձևն է:

«Դահլիճը կենտրոնանում է, այստեղ հանդիսատեսը հնարավորություն չունի ալիք փոխելու, նա հնարավորություն չունի բուկլետները կամ տպագիր նյութերը գցելու, չկարդալու: Ներկայացման ժամանակ տարբեր տարիքի հանդիսատեսը պատասխանում է հարցերի, նրանք ակամայից կենտրոնանում են ու բավականաչափ ինֆորմացիա են տանում իրենց հետ»,- ասում է Արմեն Սաֆարյանը:

«Նախընտրական ուրախ համերգ»-ը «Յունիմա-Հայաստան»-ի նմանատիպ այլընտրանքային մեդիա նախագծերից մեկն է միայն: Նախկինում նրանք ուսուցողական-կրթական ինտերակտիվ տիկնիկային ներկայացումներով շրջել են Հայաստանի տարբեր դպրոցներում: Միայն ընտրությունները չեն: Մեդիայի այս տեսակն օգնել է տարածել տեղեկություններ կանանց հավասարության, երեխաների իրավունքների վերաբերյալ:

Հոդվածը  գրվել է «Մեր քվեարկությունից առաջ» հեռուստատեսային հաղորդաշարի ապրիլի 28-ի սյուժեներից մեկի սցենարի հիման վրա:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?