2017.07.31,

Ստուգված է

Զբոսաշրջություն. որակյա՞լ, թե՞ քանակական աճ

2003թ-ին կառավարությունը ճանաչեց զբոսաշրջությունը` որպես տնտեսության գերակա ճյուղ։ Զբոսաշրջության ոլորտում միջոցառումների արդյունքում նախատեսվում էր մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված.

  • զբոսաշրջային այցելությունների քանակի աճով,
  • զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,
  • աշխատատեղերի ստեղծմամբ:

Այս հոդվածում փորձել ենք ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները թվային ցուցանիշներով։

Զբոսաշրջային ոլորտի համաշխարհային միտումները

2016թ․ միջազգային զբոսաշրջային ժամանումները 2015թ․ համեմատ ավելացել են 46 մլն-ով (3․9%), կազմելով 1.235 մլն զբոսաշրջիկ: Զբոսաշրջության ոլորտի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կազմել է շուրջ 10%: Ոլորտը գեներացնում է 292 մլն աշխատատեղ (10%)։

Չնայած ՀՀ-ն զբոսաշրջության ոլորտը սահմանել է որպես գերակա ոլորտ, այն դեռ աննշան տեղ է զբաղեցնում աշխարհի միջազգային ճանապարհորդությունների ծավալում (2016թ․՝ շուրջ 0․1%)։ Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) տվյալների` մեկ զբոսաշրջիկը Հայաստանում անց է կացնում միջինը 17 օր` ծախսելով շուրջ 780 ԱՄՆ դոլար։

Զբոսաշրջության դերը տնտեսությունում, 2016թ. արդյունքներով

Ըստ «2017թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի», Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 84-րդն է 136 երկրների շարքում։ Զբոսաշրջության ուղղակի ներդրումը ՀՆԱ-ում կազմում է շուրջ 4%, իսկ զբոսաշրջության ընդհանուր ներդրումը ՀՆԱ-ում շուրջ 14%:

Զբոսաշրջության ոլորտում ուղղակիորեն զբաղվածների թիվը կազմում է շուրջ 39 հազար մարդ կամ ընդհանուր զբաղվածների շուրջ 3.3%։

Զբոսաշրջության ոլորտում ընդհանուր զբաղվածների թիվը կազմում է շուրջ 144 հազար մարդ կամ ընդհանուր զբաղվածների շուրջ 12%: Ոլորտում ներդրումների մասնաբաժինը, ինչը որակական զարգացումների յուրահատուկ ինդիկատոր է, ՀՀ-ում կազմում է շուրջ 4.4% (կամ 49 մլրդ ՀՀ դրամ):

Ի՞նչ են ցույց տալիս զբոսաշրջության ոլորտի հարաբերական մեծությունների միջերկրային համեմատությունները:

 

Աղյուսակ 1․ Միջերկրային համեմատությունների արդյունքները և աշխարհի միջին ցուցանիշները

Ինչպես նկատում ենք, Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով, չնայած զբոսաշրջությունը որպես գերակա ճյուղ ունենալով, գտնվում է երկրորդ հիսունյակում։ Նույնիսկ հարաբերական արժեքների համեմատությունը չի խոսում երկրում զբոսաշրջության որակական բարձր մակարդակի մասին, որը պարբերաբար ներկայացվում է պաշտոնյաների կողմից:

 

Հարց 1․ Ո՞րքան զբոսաշրջիկ է օգտվել հյուրանոցային տնտեսություններից

Զբոսաշրջության ոլորտի որակական բնութագրիչներից է հյուրանոցային տնտեսությունների բեռնվածությունը։

Թեև զբոսաշրջիկների մասով որակական զարգացում չի նկատվում, սակայն գնալով ավելանում են հյուրանոցներն ու հյուրատները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ավելի քան 60% հայկական արմատներ ունի, նրանք հիմնականում նախընտրում են բնակվել բարեկամների և հարազատների մոտ, քան օգտվել հյուրանոցային ծառայություններից:

Աղյուսակ 2․ Զբոսաշրջային ժամանումները և հյուրանոցների բեռնվածությունը

 

Փաստորեն բեռնվածության տեսանկյունից չի կարելի խոսել որակական աճի մասին։ Ժամանողների մեջ հիմնական սեգմենտը մեր հայրենակիցներն են, հետևաբար այդ աճը չի բերում հարակից ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ զբոսաշրջության քանակական աճը որոշակիորեն նաև արտագաղթի հետևանք է, ինչը չի կարող համարվել երկարաժամկետ ու կայուն։

Գծապատկեր 1․ Զբոսաշրջային ժամանումները, հյուրանցային տնտեսությունից օգտվողները

 

Հարց 2․ Զբոսաշրջային ժամանումների աշխարհագրությունը

 

2011-2016թթ․ ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 6.2 մլն զբոսաշրջիկ։

Չնայած Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և պարբերաբար խոսվում է ԵԱՏՄ երկրներից զբոսաշրջիկների մեծ ներուժի մասին, սակայն դեռևս զբոսաշրջային ժամանումների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն «Այլ երկրներից» և «ԵՄ-ից» ժամանումները:

Նույն ժամանակամիջոցում դեպի Հայաստան զբոսաշրջային ժամանումները «Այլ երկրներից» կազմել են 2․6 մլն զբոսաշրջիկ, ԵՄ-ից 1․9 մլն, իսկ ԱՊՀ-ից՝ 1․6 մլն։

Աղյուսակ 3․ ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքը

Գծապատկեր 2․ 2011-2016թթ. ՀՀ զբոսաշրջային ժամանումների բաշխվածությունը ըստ տարածաշրջանների

 

 

Փորձել ենք ուսումնասիրել նաև հիմնական երկրները, որտեղից հաճախ են ժամանում Հայաստան։ Երկները ներկայացված են աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4․ Զբոսաշրջային ժամանումների դինամիկան

Ինչպես տեսնում ենք, աղյուսակից զբոսաշրջային ժամանումների առումով առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը, Իրանը և Ֆրանսիան, ինչը ևս պայմանավորված է այդ երկրներում մեր հայրենակիցների կենտրոնացվածությամբ:

Ավելին, ինչպես նկատում ենք աղյուսակում՝  նշված 5 երկրներին է բաժին ընկնում զբոսաշրջային ժամանումների կեսից ավելին։

Հարց 3․ Զբոսաշրջային ժամանումների և մեկնումների համեմատականի արդյունքները

Հաջորդ որակական ուղղությունը զբոսաշրջային ժամանումների և մեկնումների համեմատականն է:

Գծանկար 3․ Զբոսաշրջային ժամանումների և մեկնումների համեմատականը

 

Ինչպես նկատում ենք 2016թ. առաջին անգամ Հայաստանից ավելի շատ զբոսաշրջիկներ են մեկնել, քան ժամանել, ինչը ևս չի խոսում ոլորտում որակական աճի մասին:

Հարց 4․ Ինչպե՞ս է ազդում զբոսաշրջութունը վճարային հաշվեկշռի վրա

Կառավարության ծրագրով հիմնական շեշտը դրվում է զբոսաշրջային ծառայությունների արտահանման վրա, մասնավորապես ՀՆԱ-ում 45% արտահանման ծավալներ ունենալու համար հիմնական հույսը մնում է զբոսաշրջային ծառայությունների արտահանումը:

Ինչպես նաև նախատեսվում է հաջորդող 5 տարիներին եռապատկել զբոսաշրջային ժամանումները։ Այնուհանդերձ, վիճակագրությունը չի ամրապնդում այդ հույսերը։

Չնայած զբոսաշրջային ծառայություններն ապահովում են ծառայությունների արտահանման կեսից ավելին, բայց բացարձակ արժեքով 2013թ-ից սկսած զբոսաշրջային ծառայությունների զուտ մուտքերը բացասական են:

Ինչը նշանակում է, որ Հայաստան զբոսաշրջային ծառայությունների համար ավելի շատ արտարժույթ է դուրս հոսում, քան գեներացվում։

Ընդ որում, այդ ցուցանիշը խորանում է, ինչը ևս խոսում է ոլորտի որակական խնդիրների մասին։

Աղյուսակ 5․ Զբոսաշրջային ծառայությունների արտահանումը և ներմուծումը 2011-2016թթ

Հայաստան այցելող զբոսաշրջիկներից մուտքերը մեծ չեն, քանի որ զբոսաշրջային ժամանումների կառուցվածքում գերակշռում են մեր հայրենակիցները, որոնք այլցելում են բարեկամներին, հարազատներին։

Հայաստանից արտագաղթի միտումները, ինչպես նաև աշխարհում երկարակեցության ավելացման ու Հայաստանի համեմատաբար անճանաչելի լինելը մեծացնում են զբոսաշրջային ժամանումների քանակական աճի հավանականությունը, սակայն որակական ու երկարաժամկետ աճի առումով առկա են հիմնավոր կասկածներ։

Զբոսաշրջության թեման մեդիայում

Զբոսաշրջության մասին հրապարակումները շատանում են, երբ պաշտոնական վիճակագրություն է ամփոփվում: Օրինակ, վերջին շրջանում բազմաթիվ նյութեր եղան, որ Հայաստանում զբոսաշրջային այցելությունների աննախադեպ բարձր թիվ է արձանագրվել անցած վեց ամիսներին: Խնդիրների մասին ևս անդրադարձեր կան, բայց հիմնականում ոչ խորքային և ոչ պատճառահետևանքային շղթայում:

Զբոսաշրջության մասին ընդհանրական պատկերացում կարելի է ունենալ «Տուրիզմի դերը Հայաստանի տնտեսությունում» հոդվածից, որտեղ ներկայացված են թվային պատկերը, ոլորտի զարգացմանը խանգարող խնդիրները, հեռանկարները:

Ամեն դեպքում հաշվի առնելով ոլորտի կարևորությունը, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել խնդիրները և պարբերաբար անդրադառնալ մեդիայում:

 

Տնտեսագետ Արտակ Մանուկյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *