2014.04.05,

Քննադատ

Խնդրանքը որպես մարտավարություն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի հեռուստաալիքները ընտելացել են (իսկ եթե դեռ ոչ, ընտելացվում են) նոր՝ անակնկալային միջավայրում աշխատելուն, բայց շրջանցելուն տարբեր անակնկալային ինֆորմացիոն առիթները: Պատճառը, թերեւս, այն է, որ Հայաստանի Հանրապետության ապագա ընթացքի համար պատասխանատվություն կրողների որոշումներն ինքնին ոչ միայն անկանխատեսելի, այլեւ հաճախ անտրամաբանական են:

Ինչպե՞ս ներկայացնես իրադարձությունը, երբ այն ցանկացած վայրկյան փոփոխվում է, սկսում է ինքն իրեն հակասել, տարբեր չհստակեցված մանրամասներով ու անհիմն մեկնաբանություններով համալրվել ու, մեկ էլ տեսար, հերքվել:

Իհարկե, լրատվամիջոցները կարող են փորձել անտրամաբանական դաշտում ընդգծված սթափությամբ աշխատել: Դա այդքան էլ բարդ չէ, բավարար է պարզապես ընդունել, որ իրենց միակ պատվիրատուն լսարանն է, եւ ընդ որում՝ այդ լսարանը միայն մտավոր թերություններ ունեցող մարդկանցից չէ բաղկացած:Եվ եթե կա խնդիր, ապա այն ցանկալի է իր ողջ խնդրահարույց կծիկով ներկայացնել, այլ ոչ թե ջանք գործադրել այն պարզեցնելու, պարզունակեցնելու ու որպես անցողիկ ու աննշան (անգամ ժամանցային) մի դրվագային խոչընդոտ մատուցելու համար:

Իրականում լրատվամիջոցներից շատերին (հատկապես հեռուստաընկերություններին) կարելի է կարեկցել, քանի որ նրանք ծանր գործ են անում. սպիտակեցնում, քողարկում ու զտման պրոցեդուրայի են ենթարկում ինֆորմացիան, որպեսզի հանրությունը չծանրաբեռնվի ավելորդ հարցերով:

Երբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ քննակումներ էին ծավալվում Սահմանադրական դատարանում, բոլորին հետաքրքրում էր, թե ինչով են դրանք ավարտվելու, ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ կատարել պահումները:

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ապրիլի 2-ին երկու հեռուստաընկերություններ հյուր գնաց ու իրարամերժ հայտարարություններ արեց: «Արմնյուզ»-ում ասաց, որ պահումներ չպիտի արվեն, իսկ եթե արվել են, ապա դրանք ենթակա են վերադարձի: Նա պահումների կատարումը «անմտություն» անվանեց, քանի որ ըստ նրա՝ այդ օրենքը միանշանակ հակասահմանադրական է ճանաչվել:

Հետո գնաց «Շանթ» եւ ասաց, որ պարտադիր պահումների պահանջը վերացած համարելը թյուրիմացություն է: Եվ նորից կրկնեց «միանշանակ» բառը, բայց արդեն ավելացնելով՝ «պարտավոր են վճարել»:

Այդ տարօրինակ ու խառնաշփոթ ինֆորմացիոն առիթը կարող էր զարգանալ հատկապես «Արմնյուզ»-ի եթերում, քանի որ առաջինը Սահմանադրական դատարանից լուր բերած ալիքը հնարավորություն էր ստացել անկայուն դիրքորոշման մասին փաստող տեսանյութը ընդհանուր անկայուն համատեքստում տեղավորել:

Բայց ընտրվեց այլ ճանապարհ. «Բանաձեւ»-ի կրկնությունը եթեր չհեռարձակվեց, տեսանյութը հեռացվեց ալիքի կայքից ու Ucom-ի թվանշային արխիվից: Իսկ ilur.am-ին պարզաբանում արվեց, որ տեսագրությունը հեռացվել է Թոխյանի խնդրանքով:

Հիմնովին հեռացնել, ջնջել, մաքրել, իհարկե, հիմա չի ստացվում: Տեսագրությունը հո հու՞յս չի, որ վերցնի ու անհետանա: Այն կա եւ ստիպում է ըմբռնումով դիտարկել մեր հեռուստադաշտը, որը նախընտրում է խնդրանք կատարել (եւ չի խորշում այդ մասին հայտարարել)՝ ենթադրելով, որ այդպես կարելի է իր եւ հանրության ուսերից թոթափել հարցերի անիմաստ բեռը:

«Արմնյուզ»-ի տնօրենն իր Twitter-ում էլ Թոխյանի հետ հարցազրույցի մասին հարցին պատասխանելիս գրեց, որ իր կարծիքով՝՝ լսարանին ավելին ասելու բան չկա:

Այդպես էլ պարզ չդարձավ,հեռուստաընկերությունը ինչ սկզբունքով է ընդունում հեռարձակված հաղորդումները եթերից եւ ինտերնետից հանելու իր հյուրերի խնդրանքները կատարել-չկատարելու որոշումները: Եթե, օրինակ, շաբաթը երեք անգամ «Բանաձեւ»-ի հյուրերը խնդրեն չհեռարձակել հաղորդման ձայնագրությունները, նրանց խնդարանքները կբավարարվե՞ն: Թոխյանի դեպքը կարո՞ղ ենք համարել նախադեպ:

Իհարկե, դա լավ նախադեպ է: Ընդհանրապես խնդրանքին ականջալուր լինելու մարդկային ցանկությունը շատ անկեղծ ու ամբողջական է դարձնում լրատվամիջոցի գործը: Տարբեր ալիքներում, օրինակ, տարբեր խնդրանքներ են կատարվում: Պարզապես խնդրողների անունները ոչ միշտ են հրապարակվում:

Շատ ավելի լավ կլիներ, եթե ցանկացած հաղորդման կամ լրատվական ռեպորտաժի ընթացքում նշվեին այն մարդիկ, ովքեր խնդրել են իրենց անդրադառնալ/չանդրադառնալ: Դա միանգամից կհեշտացներ լրատվամիջոցի գործը, որը ոչ թե ինֆորմացիա կորոներ, այլ խնդրանքներ կկատարեր ու զերծ կպահեր իր լսարանին անակնկալներից:

Ընդ որում՝ խնդրանքը կարող է ոչ միայն թեմային, այլեւ ֆորմային վերաբերել: Օրինակ՝ կարող է ասվել, որ այս լուրը այսպես են ուզում (խնդրում) մոնտաժել ու շեշտադրել:

Իսկ երբ խնդրողի անունը չի հրապարակվում, ալիքները ստիպված փորձում են օբյեկտիվ ու օպերատիվ լրատվամիջոցի դիմակ կրել եւ մանեւրել բավականին պղտոր ինֆորմացիոն հոսանքներում՝ համոզելով իրենց լսարանին, որ պղտորը մաքուր է, խավարը կառավարվում է եւ շուտով լույսի կվերածվի, իսկ անտրամաբանության մեջ վեհ գաղափարի հատիկ կա:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *