Մեդիայի երկընտրանքը. սեփական հեծանի՞վ, թե կառավարական ինքնաթիռ

07.07.2018, Քննադատ

Լրագրող

Անցնող շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության այցը Հայաստանի հարավային մարզեր առիթ դարձավ՝ նորովի քննելու մի վաղեմի լրագրողական դիլեմա:

Արդյո՞ք լրագրողներն ու լրատվամիջոցները պետք է պետական մարմինների միջոցներով մեկնեն գործուղումների: Արժե՞, որ նրանք մերժեն մարզային կամ արտերկրյա այցելություններին պաշտոնյաներին ուղեկցելու հրավերները, բավարարվեն ուղիղ հեռարձակումներով, պաշտոնական հաղորդագրություններով ու  վերատպություններով: Պարզ ասած՝ արդյո՞ք շահերի բախում չկա, արդյո՞ք իշխանության այս կամ այն մարմնի, պաշտոնյայի գործունեությունը լուսաբանելիս լրագրողին կարող է կաշկանդել այն, որ նա այդ պաշտոնյայի հետ «ճամփա է գնացել»:

Սա իսկապես կարևոր խնդիր է, եթե հատկապես հաշվի առնենք, որ հիմնականում համեստ փողեր վաստակող մեր լրագրողները հաճախ արտասահման, նույնիսկ՝ մոտակա երկրները կամ անգամ Հայաստանի հեռավոր մարզերում լինելու այլ հնարավորություն չեն ունենում, քան կառավարական այցելություններն են, և այդ հնարավորությունը տալով՝ իշխանությունը կարող է երախտագիտության զգացում առաջացնել լրագրողի մոտ ու այդպիսով «վնասազերծել» նրան:

Մյուս կողմից, կառավարությունը «բոլորինս է հավասար», և նրա գործունեության լուսաբանումը կարևոր է բոլորի համար: Եթե լրատվամիջոցը միջոցներ չունի կազմակերպելու իր լրագրողների գործուղումները, ինչու՞ հրաժարվի պետական միջոցներով կազմակերևպված այցերին մասնակցությունից. միջոցներ, որոնք ձևավորվում են նաև ի՛ր վճարած հարկերից: Այս դեպքում էլ, սակայն, կառավարությունը չի կարող ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնակցությունը, հատկապես արտերկրյա այցերին: Ուրեմն, ինչպե՞ս անել:

Նախկինում՝ ՀՀԿ-ի կառավարման օրոք, ամեն ինչ հստակ էր. կառավարությունն ու նախագահի աշխատակազմը ունեին «պատասխանատու» և, հետևաբար, «անպատասխանատու» լրատվամիջոցների՝ բավական լավ զտված ցուցակ, ու հստակ սահմանված էր, թե դրանցից որոնք են (չհաշված Հանրային հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոն և «Արմենպրես» պետական գործակալությունը) ուղեկցելու բարձրաստիճան պաշտոնյաներին այցելությունների ժամանակ:  Այս լրատվամիջոցների լրագրողների վարքագիծը խստիվ կանոնակարգված էր. եթե լրագրողը ուզում էր շարունակել մեկնել «պաեզդկաների», ավելին՝ չկորցնել աշխատանքը, պետք է կանոնակարգված վարք դրսևորեր, գործեր Բաղրամյան 26-ի (կամ՝ կառավարության) սահմանած կանոնների շրջանակներում, տար ընդհանուր ուղենշից բխող, հաճախ՝ նախօրոք համաձայնեցված հարցեր և իրադարձությունը լուսաբաներ համապատասխանաբար զուսպ:

Բացի ներքին՝ դաշտը վերահսկելու էֆֆեկտից, այս գործելաոճը նաև իշխանության համար արտաքին խնդիր էր լուծում՝ պաշտոնյաները, ամեն դեպքում, ավելի ազդեցիկ տեսք են ստանում, երբ օտարերկրյա ղեկավարների նստավայրերում կամ միջազգային կազմակերպությունների միջանցքներում նրանց լրագրողների խումբ է հետևում:

Ուղիղ գրաքննությունից բացի, այս վիճակը նաև լրագրողների մոտ ինքնագրաքննություն էր զարգացնում, երբեմն՝ զվարճալի դրսևորումներով: Օրինակ՝ հեռավոր 2011-ի նոյեմբերին, երբ քաղաքական դաշտը պատրաստվում էր 2012-ի խորհրդարանական ընտրություններին, մարզային մի այցի ժամանակ Սերժ Սարգսյանը «ինքնաբուխ» հարցազրույց էր տվել իր հետ մեկնած լրագրողներին, և, ի միջի այլոց, անդրադարձել էր նախօրեին ըննդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանի արած՝ ազատ ընտրություններ անցկացնելու կոչին: Սարգսյանն այդ կոչին պատասխանել էր ընդդիմախոսի հասցեին բավական սուր որակումներով:

«…[անցկացնելու ենք ընտրությունները] հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատականին, որովհետև իրենք իրավունք չունեն գնահատական տալու, այլ՝ իրենց կարծիքին: Հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակը…»:  

Այս մեջբերումը դրված էր ընդդիմադիր համարվող կայքերից մեկում, սակայն «ավելի պատասխանատու» լրատվամիջոցները հենց այս հատվածը դուրս էին թողել: Ես, որ այդ ժամանակ աշխատում էի «Ա1+»-ում (մեզ նախագահական այցելությունների չէին հրավիրում), փորձեցի մեջբերման իսկությունը ստուգել նման պատասխանատու կայքերից մեկում աշխատող, այն ժամանակ արդեն բավական փորձառու գործընկերոջիցս, որը ներկա էր եղել զրույցին: Նա հաստատեց, որ Սարգսյանը հենց այդպես էլ ասել է: «Իսկ ինչո՞ւ ես քո նյութից հանել էդ մասը», - զարմացած հարցրեցի: «Դե, մի քիչ շատ սուր էր ու պրովոկացիոն, ասեցի՝ երևի պետք չի», - պատասխանեց գործընկերս, որը մշտապես ուղեկցում էր բարձրաստիճան այրերին, ու որոշել էր ամեն դեպքում, ապահովագրել իրեն հնարավոր անախորժությունից ու չվերարտադրել Սերժ Սարգսյանի բերանից հնչած էքսցենտրիկ արտահայտությունները:

Հիմա, երբ, ինչպես ընդունված է ասել, իրավիճակ է փոխվել, թվում է, թե խնդիրը պետք է լուծված լիներ: Սակայն, ինչպես սկզբում նշեցի, հուլիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք և Վայոց Ձոր առիթ դարձավ՝ կրկին բանավեճերի առիթ տվեց:

Լրագրողների մի մասը դժգոհեց, որ կառավարական պատվիրակության մեջ իրենց տեղ չեն հատկացրել՝ պատճառաբանելով թե «փող չկա», մինչդեռ իրենք մեկնել են կառավարական ուղղաթիռով: Մյուսները կարծիք հայտնեցին, որ վերջապես ժամանակն է հրաժարվել կառավարությանը կցվելու «արատավոր» պրակտիկայից:

iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանն, օրինակ, մի ամբողջ ցանկ հրապարակեց՝ առաջարկելով դադարեցնել լրագրողներին «տեղ տանելու» ավանդույթը, փոխարենը՝ ապահովելով ուղիղ հեռարձակումներ իրադարձությունների կենտրոնից:

Լրագրողական փակ խմբերում ևս քննարկում ծավալվեց: Մինչ ոմանք պնդում էին, որ կառավարական «պաեզդկաները» հնի՝ դեռ սովետից ժառանգած մնացուկ են, ուրիշները կարծում էին, որ հակառակը, պետք է ստիպել պետությանը՝ հնարավորինս աջակցել ԶԼՄ-ներին, այդ թվում ֆինանսապես՝ ազատ խոսքը զարգացնելու նպատակով:

Դրսում

Այնուհանդերձ, արտասահմանյան այցերի ժամանակ երկրի ղեկավարին ուղեկցելու պրակտիկան ոչ սովետական, ոչ էլ առավելևս, ՀՀԿ-ական ժամանակների Հայաստանին է հատուկ: Պետությունների ղեկավարներին ուղեկցում են նաև զարգացած դեմոկրատական երկրների լրագրողները: Նրանք այդպիսով հնարավորություն են ունենում անմիջական շփման մեջ լինել գլխավոր գործող անձանց հետ, այդ թվում՝ off the record զրույցներ ունենալ, պարբերաբար տեղեկություններ հաղորդել «տուն», փորձել ինչ-որ բացառիկ տեղեկություն հավաքել և այլն:  

Բայց տարբեր երկրներում լրագրողների մասնակցության կարգը որոշվում է տարբեր կերպ: Նրանք, ովքեր տեսել են House of cards հեռուստասերիալը, գիտեն, որ ԱՄՆ-ի «թիվ մեկ ինքնաթիռում» հատուկ տեղ է հատկացված նաև լրագրողների համար: Սակայն համաշխարհային ժողովրդավարության միջնաբերդում ևս, ինչպես և մեզ մոտ, չեն դադարում վիճել՝ ով պետք է տեղ զբաղեցնի «նախագահի կողքին»: Նախորդ դարի կեսերին մշակված կարգի համաձայն, այս հարցով զբաղվում է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան (The White House Correspondents’ Association), որը ամեն այցելության ժամանակ ռոտացիոն կարգով ընտրում է այն 10-20 լրագրողներին՝ հեռուստատեսությունից, տպագիր և օնլայն մամուլից, որոնք պետք է ուղեկցեն երկրի առաջին դեմքին: Այս լրագրողների վրա բավական մեծ պարտականություն է դրված. նրանք պետք է ոչ միայն իրենց խմբագրություն, այլև մի քանի տասնյակ այլ խմբագրություններ պարբերաբար տեղեկություններ հաղորդեն իրենց շուրջը կատարվողի մասին: Այսպիսով, պետությունը հնարավորինս ապահովվում է բոլոր կարևոր լրատվամիջոցների և նրանց միջոցով՝ հանրության տեղեկացվածությունը:
Թրամփի ինքնաթիռն ու լրագրողները, Doug Mills/The New York Times

Օտարերկրյա այցելությունների ժամանակ մշտապես մոտ երկու տասնյակ լրագրող է ուղեկցում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ինքնաթիռում նրանց «հարկաբաժինը», բնականաբար, հագեցած է անհրաժեշտ տեխնիկական սարքերով՝ արդեն օդում աշխատանքն սկսելու համար: Ի տարբերություն ԱՄՆ-ի և Հայաստանի, Գերմանիայում պետական պաշտոնյաներին ուղեկցող լրագրողների ուղևորության, սնունդի և կեցության ծախսերը հոգում են բացառապես նրանց խմբագրությունները:

Մերկելին տեղափոխող ինքնաթիռի՝ լրագրողների հատվածը, Լուսանկարը՝ dpa

Լրագրողները հաճախ դժգոհում են, որ այցելությունների ժամանակ օրակարգը խիստ հագեցած է լինում: Նրանք ոչ միայն դրսի քաղաքներում գնումներ անելու ժամանակ, այլև անգամ որևէ էքսկլյուզիվ պատմություն գրելու հնարավորություն չեն ունենում՝ անընդհատ վազք մի սրահից մյուսը՝ այս կամ այն պաշտոնյայի ասուլիսին հասնելու համար: Սակայն նույնիսկ այս պայմաններում կարելի է ինչ-որ բացառիկ բան ունենալ, ֆիքսել ուշագրավ մանրամասներ, որոնք պաշտոնական տեսախցիկների տեսադաշտից դուրս կմնային:

Օրինակ՝ ռուսաստանյան Коммерсантъ-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, որը սովորաբար լուսաբանում է նախագահ Վլադիմիր Պուտինի այցերը, իր ռեպորտաժները պարտադիր կերպով համեմում է գլխավոր դահլիճներում ու հետնաբեմերում տեղի ունեցող հետաքրքրաշարժ դետալներով` փոխանցելով տրամադրություն, ընդգծելով այս կամ այն արտահայտության երևացող կամ թաքնված իմաստը:

Մեզ մոտ

Հայաստանի նոր կառավարությունը ևս փորձում է կանոնակարգել լրատվամիջոցների հետ աշխատանքը մարզային ու արտասահահմանյան այցերի ժամանակ: Ըստ նախնական կարգի, մարզային այցելություններին կարող են մասնացել բոլոր հավատարմագրված լրատվամիջոցները, արտասահմանյան այցերին կրկին կհրավիրվեն բոլորը՝ ռոտացիոն կարգով փոխարինելով մեկը մյուսին: Պաշտոնյաների հետ մեկնող լրագրողների քանակը կորոշվի ըստ նպատակահարմարության՝ կախված այցի կարևորությունից, ինչպես նաև՝ ընդունող կողմի տրամադրած հնարավորություններից: Լրագրողների մասնակցության ծախսերը Հայաստանում հոգում է կառավարությունը:

Ազատագրված Հայաստանի ազատագրվող մամուլը, ամեն դեպքում, հնարավորություն ունի հանուն ավելի մեծ ազատության հրաժարվել իշխանութւան տրամադրած նստատեղերից: Ի վերջո, կարելի է բավարարվել նաև սեփական մարզային (արտասահմանյան) թղթակիցների աշխատանքով կամ փորձել սեփական գործուղումների համար սեփական միջոցներ հայթայթել:

Հակոբ Կարապետյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?