2012.11.13,

Նյուսրում

Մարզային թերթերի դիմանկարը

«Երբ հարբուխ է ընկնում մամուլը, հազում է ժողովրդավարությունը»,- այս մտքի հեղինակը ֆրանսիական Ռեյմս քաղաքի քաղաքապետ Ադելին Ազանն է, ով օրերս «Լիբերասիոն» թերթում իր մտահոգությունն էր արտահայտել քաղաքային ու մարզային մամուլի ներկայիս անմխիթար վիճակի վերաբերյալ:

Հեղինակը նշել էր, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով տարածաշրջանային մամուլը որակական անկում ապրեց, եւ նյութական սղությունը հասցրեց նրան, որ լրագրողներն այլեւս չեն կարողանում լուրջ, խորքային ուսումնասիրություններ կատարել, հարցախույզ անցկացնել եւ հետաքննական հոդվածներ պատրաստել:

Արդյունքում, թերթերը կորցնում են իրենց ազդեցությունը հասարակական կյանքի վրա, կորցնում են ընթերցողին՝ ընդհուպ հասնելով փակման եզրին, իսկ տեղական իշխանություններն էլ զրկվում են լուրջ ընդդիմախոսից: Քաղաքապետը կոչ է անում հասարակությանը դուրս գալ թմբիրից եւ սատարել մամուլին՝ հիշեցնելով, որ մամուլն է օգնել երկրում ժողովրդավարությունն առաջ տանելուն:

Հոդվածն ակամայից ինձ ստիպեց անդրադառնալ մեր մարզային մամուլի վիճակին եւ փորձել համեմատության եզրեր անցկացնել: Պատկերն առավել քան անմխիթար ու պարտվողական ստացվեց:

Գեղարքունիքի մարզի «Գեղամա աշխարհ» թերթն ասես Գեղարքունիքի մարզպետի ու քաղաքապետի խոսնակը լինի: Քաղաքական ու հասարակական էջերը ամբողջովին նվիրված են վերոհիշյալների այցելություններին, ընդունելություններին, շնորհավորական ելույթներին։

Այնպիսի տպավորություն է, որ ընթերցում ես «Սովետական Հայաստան» ոչ վաղ անցյալի կոմկուսի պաշտոնաթերթը, ուր ներբողվում էին ղեկավարների կատարած յուրաքանչյուր քայլն ու խոսքը: Մարզում առկա խնդիրները վեր հանելու, դրանց վերաբերյալ որեւէ վերլուծության, քննադատական բնույթի հոդվածի կամ արտահայտության չհանդիպեցինք:

Եթե անգամ ակնարկ էլ կա որեւէ խնդրի մասին, ապա դա ներկայացվում է որպես ընթացքի մեջ, լուծման եզրին հասած մի հարց, որը լավ տեղավորվում է այս հնգամյակը երեք տարում կատարելու պլանի մեջ: Թերթի մնացյալ էջերը զբաղեցնում է կարոտաբաղձության, հուշագրությունների, ցավակցականների ու պարգեւատրումների շարանը:

Տպավորությունն այն է, որ կա՛մ Գեղարքունիքի մարզը մեր երկրում չի գտնվում, կա՛մ էլ այն բոլորովին այլ կանաչ-կարմիր աշխարհ է, որին մեր հանրապետությունում առկա սոցիալական խնդիրները շրջանցել են:

Արարատի մարզային «Արտաշատ» անունը կրող շաբաթաթերթը հիթ շքերթ է հիշեցնում: Հյուրընկալ արտաշատցիներն ու նրանց ղեկավարները ողջ տարին հյուրեր են ընդունում, տոներ են նշում, հանդիսություններ կազմակերպում, շնորհավորական ուղերձներ հղում համաքաղաքացիներին, մրցանակներ ստանում ու շքանշաններով պարգեւատրում: Թերթի բոլոր էջերը լցված են «մայիսյան հաղթանակների տոնակատարությունների շքերթի» շնչով:

Եթե այդ արանքում պարապ ժամանակ է մնում, ասֆալտապատման աշխատանքներ են կատարում կամ էլ իրականացնում արտաշատյան լճի վերականգնման իրենց «բաղձալի» երազանքը: Նախորդ տարիների ավանդույթով այս տարի էլ մարզկենտրոն Արտաշատ քաղաքը բյուջեն կատարել է 100%-ով:

Տարվա հանրապետական ամենակարեւոր իրադարձությանը՝ ՏԻՄ ընտրություններին, թերթն անդրադարձել է մե՛կ մեկնարկը, մե՛կ էլ ավարտն ազդարարելով։ Եվ սահմանափակվել է ընտրված համայնքապետերի անունները հրապարակելով:

«Արտաշատ» թերթի խմբագիրը չէր վարանել գրավոր շնորհակալություն հայտնել տեղի ջրմուղկոյուղու ղեկավարին, որն այդպես շուտափույթ, արտահերթ, առանց քաշքշուկների եկել ու վերանորոգել է իր բնակարանի կոյուղագծի հատվածը՝ հավելելով, որ հավանաբար, դա պայմանավորված էր իր խմբագիր լինելու հանգամանքով:   

Կոտայքի մարզի «Կոտայք» (նախկին «Արշալույս») թերթի լոգոտիպի ներքեւում նշված է «անկախ թերթ»: Այն որոշակիորեն տարբերվում է նախորդներից նյութերի բովանդակությամբ, տեղական խնդիրներին անդրադառնալու, կարծիք արտահայտելու հատկությամբ: Սակայն այս թերթը եւս ընդհանրություններ ունի մյուսների հետ:

Չկա իրապես անկախ մամուլին բնորոշ սուր, քննադատական, անաչառ մոտեցում, առկա խնդիրների խորքային ուսումնասիրություն ու դրանց հասարակական հնչեղություն հաղորդելը, ինչը պետք է բնորոշ լինի չորրորդ իշխանությանը:

Էլ չասենք խորհրդային լրագրության ոճից կառչած մնալու մասին պարբերաբար հանդիպող «անձնուրաց կերպով», «անմնացորդ նվիրումով», «վաստակած հանգստի» եւ այլ արտահայտություններ, որոնք զարդարում են նյութերի վերնագրերը կամ էջերի խորագրերը:

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանային ու քաղաքային մամուլը չի կարող աղերսներ ունենալ ֆրանսիական մամուլի հետ: Նրանց պարագայում դա անկախ, կայացած, պրոֆեսիոնալ մեդիա է, որն իրապես կշիռ ունի թե՛ իր տարածաշրջանի, թե՛ երկրի ընդհանուր զարգացման գործում, ինչն այնքան պակասում է մեր մամուլին:

Սակայն լրագրության հիմքում ընկած է մի բան, որն առանցքային է ողջ աշխարհի մեդիայի համար. ճշմարիտ ու համակողմանի տեղեկատվություն տալ ընթերցողին, ինչը գրեթե բացակայում է մեր քաղաքային ու մարզային մեդիայում:

Ինչպե՞ս կարող է մեր մարզային մամուլը լինել ազատ ու անկախ, եթե առանց քաղաքապետի կամ մարզպետի բարյացկամ վերաբերմունքի այն չի կարող հասնել ընթերցողին։ Թերթերը ստիպված համայնքապետերին են բարեխոսում, որ վերջիններիս միջոցով մի քանի օրինակի վաճառք կամ բաժանորդագրություն կազմակերպվի դպրոցներում եւ մանկապարտեզներում:

Մետաքսե Պետրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *