Սուբյեկտիվ կարծիք օբյեկտիվ լրատվության մասին. կա՞ արդյոք օբյեկտիվ լրատվամիջոց

21.11.2011, Քննադատ

Կրթությամբ կինոդրամատուրգ է: Գրում է պատմվածքներ, պաստառ-պատմվածքներ, կինոսցենարներ: Աշխատել էորպես օրաթերթի լրագրող:

Այս հարցին պատասխանելու համար հոդվածի առաջին մասում բերեցինք ակնհայտ կողմնակալ,  չհավասարակշռված լրատվություն հաղորդող լրատվամիջոցների օրինակներ, որպեսզի պարզենք այն լրատվամիջոցների շրջանակը, որոնք փորձում են օբյեկտիվ երեւալ:

Բայց մինչ նրանց անցնելը, մի հստակեցում անենք`  ոչ օբյեկտիվ անվանելով «Հ1»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր մեդիա»եւ մյուսները՝ նկատի չունենք, թե այդ լրատվամիջոցներում իսպառ բացակայում է օբյեկտիվ լրատվությունը մշակութային, սոցիալական եւ այլ խնդիրներով:

Մեր գերքաղաքականացված իրականությունը, երբ նույնիսկ քաղաքականության հետ անմիջապես չառնչվող խնդիրները քաղաքական լուծումներ են պահանջում, ստիպում է այս տեսանկյունից դիտարկել դաշտը:  Նշված լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են, որովհետեւ բացահայտ ձեւով ցուցադրում են իրենց քաղաքական «համակրանքը», այլ կերպ ասած՝ նկատի ունենք լրատվամիջոցների քաղաքականությունը եւ ոչ թե այդ լրատվամիջոցներում աշխատող լրագրողների այս կամ այն նյութը:

Դաշտում կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք բացահայտ չեն ցուցադրում իրենց քաղաքական համակրանքը, որովհետեւ չունեն կամ որովհետեւ ձեռնտու չի ցուցադրել: Եթե փորձի համար զանգեք ու այդ լրատվամիջոցների խմբագիրներին հարցնեք, թե որն է իրենց լրատվամիջոցների քաղաքական «համակրանքը», նրանք միաբերան կպատասխանեն, որ չունեն «համակրանք», որ իրենց թերթը չի սպասարկում այս կամ այն քաղաքական ուժի շահերը եւ օբյեկտիվ է:

Այս տիպի լրատվամիջոցների ցանկը մեծ է, բայց բերենք մի քանի օրինակ` «168 ժամ», «Առավոտ», «Հրապարակ», «Էլեկտրոնային ամսագիր» եւ այլն: 

Նմանատիպ թերթերի էջերում ու կայքերում տեղ են գտնում քննադատական հոդվածներ՝ հասցեագրված թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը: Այս թերթերում երբեմն կարող են հայտնվել իրարամերժ տեսակետներ:

Չքննարկելով նմանատիպ լրատվամիջոցների «օբյեկտիվության» որակը՝ արձանագրենք, որ նրանք «անկողմնակալ ու հավասարակշռված» լրատվություն են տարածում: Այստեղ կարելի էր հարցը փակված համարել, եթե չլիներ ընթերցողի պահանջարկի ու նմանատիպ լրատվամիջոցների «հավասարակշռված» լինելու  լուրջ հակասությունը: 

Օբյեկտիվ լրատվություն, սուբյեկտիվ փողեր

Հայաստանում թերթ գնում եւ կարդում են հիմնականում ընդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, ովքեր դժգոհ են երկրի տնտեսական, սոցիալական, մշակութային իրավիճակից: Երկրի օբյեկտիվ իրականությունը այնպիսին է, որ իսկապես դժվար է իշխանությանը քննադատելիս չափազանցության մեջ ընկնել:

Սահմանադրության պահանջի կոպիտ խախտմամբ Ազգային ժողովում են հայտնվել խոշոր բիզնեսմեններ, մականունավոր տեղական նշանակության թաղային հեղինակություններ, որոնց անունները անցնում են քրեական գործերով, մարզպետ են նշանակվում, հեռուստաեթերից ՊՆ (Պաշտպանության նախարարության) նախարարի «խաթրին կպնողին» «թուլա» անվանած փոխնախարարը ոստիկանապետի պաշտոնն է ստանում, երկրից այս տարի մեկնածների թիվը հատել է 80 000-ի սահմանը:

Այս իրավիճակում թերթի ընթերցողին չի հետաքրքրում իշխանության տեսակետը։ Եթե նա կամենա լսել այդ տեսակետը, կմիացնի հեռուստացույցը:

Թերթ գնողները հիմնականում այն մարդիկ են, որ չեն հավատում «Հայլուր»-ի ներկայացրած Հայաստանին եւ ուզում են թերթի էջերում կարդալ իրենց աչքի տեսածը: Նրանք ցանկանում են տեղեկանալ այն ամենի մասին, ինչը չի հնչի հեռուստատեսությամբ: Ընթերցողը ցանկանում է լսել այլ կարծիք եւ գումար է տալիս ու գնում թերթում տպագրված այդ այլ կարծիքը:

Պատահական չէ, որ գրեթե բոլոր նորաբաց թերթերը, որ ցանկանում են քիչ թե շատ ֆինանսական անկախություն ունենալ, սկսում են իրենց գործունեությունը որպես սուր ընդդիմադիր մամուլ եւ «աջուձախ քլնգում» են իշխանությանը, մինչեւ որ ընթերցողների որոշակի շրջանակ կունենան, որից հետո միայն սկսում են աստիճանաբար «օբյեկտիվանալ»:

Թերթերի տնօրենները գիտեն, թե ինչ հզոր բան է սովորույթի ուժը: Մի քանի ամիս կամ նույնիսկ մի քանի տարի թերթ գնած մարդկանց մի զգալի մասը շարունակելու է գնել թերթը, եթե նույնիսկ նկատի, որ այն փոխում է իր ընդդիմադիր բնույթը:

Բայց, այնուամենայնիվ, ընդդիմադիր դիրքորոշմամբ սուր քննադատության պակասի հետ ընթերցողների թիվը խիստ նվազում է: 

Կար ժամանակ, երբ ուզում էի թերթ տպագրել եւ առիթ ունեցա զանգահարել մի քանի տպարաններ, հաշվարկներ անել, թե ինչ տպաքանակի սպառման դեպքում այս բիզնեսը կարող է եկամտաբեր լինել: Իմ մոտավոր հաշվարկներով խոսքը գնում է առնվազն 4 հազար տպաքանակի մասին, այնինչ մեր թերթերից շատերի տպաքանակը չի հատում 3500-ի սահմանը:

Այդ տպաքանակների մի զգալի մասը՝ շատ թերթերի դեպքում 60 տոկոսը եւ ավելին, չի վաճառվում, հետ է վերադարձվում:

Համոզվելու համար օրվա վերջում մոտեցեք մի քանի կրպակների եւ հարցրեք, թե որ թերթից քանի նմուշ են ստացել եւ քանիսն է վաճառվել: Մի քանի կրպակ անցնելուց հետո ձեզ համար կուրվագծվի ընդանուր պատկերը:

Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ միջոցներով են այդ դեպքում տպագրվում «հավասարակշռված» լրատվություն հաղորդող թերթերը: Գովազդի համար փոքր տպաքանակով թերթերը մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում եւ կարող են հետաքրքիր լինել միայն քաղաքական կուսակցությունների կամ քաղաքական գործիչների համար:

Համոզված եմ, որ մեդիա դաշտում գործող գրեթե բոլոր լրագրողների համար սա անվիճարկելի փաստ է:  Տարբեր «օբյեկտիվ» լրատվամիջոցների լրագրողները գիտեն նույնիսկ, թե որ օլիգարխ-պատգամավորը, կուսակցությունը կամ պաշտոնյան է  «պահում» իրենց թերթը եւ որոնց հանդեպ պետք է լինեն առավել «օբյեկտիվ» ու «հավասարակշռված»:

Հոդվածի առաջին մասում  մենք բերեցինք «Հայկական ժամանակի» օրինակը, որը հստակ ընդդիմադիր դիրքորոշում ունի եւ դրա շնորհիվ համեմատաբար մեծ տպաքանակով է տպագրվում ու սպառվում։ «Հայկական ժամանակ»-ի պահանջարկը եւ ֆինանսական ինքնաբավությունը ապացուցում է նաեւ թերթի կազմակերպած դրամահավաքը, երբ մի քանի շաբաթվա ընթացքում ավելի քան 7 միլիոն դրամ հավաքվեց:

Այսքանից հետո կարելի է եզրահանգում անել, որ թերթի ֆինանսական անկախությունն ու դրանից բխող ազատությունը եւ  հավասարակշռված լրատվությունը մեր իրականության մեջ անհամատեղելի են:

Կոպիտ ասած` Հայաստանում «օբյեկտիվ» լրատվության տակ սուբյեկտիվ փողեր են թաքնված:  Մեր երկրի ջղաձիգ իրականության պարագայում «հավասարակշված լինելը» որոշակի գին ունի: 

Հ.Գ. Թերեւս դաշտում առանձնանում են տարբեր միջազգային հիմնադրամներից ֆինանսավորվող էլեկտրոնային լրատվական միջոցները, բայց դա արդեն ուրիշ հոդվածի թեմա է:

Համբարձում Համբարձումյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?