2020.01.29,

Նյուսրում

Տիգրան Հակոբյանն ամփոփել է 2019-ը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ամփոփելով 2019-ը, ասաց՝ «չկա որևէ հանրային խնդիր, որը հնարավոր չլինի լուծել հանրային կոնսենսուսի շնորհիվ»:

Պարտավորեցնող ու պատժող կառույցի իմիջ ունեցող ՀՌՀ-ն ակտիվ աշխատել է՝ փորձելով հասկանալ ու զննել մեր օրերում խառը ու ալեկոծվող լրատվական դաշտը կարգավորող անհրաժեշտ քայլերը:

«Հիմա մենք ընդամենը կարող ենք մեխանիկական կարգավորումներ անել»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Այսինքն, հետևել, որ վերգետնյա հեռարձակում ունեցող լրատավամիջոցները (որոնք ըստ սպասվող օրենսդրական փոփոխությունների պիտի վերանվանվեն՝ տեսաձայնային արտադրողներ) հետևեն օրենքին:

Չտարածեն սոսկանք, սարսափ, բռնություն, չքարոզեն կրոնական խտրականություն (ինչի համար էլ տուգանվել են), չտեղադրեն արգելված գովազդ, չխախտեն հեղինակային իրավունքները ու լեզվի մասին օրենքը:

«Նախորդ տարի աննախադեպ մեծ տուգանքներ ենք կիրառել: 2019-ի արդյունքում տուգանք է կիրառվել 12 հեռուստա և ռադիոընկերության նկատմամբ ընդհանուր 6 մլն 200 հազար դրամի չափով»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Աճել է թե՛ տուգանքը, թե տուգանվածների քանակը:

Կա դատական հայց նաև ՀՌՀ դեմ, երկու հեռուստաընկերություն և մեկ ռադիոընկերություն որոշել են բողոքարկել տուգանման որոշումը:

Տիգրան Հակոբյանը դա լավ նախադեպ է համարում, քանի որ դատական կարգով հարցերը լուծելու ցանկությունը նշանակում է, որ չկա արտաիրավական կարգավորման մեխանիզմ՝ զանգեր, արգելքներ, ճնշումներ:

Նա ասաց, որ մինչև տուգանելը երկար աշխատում են հեռուսատաընկերությունների հետ, խոսում են, վիճում, քննարկում բոլոր դեպքերը՝ խուսափելու համար անհարկի տուգանքներից. «Բոլորը հասկանում են, որ դա անհրաժեշտ է»:

Դաշտը պիտի հավասար լինի, որ ալիքները կարողանան մրցակցային պայմաններում նաև գումար աշխատել:

Նա ասաց. «Մեզ համար բոլորը սիրելի են, եթե աշխատում են իրավական դաշտում: Այլ հարց է, որ իրավական դաշտը անկատար է, կան իրավական անճշտություններ ու բացթողումներ»:

Օրինակ, չի սահմանված, թե ինչ է ատելության խոսքը:

«Ինչպե՞ս կարելի է կարգավորել մի բան, որը չունի իր իրավական սահմանումը»,- հարցրեց Տիգրան Հակոբյանն ու ավելացրեց, որ այդ իրավիճակը նաև մանիպուլյացիաների տեղ է բացում, քանի որ ամեն մի վիրավորանք կամ զրպարտանք ատելության խոսք չէ: Իսկ ԱԺ-ն, դեռ չի արել օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով եզրն ու ազդեցության չափաբաժինը ատելության խոսք տարածողների հանդեպ:

Տիգրան Հակոբյանը մեկ այլ կարևոր շեշտադրում արեց, նշելով, որ չարության ու ատելության խոսքի նվազումից բացի կարևոր է նաև չօգտագործել լրատվամիջոցները որպես «բութ քարոզչական գործիք»:

Եվ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ապահովում է անվճար դիտումներ ՀՀ քաղաքացիների համար, չպիտի լինեն օտար հեռարձակողներ:

Միայն տեղական ալիքների վրա է տարածվում լեզվի օրենքը (բովանդակության 55%-ը պիտի լինի հայերեն), իսկ հանրային մուլտիպլեքսում ընդգրկված ու անվճար վերահեռարձակվող ռուսաստանյան կամ ամերիկյան հեռուստաընկերությունների նկապտմամբ այդ օրենքը չի գործում:

Ընդհանրապես որևէ օրենքով չի կարգավորվում օտար լեզուներով օտար հեռուստաընկերությունների բովանդակությունը: Անգամ այն ժամանակ, երբ հանդիպում ենք ակնհայտ հակահայկական պրոպագանդայի, որը ազդում է դյուրահավատ լսարանի վրա:

«Մենք կարծում ենք, և դա ցանկացած սուվերեն պետության գործառույթներից է, որ հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպիտի լինի: Պրոպագանդիստական ալիքներ, որոնք դրսի շահերն են սպասարկում, խոսում են դրսի խնդիրների մասին, չպիտի լինեն հանրային մուլտիպլեքսում՝ չթարգմանված բովանդակությամբ ու իրենց շահերով: Ոչ մի երկիր նման բան թույլ չի տալիս»,– ասաց Հակոբյանը։

Ըստ նրա՝ դա տեղեկատվական, լեզվական անվտանգության խնդիր է:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *