Ատամի մածուկներում պարունակվող հերթական «մահաբեր» նյութը

30.04.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Ռուսական Известия լրատվականը և РЕН ТВ հեռուստաընկերությունը (պատկանում են նույն ընկերությանը) ապրիլին նյութ հրապարակեցին այն մասին, որ ատամի մածուկի մեջ պարունակվում է խիստ թունավոր, քաղցկեղ առաջացնող նյութ՝ տիտանի երկօքսիդ: Տեղեկությունը, սակայն, խեղաթյուրված էր. ատամի մածուկի ցուցումների համաձայն օգտագործումը անվտանգ է:

Տիտանի երկօքսիդ կա նաև հայկական շուկայում վաճառվող ատամի մածումների մեջ:

Ինչպես և այլ երկրներում, Հայաստանում վաճառվող ատամի մածուկի մեջ կա տիտանի երկօքսիդ

РЕН ТВ-ի հրապարակած ռեպորտաժում ասվում է, որ ֆրանսիացի գիտնականները վախեցնող բացահայտում են արել. ամեն առավոտ միլիոնավոր մարդիկ օրը սկսում են մի քիչ թույն օգտագործելով: Ըստ РЕН ТВ-ի, ռուս գիտնականները հաստատում են, որ ատամի մածուկների մեջ ավելացնում են մահացու վտանգավոր տարր՝ տիտանի երկօքսիդ, որը օգտագործվում է արծնի (էմալի), շինարարական ներկերի, ինչպես նաև շոկոլադի մեջ, իսկ պատճառը դրա էժան գինն է:

Իսկապես, բոլոր վերը նշված ապրանքները պարունակում են տիտանի երկօքսիդ:

Ավելին, այն կա նաև կոսմետիկայի, ուտելիքի, դեղահաբերի, տպագիր գրքերի, ամսագրերի և բազմաթիվ այլ առօրյա օգտագործման պարագաների մեջ: Պատճառը էժան գինը չէ, այլ դրանով վառ սպիտակ գույն ստանալու հնարավորությունը, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանության ապահովումը, ինչի պատճառով տիտանի երկօքսիդը օգտագործվում է գրեթե բոլոր արևից պաշտպանող քսուկների մեջ:

Ըստ РЕН ТВ-ի հրապարակման՝ տիտանի երկօքսիդի փորձարկումների ժամանակ առնետների 60%-ի մոտ քաղցկեղ է առաջացել: Պետք է հասկանալ, սակայն, որ նյութի թույն լինելը կամ չլինելը պայմանավորված է տարբեր գործոններով: Օրինակ, չափաբաժնով՝ դրանից կախված թունավոր կարող է լինել սովորական ջուրը:

Այս դեպքում գործոնը նյութի վիճակն է. տիտանի երկօքսիդը դասակարգվում է որպես պոտենցիալ քաղցկեղածին եթե մանր փոշու տեսքով է: Փորձարկումների ժամանակ առնետները առնչվել են փոշու հետ:

Կարևոր է նաև չափաբաժնի գործոնը:

Ատամի մածուկի, կոսմետիկայի կամ ուտելիքի գնորդը առնչվում է չնչին քանակությամբ փոշի չհանդիսացող տիտանի երկօքսիդի հետ, որն այս դեպքում անվտանգ է առողջության համար: Հետևաբար, այն պարունակող ապրանքները կարելի է և՛ ատամներին քսել, և՛ ուտել:

Առօրյա օգտագործման նյութերի մեջ «մահաբեր թույներ» գտնելը դավադրության տեսություններում տարածված պրակտիկա է: Օրինակ, նույն ատամի մածուկի արտադրության մեջ օգտագործվող ֆտորի խիստ վտանգավոր լինելու մասին խեղաթյուրված տեղեկությունը վերջերս տարածվել էր Ֆեյսբուքի հայկական հատվածում:

Կարինե Ղազարյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?