2011.06.29,

Նյուսրում

Մեդիա կազմակերպությունները շարունակելու են լրամշակել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ձեւավորված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը լրամշակող աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքները. լրամշակված նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով՝ քննարկման: Աշխատանքային խմբի մաս կազմող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ աշխատանքներն ավարտվել են վաղաժամ. մի շարք կարեւոր հարցեր խորը քննարկման եւ անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել:

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանը, հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնել օրինագծի ներկա խմբագրության վերաբերյալ՝ այն առայժմ համարելով անկատար, քանի որ ամբողջովին ու մանրամասնորեն հաշվի չեն առվել մասնագետների առաջարկությունները, այդ թվում` Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի փորձագետների դիտողությունները:

«Այս իրավիճակը կասկածի տակ է դնում աշխատանքների սկզբնական եւ առանցքային նպատակը՝ նպաստել, որ ՀՀ Ազգային ժողովը որակյալ օրենք ընդունի»,- նշված է հայտարարության մեջ:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ միջազգային փորձագետների ու տեղական կազամակերպությունների կարծիքները բավարար չափով չեն ուսումնասիրվել եւ հաշվի առվել:

«Ինձ թվում է, որ որոշակի շտապողականություն կար այդ օրինագիծը խորհրդարան ներկայացնելու, որպեսզի միջազգային եւ տեղական հանրությանը ցույց տրվեր, որ աշխատանքներն ավարտվել են եւ անցել են նոր փուլ, քանի որ շատ մեծ է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերաբերյալ հանրության ուշադրությունը, ինձ թվում է՝ այդպես էր ձեռնտու մեր իշխանություններին»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շաքե Ավոյանի խոսքերով՝  աշխատանքային խմբի գործունեության գրաֆիկը խմբի կողմից հաստատվել էր մարտ ամսվա վերջին, սահմանվել էր 15-օրյա ժամկետ  առաջարկությունների եւ դիտողությունների համար:

«15 օրվա ընթացքում ոչ մի դիտողություն կամ առաջրկություն չի ստացվել: Մինչ այդ ակտիվ քննարկումներ են եղել  նաեւ ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի փորձագետների հետ, փոփոխություները համաձայնեցվել են ՀԿ անդամների հետ, ապրիլի 30-ին ամփոփվել են աշխատանքային խմբի արդյունքները: Իսկ ԵԱՀԿ փորձագետ Անդրեյ Ռիխտերը մի հարցազրույցում նախագիծը համարել է գրեթե կատարյալ, ժողովրդավարական հասարակությանը համահունչ»,- ասում է նա:

Հասարակական կազմակերպությունների փորձագետները շարունակում են օրենքի լրամշակման աշխատանքները. նրանք նպատակ ունեն այն հետագայում առանձին փաթեթով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով: 

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների հարցով աշխատանքային խումբը կազմավորվեց անցյալ տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանի առաջարկով՝ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գլխավորությամբ այն բանից հետո, երբ հունիսին խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները: 

Այս օրինագծի ընդունմամբ 2011 թվականից մայրաքաղաքում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվեց մինչեւ 18-ի, ինչը, փորձագետների կարծիքով, հարված հասցրեց հեռուստաեթերի առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող բազմազանությանը: 

Տեղական եւ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ քննադատեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ պնդելով, որ այն բավարար պայմաններ չի ստեղծում հեռարձակման ոլորտում բազմակարծություն ապահովելու համար, այն միտված է ոչ թե ապագային, այլ ամրագրում է հեռուստաշուկայում առկա եւ իշխանություններին ձեռնտու կառավարելի եթերի ստատուս քվոն, եւ մեծագույն խոչընդոտ է դառնալու ինչպես եթերային, այնպես էլ անկախ արբանյակային եւ ինտերնետային հեռարձակման զարգացման համար: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *