«Էպիկենտրոնը» սկսել է սուրդոթարգմանությամբ լուրեր հեռարձակել

14.02.2012, Նյուսրում

«Կենտրոն TV»-ի «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը օրը մեկ անգամ հեռարձակվում է սուրդոթարգմանությամբ: Նորամուծությունը լսողական խնդիրներ ունեցողների սրտով է, սակայն մտավախություն կա, որ նախաձեռնությունը նախընտրական բնույթի է:

Մեկ շաբաթ է, ինչ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ոչ գլխավոր, ցերեկային թողարկումներից մեկը ներկայացվում է նաեւ ժեստերի լեզվով:

Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ հեռուստաընկերության նորամուծությունը բավական աշխուժացրել է իրենց համայնքի կյանքը, սակայն նորությունների ժամն այնքան էլ հարմար ընտրված չէ: Շատերը ցերեկային ժամերին աշխատանքի են:

«Եթե երեկոյան ժամերին լիներ, ավելի ճիշտ կլիներ, քանի որ բոլորը կկարողանային դիտել»,- ասում է Գրիգորյանը:

Բացի դրանից՝ միայն մեկ հեռուստաալիքի լուրերը չեն բավարարում Հայաստանում լսողական խնդիրներ ունեցողների համայնքին: 

«Լավ կլիներ, եթե սուրդոթարգմանություն լինի նաեւ Հանրային եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների լրատվականներում ու նաեւ «1-02» հաղորդաշարում»,- ասում է նա:

«Կենտրոնի» եթերում սուրդոթարգմանությամբ լրատվական թողարկում հեռարձակելը հնարավոր է դարձել Հայաստանի խուլերի միավորում կատարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցից հետո: Կուսակցության ղեկավարը տեղեկացել էր, որ եթերում սուրդոթարգմանությամբ լուրեր չկան, եւ խոստացել էր լուծել խնդիրը: Հանդիպումից մի քանի օր անց «Էպիկենտրոնը» իրականացրեց Ծառուկյանի խոստումը: 

«Էպիկենտրոնի» լրատվական ծրագրի խմբագիր Արթուր Ազարյանն ասում է, որ լսողության խանգարում ունեցող հանրության տեղեկացված լինելու հանգամանքն իրենց մշտապես հուզել է:

«Սակայն Գագիկ Ծառուկյանի խուլ ու համրերի հետ հանդիպումը ըստ էության այն պատրվակն էր, որ դրան ձեւ տրվեր եւ բերվեր որոշակի վերջնարդյունքի»,- ասում է Ազարյանը:

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը, ով առաջինը բարձրաձայնեց խուլերի համար հեռուստատեսության անմատչելիության խնդիրը, գտնում է, որ միայն «Էպիկենտրոնի» ցերեկային լուրերով նրանց տեղեկացված լինելու իրավունքը չի ապահովվում:

«Թեեւ ողջունելի է, որ մասնավոր հեռուստաընկերությունն այս խնդրին ընթացք տվեց, սակայն կարող է ցանկացած պահի, ինչպես ստեղծվեց, նույն ձեւով էլ վաղը կամ, պայմանականորեն վերցրած, ընտրություններից հետո դադարեցվի»,- ասում է նա:

Հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մայիսին են:

Լրագրողի համոզմամբ՝ հարցը վերջնականապես կլուծվի միայն այն ժամանակ, երբ օրենքով կպարտադրվի պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությանը անպայմանորեն սուրդոթարգմանությամբ մեկ լրատվական թողարկում ունենալ:

«Որ եթե նույնիսկ վաղը դադարեցվի այն, օրենքի ուժով հնարավոր լինի վերականգնել»,-ասում է Դեհերյանը:

Օրենքում նշված է, որ Հանրային հեռուստատեսությունն օրվա ընթացքում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հաղորդում պետք է հեռարձակի սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով: «Հ1»-ը նախապատվելի է համարում լուսագրերով տեղեկացնելու տարբերակը, ինչը, սակայն, բազմաթիվ խուլերի հավաստմամբ, մատչելի եւ հարմարավետ միջոց չէ:

Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանի հեռուստատեսային եթերում սուրդոթարգմանությամբ լուրերի թողարկում չկար: «ԱԼՄ» -ն էր, որ լուրերը ներկայացնում էր նաեւ ժեստերի լեզվով, այն էլ զրկվեց լիցենզիայից եւ 2011 թվականի հունվարի 20-ից դադարեցրեց հեռարձակումը:

Այդ կապակցությամբ «Լռության ձայն» ֆեյսբուքյան խմբի լսողության խանգարում ունեցող անդամները դիմել էին Հեռուստատեսության եւ Ռադիոյի  հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին` պահանջելով չանտեսել 3500 լսողության խանգարում ունեցող մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը եւ անհապաղ միջոցներ ձեռնարեկել սուրդոթարգամնությամբ լրատվական հաղորդում ապահովելու համար: Ի պատասխան՝ Ամալյանը նշել էր, Հայաստանում կան հեռուստաընկերություններ, որոնց լրատավական թողարկումները զուգորդում են հայերեն լուսագրերով:

Նվարդ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?