«Յուքոմել»-ի գործը կլսվի Վերաքննիչ դատարանում

07.02.2018, Նյուսրում

Լրագրող

Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանի նախաձեռնած և «Յուքոմել» անունը ստացած դատական գործը կքննվի վերաքննիչ ատյանում: Թե՛ հայցվոր կողմը, թե՛ պատասխանող «Յուքոմ» ընկերությունը բողոքարկել են առաջին ատյանի վճիռը:

Գրիգոր Բեքմեզյանը դատական հայց էր ներկայացրել «Յուքոմ»-ի դեմ, պահանջելով կամ մատուցել պատշաճ ծառայություն, կամ փոխհատուցել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության (ԱՊԼ) խաղերի ժամին ռուսական Матч ТВ, Футбол1, Футбол2, Футбол3 և այլ սպորտային ալիքներն արգելափակելու դիմաց:

Հայցվորը դատարանից նաև պահանջել էր պարտավորեցնել «Յուքոմ»-ին՝ ԱՊԼ խաղերի ժամանակ չարգելափակել ռուսական հեռուստաալիքները: «Յուքոմ»-ի ներկայացրած փաստարկն այն է, որ ԱՊԼ խաղերը Հայաստանում ցուցադրելու բացառիկ իրավունք ունի Հ2 հեռուստաալիքը: Բեքմեզյանն էլ պնդում է՝ Հ2-ը ունի յուրաքանչյուր տուրից երկու խաղ ցուցադրելու իրավունք, բայց հեռուստաընկերության բացառիկ հեռարձակման իրավունքները չեն տարածվում մյուս 8 խաղերի վրա:

Դատարանը 2017 թվականի նոյեմբերին հայցը բավարարել էր մասնակի, «Յուքոմ»-ին պարտավորեցնելով 2016 թվականի օգոստոսից (ԱՊԼ խաղերի հեռարձակման սահմանափակումը սկսվել է այդ ժամանակ) սկսած յուրաքանչյուր ամսվա համար Բեքմեզյանին հատուցել 1080-ական դրամ գումար: Իսկ ռուսական Матч ТВ-ի հեռարձակումները չարգելափակելու մասով հայցը մերժվել էր:

Գրիգոր Բեքմեզյանն առաջին ատյանի վճիռը բողոքարկել է Հ2-ին ԱՊԼ-ի հեռարձակման բացառիկ իրավունքների մասով կայացրած դիրքորոշման վերաբերյալ:

Բեքմեզյանը դատարանին է ներկայացրել ԱՊԼ-ի կայքից արտատպած քաղվածք, որը հաստատում է, որ Հ2-ը լիցենզիա ունի յուրաքանչյուր տուրից ընդամենը երկու խաղ ցուցադրելու: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ այս ապացույցը պատշաճ թարգմանված և վավերացված չէ:

«Որպեսզի ինտերնետ կայքից վերցրած քաղվածքը պատշաճ թարգմանվի և ըստ օրենքի ներկայացվի դատարան, պետք է նոտարական վավերացում ստանա: Իսկ նոտարը երբեք ինտերնետից արտատպված էջը չի թարգմանում և վավերացնում: Ստացվում է, որ կողմը զրկվում է նման ապացույց ներկայացնելու հնարավորությունից ընդհանրապես: Դատական պրակտիկայում շատ են կիրառվում ինտերնետային քաղվածքները որպես ապացույց ներկայացնելու միջոցները: Այս դեպքում քաղվածքը անգլերեն է, նշանակում է, որ ինչ որ կերպ պետք է թարգմանել: Մենք լիցենզավորված կազմակերպության թարգմանություն ենք ներկայացրել, և գտնում ենք, որ դատարանն այդ մասով պետք է ընդուներ»,- ասում է «Յուքոմել»-ի նախաձեռնողը:

Վերաքննիչ ատյանում առաջին նիստը տեղի կունենա մարտի 1-ին:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?