Ինչպես վարվեցին հայկական TV-ները «Հաց բերողի» հետ

17.03.2017, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Երեկ` մարտի 16-ին, մահացավ Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը». ծանր վիրահատության ենթարկվելուց հետո։

Անցյալ տարվա հուլիսին, երբ «Սասնա ծռեր» զինված խումբը Երևանում գրավեց ՊՊԾ գնդի շենքը, Արթուր Սարգսյանը հաց տարավ խմբի անդամներին` վտանգելով կյանքը, ճեղքելով ոստիկանության շղթան, որտեղից կրակահերթերով ուղեկցեցին նրա ավտոմեքենան։

«Հաց բերողին» ձերբակալեցին հուլիսին, մյուսների հետ միասին, դեկտեմբերին բաց թողեցին, բայց փետրվարին նորից ձերբակալեցին, որին ի պատասխան նա անժամկետ հացադուլ հայտարարեց։ Նա նորից ազատ արձակվեց մարտին, ԱԺ 27 պատգամավորի միջնորդությամբ։

Արթուր Սարգսյանի մահվան լուրը զբաղեցրեց ամբողջ ֆեյսբուքը։ Ցավ, զայրույթ, ափսոսանք, սառը գնահատության մի քանի փորձ։ Կոչեր` նրա անունով փողոցներ, նույնիսկ` Հանրապետության հրապարակն անվանելու, մեղադրանք` իշխանությունները սպանեցին, եթե ոչ ուղղակիորեն, առնվազն` երկու անգամ կալանավորելով հիվանդ մարդուն, որի մեղքը անհասկանալի մնաց հանրության մի մեծ հատվածին։

Բնականաբար, հետաքրքիր էր, թե  դեպքն ինչ ձևով կմատուցեին հեռուստաընկերությունները։

ATV հ/ը առհասարակ չանդրադարձավ Արթուր Սարգսյանի մահվանը։ «Արմնյուզ» հ/ը նույնպես որևէ տեղեկություն չտվեց, հակառակ իր անվանման news` «նորություն» բաղադրիչին (բացառությամբ ժամը 21-ի թողարկման, որն ուրիշ հ/ը՝ «Ա1+»-ի լուրերին է հատկացված)։

Հանրային հեռուստաընկերությունը, «Կենտրոնը», «Արմենիան», «ԱՐ»-ը, «Հ3»-ը անոնսի մեջ` համընդհանուր հետաքրքրություն ենթադրող դեպքերի ցուցակում չէին ներառել Արթուր Սարգսյանի մահվան լուրը, բայց համառոտ անդրադարձ կատարեցին` շեշտելով, որ վիրահատող բժիշկը նրա մահը չի համարում հացադուլի հետևանք։

«Հ3»-ը առաջին 10 րոպեն նվիրեց մեկ ուրիշ Արթուրի` Արթուր Բաղդասարյանի ու նրա ստեղծած նոր կուսակցության նախընտրական հանդիպումներին։ Այսինքն, դրանք մոտ 10 անգամ ավելի կարևոր համարելով, քան հանրության ալեկոծած դեպքը մի կողմից, մյուս կողմից, ասենք, պետության ղեկավարի` Սերժ Սարգսյանի այցելությունը Մոսկվա։

«Կենտրոնը», որի վերահսկողությունը կապվում է ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի հետ, լուրերի վերջում հաղորդեց նրա խորը ցավակցությունը հանգուցյալի մտերիմներին և համանուն` «Ծառուկյան դաշինք»-ի քարոզչության դադարեցումը մինչև հաջորդ օրվա ավարտ։ Թե ինչո՞ւ էր Ծառուկյանն այդքան գնահատում Արթուր Սարգսյանին, որ կատարել էր քարոզարշավը դադարեցնելու լուրջ քայլը, որևէ կերպ չբացատրվեց։ Համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանի անունը չեք գտնի ԱԺ 27 պատգամավորների ցուցակում, որոնց երաշխավորությամբ փոխվեց «Հաց բերողի» խափանման միջոցը օրեր առաջ։

Չորս հեռուստաընկերություն` «Հ2», «Երկիր Մեդիա», «Շանթ», «Արարատ», «Հաց բերողի» մահվան լուրն ընդգրկել էր հիմնական թողարկման անոնսի մեջ, առաջին երկուսը նույնիսկ նրանով սկսեցին հաղորդումը։

Ի՞նչն էր պակասում հեռուստաընկերություններին, որոնց մեծ մասը նաև լռության մատնեց «Հաց բերողին» նվիրված երթը Ազատության հրապարակից մինչև Արդարադատության նախարարություն` իր բավականին սուր կարգախոսներով։ Եթե 25 տարի հետո որևէ մեկը նայի 2017-ի մարտի 16-ի լուրերի թողարկումները, չի հասկանա, թե որն էր լուրի հանրային հնչեղությունը… ինչ կարիք կար անդրադառնալու դեպքին։

Հեռուստաընկերությունները չներկայացրին գլխավորը, այն, որ Արթուր Սարգսյանը, «Հաց բերողը» խորհրդանիշ է դարձել բազմաթիվ մարդկանց համար։

ՊՊԾ շենքի գրավման օրերին բազմահազարանոց ցույցեր ու երթեր էին Երևանում, հանրապետության այլ քաղաքներում` ի պաշտպանություն «Սասնա ծռերի»։ Երբ հայտնի դարձավ, որ նրանց զրկել են հացից ու ջրից, շատերն էին իշխանությանը կոչ անում, պահանջում վեհանձնություն ու մարդասիրություն հանդես բերել, բայց հենց Արթուր Սարգսյանը որոշեց, որ պետք է գործի և սնունդ հասցրեց խմբի անդամներին։

Երկու կալանքների միջև «Հաց բերողը» հարցազրույց տվեց «Հետքին», որտեղ խիստ համեստորեն գնահատեց իր արարքը, բայց կոչ արեց օգնել բոլոր կարիքավորներին և այդպես պայքարել իշխանության դեմ, որը չի կատարում իր պարտականությունները։

Այսինքն, եթե հնարավոր չէ օրինական ճանապարհով փոխել իշխանությունը, պետք է փոխարինել նրան... որտեղ միայն ուժդ կպատի։

Երեկ սոցցանցերում գրառումներն այնքան շատ էին, որ ոմանք նույնիսկ դժգոհեցին դրանց առատությունից։ Բայց այդ առատությունը բացատրելի է` մարդիկ ավելի զուսպ են, եթե գիտեն, որ իրենց տրամադրությունը, հանրային մտահոգությունը պատշաճ ձևով` փորձագետների, մեկնաբանների, հարցումների միջոցով կամ ավելի ամբողջական տեղեկատվությամբ, կարտացոլվի մեդիայում, առաջին հերթին, ամենազանգվածային լրատվամիջոցում` հեռուստատեսությունում։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?