Գրագետ մեդիա սպառողին ուղղված 10 հուշում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիագրագիտությունը, իհարկե, գիտություն չէ, որը կարելի է համարել մեկընդմիշտ սերտած: Դա ավելի շուտ ընթացք է, ունակությունների ճկուն հավաքածու, որն օգնում է մնալ սրատես ու կարողանալ տարբերակել տեղեկության մատուցման ձևերը բուն տեղեկությունից:

Եվ ինչպես ամեն մարդու ասածին պարտավոր չենք հավատալ, այնպես էլ պարտավոր չենք վստահել ամեն կայքի: Մանավանդ, որ դրանք շատ են և երբեմն ոչ թե լրատվամիջոց են, այլ պարզապես միջոց՝ կոչված ու վճարված շրջանառելու մոլորեցնող, միակողմանի կամ սուտ նյութեր:

Քննադատական մտածողությունը նման է մկանի, որը աշխատում է լուռ, համառ ու օգնում մեզ մաղել տեղեկությունը անգամ ենթագիտակցորեն (եթե մտածում ենք, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, ուրեմն իրոք այն չէ):

Առողջության համար օգտակար է, եթե մկանը կոփում ենք նաև ամենօրյա լրահոս կարդալիս կամ սոցցաներում թափառելիս:

Նախևառաջ հարցնում ենք՝ իսկ ո՞վ է հեղինակը:

1. Որակյալ նյութերը չեն կարող լինել անանուն

Ինչպես ցանկացած ապրանք, մեդիա բովանդակությունն էլ պետք է ունենա հեղինակ: Այսինքն՝ նշված լինի արտադրողի անունը (ոչ կեղծանունը), կայքի ու գլխավոր խմբագրի մասին տեղեկությունը: Լավագույն քայլը՝ այցելել էլ է կայքի «Մեր մասին», «Կապ» կամ նմանատիպ անվանումով բաժինն ու համոզվելը, որ այնտեղ կա հեռախոս, հասցե, որոնք կապահովեն նվազագույն հետադարձ կապ:

Արժե հիշել, որ անանուն են թողնում այն նյութերը, որոք պարունակում են անճշտություններ կամ մանիպուլյատիվ են: Բոլորս էլ գիտենք, որ անանուն ու անստորագիր է սովորաբար զրպարտանքը:

Բացառություն կարող է լինել բռնաճնշումների տակ գործելը, երբ լրատվամիջոցները և լրագրողները անանուն են մնում՝ հետապնդումներից խուսափելու համար: Սակայն դա էքստրեմալ իրավիճակ է, որը հակասում է մեդիայի ազատության դրույթներին:

2. Նյութերի կառուցվածքը պիտի լինի բարեխիղճ

Նյութը կարդալուց հետո ընթերցողին պիտի պարզ լինի, թե ինչը, որտեղ և երբ է կատարվել, որն է սկզբնաղբյուրը, որոնք են շահագրգիռ կողմերը և այլն:

Լրատվամիջոցի հանդեպ վստահությունը ստեղծվում է նաև նրա վստահությամբ լսարանի հանդեպ: Կարելի է ասել, որ գործում է «ես քեզ, դու ինձ» սկզբունքը:

Եվ եթե տեսնում եք, որ նյութը հեղինակած կայքը ձեզ այդքան էլ չի հարգում՝ փորձելով ցույց տալ, որ կա ուշադրությանը արժանի միայն մեկ տեսակետ, ուրեմն դուք էլ կարող եք հանգիստ խղճով չհարգել այդ կայքը:

Կարդալ, տեղեկանալ, բայց իրավունք վերապահել չհամաձայնվելու:

3. Ստուգեք, թե ում խոսքն է մեջբերվում

Որքան քիչ լինեն «մեր տեղեկություններով» կամ «մեր աղբյուրների համաձայն» ձևակերպումները, այնքան լավ: Ի վերջո, հնարավոր է, որ կայքը ձեզ հատուկ է ուզում մոլորեցնել՝ իր ուզած բովանդակությունը տարածելով ու վերագրելով այն բնության մեջ գոյություն չունեցող կամ ոչ կոմպետենտ աղբյուրներին:

Հիշեք, որ տարբեր անանուն փորձագետների, քաղաքագետների ու գիտնականների լուրջ գիտնական ու փորձագետ լինելը հեշտությամբ ստուգվում է: Եվ նույնքան հեշտությամբ էլ հերքվում է մի քանի հավելյալ որոնումներով:

Եթե լուրջ հեղինակություն է իր ոլորտում, ապա անպայման ցանցային հետքով կգտնենք նրա աշխատությունները կամ կարծիքները պրոֆեսիանալ հարթակներում:

Պետք չէ զլանալ ու անել այդ ստուգումը: Եվ պարզել, թե ում է որպես հեղինակություն ու սկզբնաղբյուր ուզում հրամցնել լրատվամիջոցը և ում ձայնն է լսելի դարձնում:

4. Կասկածելի է սենսացիոն վերնագրերի ու էմոցիոնալ ձևակերպումների առատությունը

Դիպուկ ու գրավիչ վերնագրերը լավ խայծ են լսարան որսալու համար:

Բայց երբ նյութերի մեծամասնությունը ստանում է «շտապ», «հույժ գաղնի», «մեծ սկանդալ», «նման բան չեք լսել», «պատրաստվեք պատերազմի» և նման այլ վերնագրային պիտակներ, ուրեմն իրավունք ունենք կասկածելու բոլոր նյութերի անաչառության վրա:

Նույն կասկածները առաջանում են, երբ լրատվամիջոցը վերնագիր է դարձնում որևէ մեկի կարծիքը (կրկին սկանդալային ու ահաբեկող երանգով)՝ ներկայացնելով այն որպես փաստ և առանց չակերտների:

Ասենք, վերնագիր է դարձնում որևէ անհայտ «փորձագետի» կարծիքը, թե հայ ազգը կանգնած է ոչնչացման եզրին, եթե մի քանի մարդ որոշի փոխել իր սեռը, մազերի գույնը, դավանանքը կամ բնակության երկիրը:

5. Լրագրողական աշխատանքն ու ֆեյսբուքյան գրառումը նույնը չեն

Սովորաբար սենսացիոն ու հոգեցունց կարծիքները հայտնվում են լրատվամիջոցում նաև սոցցանցերի ստատուսների տեսքով: Կայքը դրանք պարզապես վերատպում է առանց մեկնաբանելու, վերլուծելու, հավասարակշռելու:

Արդյունքում, մեջբերված խոսքը խիստ կողմնակալ ու անձնավորված լինելով՝ ստանում է հոդվածի կառուցվածք:

Ֆեյսբուքի ստատուսն, իհարկե, կարող է հոդվածի մեկնակետ լինել, բայց չի կարող փոխարինել լրագրողական աշխատանքը: Թեկուզ միայն այն պատճառով, որ ստատուսի հեղինակը պարտավոր չէ ստուգել իր խոսքը ու անգամ՝ խմբագրել այն: Իսկ լրատվամիջոցը պարտավոր է:

6. Զգուշացեք վախեցնող, սարսափեցնող լրահոսից, որը դրդում է անհապաղ գործելու

Տեղական լուրերը կապելը դավադրությունների տեսության, գլոբալ վտանգների հետ այն հնարքներից է, որի նպատակը ձեզ վախեցնելն է:

Վախի վրա կառուցված նյութերը անբարեխիղճ են, բայց լավ վաճառվող:

Եվ եթե չեք ուզում պարզապես ապրանք լինել կայքերի տերերի համար, միշտ կասկածեք, երբ հանդիպում եք հուժկու էմոցիոնալ ուղերձների:

Եթե լրատվամիջոցն իր նյութերի մեծամասնությամբ ուզում է, որ ազդվեք, գրգռվեք ու այլալվեք, ուրեմն այն չի վստահում ձեր դատելու ու վերլուծելու կարողություններին:

Մտքում կարելի է ասել՝ ես ինքս կորոշեմ, թե ինչ անել ստացած ինֆորմացիայի հետ, իսկ դուք ավելի լավ է ինձ տրամադրեք այն ամբողջությամբ ու հնարավոր ճշտությամբ:

7. Որքան բարձրից ես նայում, այնքան շատ բան ես տեսնում

Ֆիզիկայի հայտնի օրենքն ասում է, որ ամեն ինչ հարաբերական է: Այդ օրենքը կիրառելի է մեր կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում լրատվական դաշտում: Եվ որպեսզի հարաբերության տեսությունը օգնի մեզ, այլ ոչ թե խանգարի, լավ է, երբ ունենում ենք իրականության որքան հնարավոր է լայն ու գունավոր պատկեր:

Պատկերավոր ասած՝ պիտի սարի վրա բարձրանաս, որ շատ բան տեսնես:

Վստահելի է այն լրատվամիջոցը, որը ոչ թե նեղացնում է մեր հայացքը, այլ օգնում է այն ընդլայնել՝ թույլ տալով, որ բազմակողմանի տեսարան ստեղծվի: Չորսկողմանի տեսարան:

Ինֆորմացիան արժեքավոր է, երբ այն մատուցվում է՝ ներառելով նաև տարբեր ոլորտների վրա հեռանկարային ազդեցությունը:

Օրինակ, եթե լրատվամիջոցը քննադատություն կամ հետաքննություն է հրապարակում, լավ է, երբ այն արվում է ոչ թե նեղ անձնական փոսից, այլ «սարի» գլխից:

Ի վերջո, լայն բացված աչքերով ավելի շատ ես տեսնում, քան կկոցած հայացքով, փոսից:

8. Բացարձակ օբյեկտիվություն չկա, բայց կա ազնիվ աշխատանք

Ինֆորմացիայի փաթեթավորումը շատ բան է ասում լրատվամիջոցի մասին: Ճիշտ այնպես, ինչպես սննամթերքի փաթեթավորումը, որի վրա գրվում է արտադրողի անունը, հասցեն, բաղադրությունը, պահպանման ու արտադրման ժամկետները:

Ազնիվ լրատվամիջոցը ժամկետանց ինֆորմացիա չի վաճառի, պիտակների վրա սխալ ամսաթիվ չի գրի և առավելևս՝ չի ստի, թե ինչ  պարունակություն ունի իր արտադրանքը:

Եթե լրատվամիջոցը ազնիվ է իր պատվիրատուի ու նպատակների հարցում (օրինակ, ասում է՝ ես միակողմանի եմ, և սա է մեր կողմը), մեզ ավելի հեշտ է ընտրություն կատարել:

Կարդալ-չկարդալ, վստահել-մերժել, անտեսել-բաժանորդագրվել. սա է մեր ընտրությունը: Անցնում ենք լրատվականների ցուցափեղկերով ու ընտրում այն, ինչը առավելագույնս վստահելի է իր փաթեթավորմամբ: Հետո արդեն փորձում ենք բուն ապրանքը: Հետո այդ նույն արտադրողի տարբեր ապրանքները:

Փորձելը, փորփրելը, հետազոտելը, հոտոտելը մեր զենքն է, որն օգնում է զերծ մնալ անբարեխիղճ լրատվամիջոցների և նրանց տերերի լրատվական գրոհ-խոտանից:

9. Որակյալ լրատվամիջոցն ուզում է, որ մենք սպառողից դառնանք համահեղինակ

Մեդիագրագիտությունը պետք է ոչ միայն մեզ՝ սպառողներիս, այլև մեդիա արտադրողներին, եթե իհարկե, նրանք ուզում են զարգանալ ու ընդունել, որ լսարանը ոչ թե պասիվ զանգված է, այլ իրադարձությունների ակտիվ մասնակից:

Լրատվական օրակարգ ստեղծողները և այդ օրակարգը սպառողները համահեղինակներ են:

Սա հեռանկարային ներդրում է լրատվամիջոցի կողմից: Անգամ կարելի է ասել՝ չոր հաշվարկ:

Մենք պետք է հնարավորություն ունենանք ազդել բովանդակության վրա, լրացնել, վերլուծել այն, հարկ եղած դեպքում՝ հերքել ու դիմադրել: Եվ լրատվամիջոցը պետք է դա հաշվի առնի, ինչպես հաշվի է առնում ֆինանսավորողի ֆինանսական շահերը:

Արժե հիշել, որ լրատվամիջոցն առանց լսարանի ոչինչ է, պարզապես տարածք, որտեղ մուտք չեն գործում՝ իմանալով, որ այնտեղ փնթի, անազնիվ, անպետք ու անորակ բովանդակություն է:

10.  Տեղեկությունը մեկնաբանելը նույնքան կարևոր է, որքան այն ստանալը

Ցանկացած բովանդակություն միջնորդավորված է, քանի որ բովանդակության հետևում կա մարդ, հետևաբար՝ առկա են (թեկուզ թաքնված) այդ մարդու շահերը, հույզերը, համակրանքներն ու հակակրանքները:

Լրագրողը ռոբոտ չէ, որ կարողանա ամեն ինչ ստուգել, ճշտել, հավասարակշռել և միայն դրանից հետո՝ հրապարակել: Միշտ կա սխալվելու, ինչ-որ բան բաց թողնելու, չնկատելու հնարավորություն:

Բայց լավ լրագրողը և լրատվամիջոցը հասկանում են, որ սխալները չեն կարող լինել միտումնավոր, դրդված կուսակցական կամ տնտեսական շահերից:

Եվ ամենակարևորը՝ նրանք գիտեն, որ երբեմն հենց մեր մեկնաբանությունն է ամենաարժեքավորը, քանի որ օգնում է նկատել ու շտկել սխալները:

Ի վերջո, մեկնաբանելու, կասկածելու, վերլուծելու, ստուգելու, նոր հարցեր տալու մկանը երկու կողմերն էլ պիտի կոփեն:

Այնպես, ինչպես անում են համահեղինակները:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *