Պրովայդերների ու հեռուստատեսության «դաշինքը»

28.07.2017, Նյուսրում

Լրագրող

Տեխնոլոգիաների զարգացման տեմպը փոխել է սպառողին ու նրա պահանջները: Մարդն ուզում է ֆորմատների բազմազանություն ու արագություն՝ նույն տարածության մեջ:

Մարդու սպասելիքներն ու պատկերացումները բավարարելու համար լրատվամիջոցները համագործակցում են պրովայդերների հետ: Դա տեղի է ունենում նաև Հայաստանում:

«Յուքոմ»-ն ու «Արմենիա»-ն

Առաջինը «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի»-ի մաս կազմող «Արմենիա» հեռուստաընկերությունն էր: 2015 թվականին «Արմենիա»-ն «Յուքոմ» ցանցի բաժանորդների համար ստեղծեց 6 նոր հեռուստաալիք: Դրանցից մեկը «Արմենիա Պրեմիումն» է, որն «Արմենիա»-ի առանց գովազդի տարբերակն է։

2016-ի հոկտեմբերից ընկերությունը եթեր է հեռարձակվում չորս նոր նախագիծ։ Դրանք, ինչպես նաև ֆիլմերը, որ նկարահանում է «Արմենիա Պրեմիում»-ը, հասանելի են միայն «Յուքոմ» ցանցի բաժանորդներին:

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը Tert.am-ի հետ զրույցում բնութագրելով մեդիայի նոր միտումները, ասել է.

«Իրականություն է, որ ավանդական հեռուստատեսությունն ամեն օր զիջում է իր դիրքերը։ Նոր դարաշրջանի հեռուստադիտողը թելադրում է փոխվել, արագորեն ներդաշնակ դառնալ ժամանակակից պահանջներին կամ անդառնալիորեն պարտվել ինտերնետին ու վերանալ։ Ստեղծվել է իրավիճակ, երբ հեռահաղորդակցության ընկերություններն ու հեռուստաընկերություններն ուղղակի դատապարտված են համագործակցության»։

«Շանթ»-ն ու «Ռոստելեկոմ»-ը

2016 թվականի դեկտեմբերից «Շանթ» հեռուստաընկերությունն ու «Ռոստելեկոմը» ներկայացրին «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը: Այն հիմնադրել է «Շանթը», պարզապես Հայաստանի տարածքում սփռվում է «Ռոստելեկոմի», իսկ Հայաստանի տարածքից դուրս՝ «Ռոստելեկոմ-Ռուսաստանի», «Բիլայնի», ֆրանսիական «Ֆրի-Նետվորկի» միջոցով: Այս ընկերությունների բաժանորդները հնարավորություն ունեն անվճար դիտելու «Շանթ Պրեմիումը»: Բանակցություններ են ընթանում այլ պրովայդերների հետ։

«Շանթ Պրեմիումի» տնօրեն Վլադիմիր Սահակյանն ասում է, որ հեռուստատեսությունը նոր տեխնոլոգիաներին զուգահեռ պետք է հեռուստադիտողին հասանելի լինի բոլոր հարթակներում.

«Այն, որ համաշխարհային տենդենցներին պետք է հետևել ու պատրաստ լինել փոփոխությունների, մեզ համար անվիճելի է: Դրանով է պայմանավորված «Շանթ»-ի առաջարկների բազմազանությունը: Պետք է միշտ ակտիվ խաղացող մնալ»:

Վլադիմիր Սահակյանը կարծում է, որ հեռուստատեսության ապագան բաժանորդագրությանն է, սակայն դեռ վաղ է թերագնահատել ավանդական գովազդի նշանակությունը:

«Ավրորա»-ն ու մյուսները

«Ավրորա» ռադիոն նույնպես բռնել է զարգացման այս ճանապարհը և արդեն վիզուալիզվել է: «Ավրորան» վաղուց ունի ինտերնետային հեռուստատեսություն, շուտով կստեղծի «Ավրորա Նյուզ» լրատվական կայքը: Հեռուստատեսային բովանդակությունը հեռարձակվում է «Բիլայնի» «ԲիԹՎ»-ի, «Ռոստելեկոմի», «ՍիԹՎ»-ի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Սմարթ Վիժնի» եթերում:

«Որ ասում են ռադիոն կմեռնի, որոշակի առումով ճիշտ է: Էն ռադիոն, որը պատկերացնում են, կմեռնի: Իմաստ չունի ռադիոյին դիտարկել որպես Գուգլ Փլեյի մրցակից: Բայց ռադիոն որպես գաղափար չի մեռնի: Կմեռնի էն բովանդակությունը, որը կար: Ռադիոն պետք է փոփոխությունների ենթարկվի»,- ասում է «Ավրորայի» տնօրեն Միխայիլ Ջանփոլադյանը:

Նա ասում է, որ պրովայդերների հետ համագործակցությունն անսահման հնարավորություն է տալիս: Այդ թվում՝ հեռուստադիտողը դառնում է ռադիոդիտող:

Ջանփոլադյանը պատմում է, որ ռադիոյի վիզուալիզացիան և պրովայդերների միջոցով հեռարձակվելը Հայաստանում չի ընկալվել: «Ավրորայի» հեռարձակումն արգելելու փորձեր են արվել: «Շատերը չէին հասկանում՝ ինչպե՞ս կարող է ռադիոն դառնալ հեռուստատեսություն: Ու փորձում էին մեզ փակել: Ես ասացի՝ ի՞նչ հիմքով: Մենք բացատրում էինք, որ թողարկում ենք մեր բովանդակությունը՝ մեր լիցենզիայի հիմքով: Այո, մենք այնքան առաջ ենք գնացել, որ օրենքները չեն տեղավորվում դրա մեջ»,- պատմում է Միխայիլը:

Առանց գովազդի, բայց բաժանորդագրությամբ

«Պրեմիում» ալիքները, ինչպես արդեն նշեցինք, առանց գովազդի են և ունեն բացառիկ նախագծեր:

Եվ որ հետաքրքիր է, պրովայդերն ու արտադրող ընկերությունը միմյանց չեն վճարում: Արտադրողը բովանդակություն է տալիս, օպերատորը՝ լրացուցիչ հեռուստադիտող բերում արտադրողին: Իսկ եթե համագործակցությունն այնպիսի պրովայդերի հետ է, որը հեռուստաալիքը տրամադրում է ոչ թե փաթեթով, այլ՝ առանձին վճարի դիմաց, ապա ստացված եկամուտը կիսվում է օպերատորի և հեռուստաընկերության միջև:

 

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?