Ստուգիր մինչեւ գրելը, տարածելը, լայքելը...

04.04.2014, Ստուգված է

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Սոցիալական մեդիայից նորությունների ստուգման անհրաժեշտության մասին գրել էի #SaveKessab արշավի վերաբերյալ հրապարակմանս մեջ:

Նորությունները ստուգելու անհրաժեշտությունը հատկապես զգացվում է արագ զարգացող իրադարձությունների ժամանակ, երբ մեծ թվով մարդկանց ուշադրություն է բեւեռված խնդրին:

 Բերեմ մի քանի օրինակ:

#SaveKessab-ը ռուսական եթերում

 #SaveKessab արշավը, որն ուղղված է Սիրիայի Քեսաբ բնակավայրից տեղահանված հայ ազգաբնակչության խնդիրներին, շարունակվում է: Վերջին օրերին ռուսական հեռուստատեսային ալիքներն են ավելի շատ անդրադառնում Քեսաբի խնդրին: 

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստատեսային ալիքն իր ռեպորտաժում օգտագործում էր տեսանյութ, որը ցանցում էր հայտնվել մինչեւ Քեսաբի դեպքերը: Կադրերում զանգվածային գնդակահարություն է, որը ներկայացվում է որպես քեսաբահայերի կոտորած:

Այդ տեսանյութը ցանցում էր արդեն մարտի 15-ին՝ գրությամբ, որ դեպքը եղել է 2013-ի դեկտեմբերին (Քեսաբը գրավվել է 2014թ.-ի մարտի 21-ին): Այն հայերի հետ կապ չունի: Ըստ տեսանյութը տարածողների՝ գնդակահարվողները սիրիական կանոնավոր բանակի զինվորներն են: Կադրերում գնդակահարվողներն իրոք զինվորական հագուստներով են, եւ դժվար է հավատալ, որ քեսաբահայերին նախ՝ զինվորական հագուստ են հագցրել, հետո գնդակահարել, հետո էլ տեսանյութը հետին թվերով տարածել ինտերնետում:

Այս դեպքում արդեն հեռուստադիտողն է, որ կարող է կիրառել նորությունների ստուգման մեխանիզմը կամ ուղղակի քննադատական մտածողության շնորհիվ հասկանալ, որ իրեն խաբում են:

«Սիրիացի» տղայի լուսանկարի դեպքը

2014թ.-ի հունվարին սոցիալական մեդիա ալիքներով (հատկապես Facebook-ով եւ Twitter-ով) տարածվեց մի տղայի լուսանկար, ով քնած էր երկու գերեզմանների արանքում: Նշվում էր, որ լուսանկարը Սիրիայից է, իսկ գերեզամանները տղայի ծնողներինն են:

Բայց հետագայում պարզվեց, որ լուսանկարն արված է Սաուդյան Արաբիայում, գերեզմաններն էլ ընդամենը հողաթմբեր են: Տղան էլ չի կորցրել ծնողներին: Նա լուսանկարիչ Աբդուլ Ազիզ Ալ Օթաիբիի քրոջ որդին է: 

Ալ Օթաիբին ասել է, որ լուսանկարն արել է իր մի նախագծի համար, եւ այն Սիրիայի հետ ընդհանրապես կապ չունի:

 

#OccupyGezi-ի լուսանկարը

Անցյալ տարի ամռանը Թուրքիայում #OccupyGezi շարժման ժամանակ տարածվող ամենաազդեցիկ լուսանկարներից մեկը կեղծ էր: Սոցիալական ցանցերում, որպես Ստամբուլում ոստիկանության եւ ցուցարարների բախումների պատկեր, օգտագործում էին փոքրիկ աղջկա մի լուսանկար:

Սակայն ուշադիր նայելու դեպքում կարելի է նկարի հետեւի ֆոնին արմավենիներ տեսնել: Օգտատերերը պարզել էին, որ լուսանկարն իրականում արված է Բահրեյնում:

Կարծում եմ՝ օգտատերերի կողմից ստեղծված բովանդակությունը՝ (UGS- User Generated Content) տեղեկությունները, լուսանկարները, գրաֆիկները կամ տեսանյութերը ստուգելը լրատվամիջոցների համար պարտադիր է: Ստուգման բազմաթիվ գործիքներ կան, որոնք կարելի է կիրառել: Եվ, իհարկե, օգտատերերին էլ չէր խանգարի ավանդական լրատվամիջոցներով տարածվող կասկածելի բովանդակությունը ստուգել:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?