Սերիալների լեզուն և որակը՝ բողոքի թեմա

17.07.2017, Նյուսրում

Լրագրող

2016 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) քաղաքացիներից ու կազմակերպություններից ստացել է 35 դիմում-բողոք՝ հեռուստաընկերությունների հաղորդումների անորակ լինելու, լեզվի անաղարտության, անբարեխիղճ գովազդ հեռարձակելու մասին և այլ խնդիրներով:

ՀՌԱՀ իրավաբան Դավիթ Մարգարյանի խոսքով՝ քաղաքացիների դիմումների մեջ մեծ թիվ են կազմել սերիալներից բողոքները. «Հաղորդումների որակի վերաբերյալ դիմումները հենց սերիալներին են վերաբերում: Հիմնականում՝ հայկական: Հեռուստադիտողները բարձրաձայնել են սերիալների բովանդակությունից՝ սցենարից, ինչպես նաև սերիալների հերոսների բառապաշարից, այսինքն՝ տվյալ ֆիլմի լեզվից: Բողոքները կոնկրետ ֆիլմերից չեն, այլ՝ ընդհանուր վիճակից»:

ՀՌԱՀ-ը պարզել է, որ անբարեխիղճ գովազդի վերաբերյալ մեկ-երկու դիմումներն անհիմն են եղել:

Հանձնաժողովը տուգանել է 11 հյուրանոցների, որոնք խախտել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 6-րդ, 22-րդ և 23-րդ մասերի պահանջները: Դավիթ Մարգարյանը պարզաբանեց, որ մինչև վերջերս հյուրանոցներում վերահեռարձակում իրականացնելու համար օրենքում սահմանված է եղել լիցենզավորման պարտադիր պայման: Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ հյուրանոցները պարզապես պետք է ՀՌԱՀ-ին ծանուցեն իրենց կողմից վերահեռարձակվող հեռուստաալիքների և դրանց՝ օրինական հիմքով հեռարձակելու մասին: 11 ընկերությունը չի ծանուցել, ինչի համար տուգանվել է:

ՀՌԱՀ 2016 թվականի հաշվետվության համաձայն՝ հանձնաժողովի կարգավորման ոլորտում գործող ընկերությունները հաշվետու ժամանակահատվածում ապահովել են պետական բյուջեի մուտքեր` տարեկան պետական տուրքի, չվճարված տուրքի գումարի նկատմամբ հաշվարկված տույժի, լիցենզիաների գործողության ժամկետների երկարաձգման և վերաձևակերպման համար գանձված գումարների հաշվին: 2016 թվականին նշված աղբյուրներից պետբյուջե փոխանցվել է 198,3 միլիոն դրամ, այդ թվում՝ 1,3 միլիոն դրամ տույժ: Նշված տույժը, ըստ Դավիթ Մարգարյանի, կայացվել է պետտուրքերի ուշացման դիմաց:

Նախորդ տարվա դրությամբ Հայաստանում գործել է 95 հեռուստաընկերություն, որից 40-ը՝ վերգետնյա եթերային, 55-ը` կաբելային հեռարձակում իրականացնող: Ռադիոընկերությունների թիվը 18 է:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?