Տիգրան Հակոբյանը՝ հեռուստատեսության «ատվիչայ»-ների գործած համակարգի մասին

22.04.2019, Նյուսրում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը Ազգային Ժողովում ներկայացրել է հաղորդում ՀՌՀ 2018թ․ գործունեության մասին։ Հակոբյանի ելույթից հետո նրան հարց ուղղելու համար հերթագրվել է 31 պատգամավոր։

Ներկայացնում ենք թեմատիկ մեջբերումներ Տիգրան Հակոբյանի խոսքից։

Մինչև 2018թ․ մայիսը հեռուստատեսության վերահսկողության մասին

2018թ․ մայիսից իսպառ վերացվեց հանձնաժողովի հետ զուգահեռ այլ կենտրոնների կողմից կարգավորվող գործունեությունը, նույնիսկ կարգավորվող գործունեություն սխալ է ասել՝ կոշտ միջամտությունը հեռուստառադիոընկերությունների և խմբագրական, և կադրային, և ֆինանսական քաղաքականությանը։

2018 –ի մայիսից այդ ոլորտը կարգավորող միակ մարմինը ՀՌՀ-ն է, ինչը մեծապես մեծացրեց մեր պատասխանատվությունը՝ ավելացրեց մեր ծանրաբեռնվածությունը, բայց նաև հստակություն մտցրեց այս ոլորտում։

Մայիսից արդեն վերացվել է այդ «դաբրո»-ների ինստիտուտը, պատասխանատուների ինստիտուտը, երբ ցանկացած գործողություն հեռուստառադիոընկերություններում՝ կլինի դա բաժնեմասի վաճառք, կլինեն նշանակումներ, հանրային ռեսուրսից օգտվել, տենդերներին մասնակցություն՝ այդ ամենը մինչև չհամաձայնեցվեր և հստակ ցուցումներ չտային, չէր իրականանում։ Այսօր այդ ամեն ինչը վերացված է։

***

Նախկինում շատ հետաքրքիր համակարգ էր գործում՝ շատ լավ աշխատող «ատվիչայների» (ռուսերեն տերմին է՝ նշանակում է պատախանատու խմբ․) համակարգը։ Այսինքն ամեն մի անձ կամ խմբավորում ինքը «ատվիչայ» էր տվյալ  հեռուստաընկերության համար և միայն համաձայնության դեպքում էդ «ատվիչայը» կարող էր փոխվեր։ Եւ նույնիսկ, եթե հեռուստաընկերությունը վաճառվում էր այլ անձի, կարող էր հին «ատվիչայը» մնալ։

Մինչև 2018թ․ մայիսը մարզային հեռուստատեսությունների վերահսկողության մասին

Մարզային հետուստատեսային ֆինանսավորումը նախկինում դրված էր տարբեր քաղաքական և ֆինանսատնտեսական խմբերի վրա, որոնք հեղափոխությունից հետո կամ չեն գործում, կամ չունեն այդ ազդեցությունը, կամ իմաստ չեն տեսնում ֆինանսավորել տեղական հեռարձակողներին։

***

...մրցույթները (մարզերում ․խմբ) եղել են անարդար, յուրաքանչյուր մարզում նախօրոք պարզ էր եղել, թե ով պետք է հաղթի:

Հանրային հեռուստատեսության մասին

Հանրային հեռուստաընկերությունը վատ չի աշխատում և վատ չի աշխատել նույնիսկ մի քանի տարի առաջ։ Միակ բաղադրիչը, որի համար շատ արդարացիորեն քննադատվում էր Հանրային հեռուստատեսությունը՝ ազատության, բազմազանության պակասն էր, կոշտ վերահսկումն էր իշխանությունների կողմից։

Հեռուստատեսությունների դեմ վարչական վարույթների մասին

Նախորդ տարի  11 վարչական վարույթ է հարուցվել։ Մի մասը կարճվել է։ Մի քանի հեռարձակող ընկերություն պատժվել է՝ Արարատ հեռուստաընկերությունը, որը հիմա TV5-ն է, ԱՐ-ը, Դար 21-ը, Ռադիո Հայ-ը ու Քրոսնեթ կաբելային հեռուստաընկերությունը։

Օրինակ, ԱՐ հեռուստաընկերությունը տուգանվել է ծխախոտ գովազդելու համար։ Դա բացահայտ գովազդ չէր, սակայն մեր մշտադիտարկողները նկատեցին։

Արարատ ու Դար 21 հեռուստաընկերությունները հեղինակային իրավունքի համար՝ չլիցենզավորված և չգնված ֆիլմեր էին ցույց տալիս։

Ռադիո Հայը նախընտրական շրջանում ընտրական օրենսգրքի կոպիտ խախտման համար և Քրոսնետը նույնպես հեղինակային իրավունքը խախտելու համար։

Հեռուստատեսային գովազդի շուկայի մասին

Տարբեր ընկերությունների բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին տարիներին հեռուստագովազդի շուկան կրճատվել է մոտ 2,5 անգամ (Հայաստանում ․խմբ)։

Եթե 2013-2014թթ հեռուստատեսային շուկան մինչև 35 ԱՄՆ դոլար էր բոլոր բաղադրիչներով՝ հովանավորչություն, կոմերցիոն ծրագրեր, գովազդ, ապա անցյալ տարի այդ գումարը, լավատեսական գնահատականներով, կազմել է մինչև 18 միլիոն ԱՄՆ դոլար։

Պատրաստեց Գեղամ Վարդանյանը

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?