2019.09.26,

Նյուսրում

Հեռուստատեսային տասնյակներում կան փոփոխություններ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), ուսումնասիրելով հեռուստաընկերությունների եթերը, կազմել է տարբեր ժանրերում ամենադիտված հաղորդումների տասնյակները: Արդեն ամփոփվել են 2019-ի երկրորդ եռամսյակում (ապրիլից-հունիս) դիտարկված հեռուստածրագրերը:

Լրատվական ծրագրերի առաջատարը շարունակում է մնալ «Շանթի» «Հորիզոնը», երկրորդ տեղում Հանրայինի «Լուրերն» են, երրորդում՝ «Արմենիայի» «Ժամը»:

Համեմատած նախորդ ամիսների հետազոտության հետ՝ Հանրայինի լրատվականը առաջխաղացում ունի, այն երրորդ տեղից տեղափոխվել է երկրորդ, իսկ «Ժամը»՝ մի կետով նահանջել:

Թոք շոուների ու քաղաքական հաղորդումների շարքում ամենաբարձր դիտելիությունն ունի ATV-ի «Կիսաբաց լուսամուտները», որին հաջորդում են Հանրայինի միանգամից մի քանի ծրագրեր՝ «Հանրային քննարկումը», «Սպասիր ինձ, Հայաստանը», «Եկեք հասկանանքը», «Խաղի կանոնները»: 

«Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջը» վեցերորդ տեղում է, այն կտրուկ աճ է գրանցել, քանի որ նախորդ եռամսյակի հետազոտության արդյունքներով՝ տանյակում չէր:

Հետաքրքիր է համեմատել ֆիլմերի դիտելիությունը: Հայաստանի բնակչությունը գերադասում է դիտել «Արմենիա» հեռուստաընկերության առաջարկած գեղարվեստական ֆիլմերը: Առաջին վեց տեղերում են հիմնականում հայաստանյան արտադրության կատակերգությունները կամ հայերին առնչվող թեմաներով կինոժապավենները:

Գրեթե նույն պատկերն է նաև սերիալների պարագայում, որտեղ ավանդապես մրցակցում են «Շանթի» և «Արմենիայի» հեռուստանովելները: «Արմենիայի» «Պատվից առավելը» ու «Անհասցե ծնվածները» գտնվում են «Շանթի» «Հարսիկի» ու «Մերժվածի» հարևանությամբ:

Վավերագրական ֆիլմերի ցանկում պատկերը այլ է: Ամենադիտվածը Հանրայինի «Մեր ժամանակների հերոսը» շարքն է:

Ժամանցային և հումորային հաղորդումների հիմնական մատակարարը շարունակում է մնալ «Շանթը», որի «Women`s Club» և «Հումորի լիգա» ծրագրերին հաջորդում են «Արմենիայի» «Full House» և «Domino» շարքերը:

ՀՌՀ-ն իր հետազոտության մեջ առանձին դիտարկել է նաև ժամանցային-երաժշտական հաղորդումները: Այս ցանկում առաջին երեք տեղերում է «Արմենիայի» արտադրանքը:

Կարելի է սպասել, որ հաջորդ եռամսյակում պատկերը փոխվելու է, քանի որ նոր եթերաշրջանում շատ ալիքներ վերաձևել են իրենց ծրագրերը ու նորամուծություններ արել:

Սակայն մի բան մնում է անփոփոխ արդեն երկար ժամանակ՝ ամենադիտված սպորտաձև շարունակում է մնալ ֆուտբոլը: Սպորտային ծրագրերի շարքում այն չեմպիոն է՝ իր բոլոր հեռարձակումներով: Եվ միայն երբեմն ֆուտբոլի կողքին հայտնվում է ծանրամարտը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *